Ijevan Branch of Yerevan State University

Հարցազրույց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության մասին

2017-2018 ուստարվա II կիսամյակում «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ−ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն համագործակցության վերաբերյալ հարցազրույց ունեցանք ԿԲ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության  բաժնի պետ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արթուր Ղալթախչյանի հետ.

-Պարո՛ն Ղալթախչյան, խնդրում եմ` մի քանի խոսքով ներկայացնեք ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության, իր ձևավորած ենթակառուցվածքներով տարածաշրջանի ուսումնական, հասարակական և մշակութային կյանքի վրա ունեցած բարերար ազդեցության մասին:

-2014թ. ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական, Դրամավարկային քաղաքականության և Վիճակագրության վարչությունները տեղափոխվեցին Դիլիջան քաղաքում կառուցված ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոն: Ավելի քան 100 աշխատակիցներ Երևանից Դիլիջան տեղափոխվեցին աշխատելու: Քաղաքը սկսեց ապրել նոր շնչով և նոր ռիթմով: Կենտրոնական բանկի կողմից ստեղծված հարակից ենթակառուցվածքները նպաստեցին ոչ միայն դիլիջանցու, այլև ամբողջ մարզի բնակչության հասանելիությանը այնպիսի կարևոր կրթական կառույցների, ինչպիսիք են «ԱՅԲ» դպրոցը և «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնը: «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում սկսեց գործել գրադարան` հարմարավետ պայմաններով և հարուստ գրադարանային ֆոնդով: Նույն շենքում՝ տեխնիկական բոլոր պարագաններով հագեցված սենյակներում, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցության շրջանակներում սկսեցին դասընթացներ: Համագործակցության շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական ծրագրերից մեկը նույնպես տեղափոխվեց Դիլիջան՝ նոր հնարավորություններ ընձեռելով Տավուշի և հարակից մարզերի երիտասարդությանը: Բնականաբար, հիշյալ հասարակական և կրթական ծրագրերից չէր կարող անմասն մնալ Տավուշի մարզի ամենահեղինակավոր բուհը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

 

-Ե՞րբ և ինչպե՞ս ձեռնարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի միջև համագործակցության առաջին քայլերը:

-Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի և ԵՊՀ ԻՄ-ի միջև համագործակցության քայլերն արվեցին դեռևս 2015 թվականից, երբ մասնաճյուղ հրավիրվեցին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցներ՝ «Մակրոէկոնոմիկա», «Միկրոէկոնոմիկա», «Էկոնոմետրիկա», «Բանկային գործ» և «Պետական ֆինանսական համակարգ» առարկաների դասավանդման նպատակով: ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական, Վիճակագրության և Դրամավարկային քաղաքականության վարչությունների փորձառու և որակավորված մասնագետները, տեսական հարուստ գիտելիքները զուգորդելով պրակտիկ աշխատանքային փորձի հետ, կարողացան հետաքրքիր և բազմաբովանդակ միջավայր ստեղծել լսարանում և արժանանալ ուսանողների ու գործընկերների բարձր գնահատականին:

 

-Պարո՛ն Ղալթախչյան, ի՞նչ ընթացք ունեցավ բուհ-կենտրոն համագործակցության զարգացումը, Ձեր կարծիքով` որո՞նք են գլխավոր ձեռքբերումները, և համագործակցության խորացման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ու հեռանկարներ կան:

-Բուհում Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցների ձեռք բերած բարձր հեղինակությունը խթան հանդիսացավ ուսումնական պրոցեսներում նոր մասնագետների ընդգրկման, ինչպես որպես դասախոս, այնպես էլ կարճաժամկետ դասախոսությունների կազմակերպման, ուսանող-մասնագետ հանդիպումների կազմակերպման համար: Համագործակցության ձեռքբերումներից կարելի է համարել 2017թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված «Իսահակ Իսահակյանի անվան» կրթաթոշակի համար հայտարարված մրցույթում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհու հաղթանակը:

Հարկ է նշել նաև, որ 2017 թվականից համագործակցության շրջանակներում կազմակերպվել են ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ավագ կուրսերի ուսանողների ճանաչողական այցերը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն և նրանց հանդիպումները ՀՀ կենտրոնական բանկի Հետազոտական և Վիճակագրության վարչությունների պետերի հետ:

Կազմակերպվում են նախադիպլոմային պրակտիկաները համապատասխան ստորաբաժանումներում: Իսկ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարության այցը ԵՊՀ ԻՄ և հանդիպումը տնօրենի հետ՝ համագործակցությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու նախապայման հանդիսացավ: Նախատեսվում է ԵՊՀ ԻՄ-ի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության ավելի լայն հնարավորության քննարկում և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

 

-Պարո՛ն Ղալթախչյան, մասնաճյուղի տնօրենության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ – ՀՀ  կենտրոնական բանկ համագործակցության զարգացմանը նպաստելու և այս հարցազրույցին մասնակցելու համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: