Ijevan Branch of Yerevan State University

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված սեղանի թենիսի բաց առաջնությունը

2015թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին:

Առաջնությանը մասնակցում էին 20 մարզիկ-մարզուհիներ` տարբեր ուսումնական հաստատություններից:

Տղաների առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով, աղջիկներինը` շրջանաձև:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը և Նարեկ Ստեփանյանը:

2:0 հաշվով հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:

3-րդ տեղը գրավեց Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Ալիկ Դավթյանը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը, մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը և Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ռիտա Դավթյանը:

1-ին տեղը գրավեց Վարդիթեր Պողոսյանը` 2:1 հաշվով հաղթելով Ռիտա Դավթյանին:

3-րդ տեղը գրավեց Աննա Մանուչարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

«3-ՐԴ ՍԵՐՈՒՆԴ» ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ստանալ աշխատանքային փորձ հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկում:

Ծրագրի նպատակն է ներգրավել երիտասարդների, ինչը հնարավորություն կընձեռնի “աճեցնել” կադրեր` համաձայն Ընկերության կորպորատիվ ստանդարտների, և ստեղծել ամուր հիմքեր ապագա հնարավոր աշխատատեղերի համալրման համար:

Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` վաճառքի, ցանցերի շահագործման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսական և այլն…

Բացահայտեք Ձեր հնարավորությունները, և մենք Ձեզ կվստահենք մեր գլխավոր գաղտնիքը` այն, թե ինչպես է ձևավորվել և գործում մեծ ընկերությունը:

Ովքե՞ր կարող են դիմել:

Բոլոր ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսերի այն ուսանողները և ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները, որոնք`

• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն պատասխանատվության զգացում, ստեղծագործ մտածելակերպ, ճշտապահություն և նպատակասլաց են
• վարժ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև գիտեն անգլերեն
• տիրապետում են համակարգչային գիտելիքներին

Ստաժավորում անցնող յուրաքանչյուր ուսանողին մենք առաջարկում ենք ստաժավորման ծրագրի անհատական պլան և նշանակում ուղղորդող: Ուսանողները կմասնակցեն Ընկերության ընթացիկ նախագծերին, ինչպես նաև ներգրավված կլինեն բիզնեսի համապատասխան ուղղություններով իրականացվող հետաքրքիր պրակտիկ գործընթացներում:

Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի անցնել մշտական աշխատանքի Ընկերությունում:

Ինչպե՞ս դառնալ 2015-2016թթ. ծրագրի մասնակից:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար 2015 – 2016թթ դիմումներն ընդունվում են 2015թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:

Ցանկացողները կարող են լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ ներկայացնել` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցե, կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով`student@beeline.am:

Հեռախոսահամարներ` (+37410) 29 05 41, 29 05 26:

Եթե Ձեր դիմումներն ու ներկայացրած տվյալները հետաքրքրեն, Ընկերության Աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի և կհրավիրի թեստավորման:

Աղբյուրը` beeline.am

«Կանայք, առաջնորդություն և զարգացում». մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում `«Կանայքառաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար: Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայիմագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանում առաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝

  • Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,
  • Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,
  • Գենդեր և սոցիալական քաղաքականություն,
  • Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,
  • Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,
  • Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,
  • Կանայք, առաջնորդություն, կառավարում,
  • Ռազմավարական կառավարում:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղված գործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ 2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ)Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

Մագիստրոսական ծրագրի ուսանողներին հնարավորություն կընձեռվի ունենալու մենթորներ և գիտական ղեկավարներ Արիզոնայի պետական համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից:  Այժմ քննարկման փուլում են ԵՊՀ-ի և ԱՊՀ-ի կողմից համատեղ մշակված առցանց դասընթացներ առաջարկելու և միացյալ կրթական աստիճան ստեղծելու հնարավորությունները, ինչը մագիստրոսական ծրագրի ուսանողներին թույլ կտա ներգրավվել ցանկացած համատեղ առցանց դասընթացում և ստանալ ԱՊՀ-ի հետ միացյալ կրթական աստիճան:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ)գործունեության ընթացքում հայերենով թարգմանվել է կանանց, գենդերային, ինչպես նաև առաջնորդական ուսումնասիրությունների ծավալուն գրականություն: Բացի այդ կենտրոնում հասանելի են կրթական մի շարք ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ապագա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական բարձր պատրաստվածություն: Մագիստրոսական ծրագրի ուսանողները հնրարավորություն կունենան նաև ներգրավվելու Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներին:

Մագիստրոսական ծրագիրը իրականացվում է որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կանանց առաջնորդություն. Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնում» եռամյածրագրի արդյունք:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) իրականացնում է հետազոտական, կրթական լայնածավալ գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց մասնագիտական առաջխաղացմանը: ԵՊՀ ԳՀԱԿ նպատակն է բարձրացնել հայ հասարակությունում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, ուսանողներին ապահովել կանանց և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կատարելագործված դասընթացներով, կազմակերպել կարիերայի զարգացմանը նպաստող սեմինարներ և դասընթացներ, զարգացնել գենդերային հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկումները և որպես հետազոտական կենտրոն՝ ծառայել գենդերային հավասարության ու կանանց առաջնորդության հիմնախնդիրներին վերաբերող հետազոտությունների ու պետական քաղաքականության առաջխաղացմանը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն՝ զանգահարելով 060 710390 կամ գրելով cgls@ysu.am էլ. հասցեին:

Ուսման վարձավճարը 1 տարվա համար կազմում է 450 000 ՀՀ դրամ:

2015-2017 թթ. մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`

Առաջին փուլ` 2015 թ. մայիսի 19-ից հունիսի 4-ը (բակալավրիատի 4-րդ կուրս ավարտած այն ուսանողների համար, ովքեր շարունակում են ուսումը նույն մասնագիտությամբ)

Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 10-ից հունիսի 25-ը (բաց է բոլորի համար)

Երրորդ փուլ` 2015 թ. հուլիսի 3-ից օգոստոսի 25-ը (բաց է բոլորի համար)

Մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են`

Առաջին փուլի դիմորդների ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի հիման վրա: Երկրորդ և երրորդ փուլերի ընդունելությունը ներառում է քննություն և հարցազրույց:

Երկրորդ փուլ` 2015 թ. հունիսի 27-ից հուլիսի 2-ը:

Երրորդ փուլ` 2015 թ. սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 5-ը:

Մագիստրատուրայի ընդունելության և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար դիմել՝

ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, Մագիստրատուրայի բաժին:

Աղբյուրը`  armacad.info

Մարտի 31-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին հրավիրված էին մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսումնական խորհրդատուները:

Քննարկվեցին մասնաճյուղում գիտական խորհրդի նիստ հրավիրելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառումների անցկացման, 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կհրավիրվի Գիտական խորհրդի նիստ` ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնները հաստատելու, անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու, «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի դասավանդման վերաբերյալ օրակարգային հարցերով:

2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության հետ կապված` նշվեց, որ ամփոփված արդյունքների համաձայն` «Լավագույն կուրս» են ճանաչվել «Սերվիս» մասնագիտության երկրորդ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերը:

Կարգապահությամբ աչքի են ընկնում նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ, «Պատմություն» մասնագիտության երկրորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ, «Սերվիս» մասնագիտության երրորդ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ, «Դիզայն» մասնագիտության առաջին կուրսերը:

Որոշվեց`

• 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների հաճախումները գնահատել բավարար:

• Հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների կարգապահության խնդիրների ուղղությամբ կատարել վերլուծական աշխատանք:

• Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևել ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով սահմանված ուսումնական պրոցեսի իրականացման ժամանակացույցների պահպանմանը:

Հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

2015թ. մարտի 30-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ:

Մասնաճյուղում ծրագիրը գործում է 2009 թվականից սկսած:

Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել է թվով 20 նախաձեռնություն, որոնք ներառել են տարբեր ոլորտներ` բնապահպանական, գյուղական, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման, սպորտի և այլն:

Այս նախաձեռնության («Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա») նպատակն էր նպաստել հասարակության շրջանում Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրագործությունների և քաջագործությունների ճանաչողական մակարդակի բարձրացմանը և ազատամարտիկների փորձի փոխանցմանը երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան ոգեկոչող ու հայրենասիրական ելույթներով` երգերով ու բանաստեղծություններով, ազատամարտիկներին ուղղեցին հարցեր, նրանց խնդրեցին պատմել իրենց անցած հերոսական ուղուց և ստացան թանկագին խորհուրդ-խրատներ` հայրենիքն անմնացորդ սիրելու և պաշտպանելու մասին:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` խորապես շնորհակալություն հայտնելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին` իրենց կատարած սխրանքների, հայրենանվեր մեծ գործի համար, նշելով, որ սուրբ պարտականություն է ազատամարտիկներին հիշելը, որն ավելի շատ հենց երիտասարդներին է պետք, որ հայրենասիրության դասեր առնեն, օրինակ վերցնեն նրանցից, որ իրենց հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենան:

Վերջում ազատամարտիկներին հանձնվեցին «Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նրանց մասին տպագրված գրքույկներ, վկայականներ ու փոքրիկ նվերներ: