Ijevan Branch of Yerevan State University

Կիրառական արվեստի ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ժ/պ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ա.Մարգարյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի մյուս անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի կիսամյակային հաշվետվություն (զեկուցող` Ա.Շ.Մարգարյան)

2. 2014-15ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

3. Ցուցահանդեսների կազմակերպման, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղիների քննարկում
(զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

4. Ընթացիկ հարցեր:
(զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

Նախ` ներկայացվեց 2014թ. հուլիսի մեկից մինչև այսօր ֆակուլտետում իրականացված գործընթացների վերաբերյալ հաշտվետվություն` հիմք ընդունելով մասնաճյուղի զարգացման` 2011-2015 թթ. Ռազմավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ արվեստի և արհեստի զարգացումը, տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացումը, գեղեցիկի ստեղծումն ու դիզայներական ժամանակակից մոտեցումների տարածումը պետք է լինեն ոչ միայն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այլև ուսանողների ամենօրյա հիմնական գործը:

Կիրառական արվեստի ֆակուլտետը այս տարվանից ունի երկու մասնագիտություններ` «Կիրառական արվեստ» և «Դիզայն», 72 ուսանող, 68-ը` բակալավրիատում, 4-ը` մագիստրատուրայում:

Նրանցից 16-ը սովորում են պետպատվեր, իսկ 56-ը վճարովի համակարգում: Աշխատակազմը բաղկացած է 19 աշխատակիցներից, որոնցից 15-ը դասավանդողներ են, 10-ը` հիմնական, 5-ը` ժամավճարային հիմունքներով, 4-ը` վարչական և ուսումնաօժանդակ:

Ֆակուլտետում գործում են երկու ամբիոններ (Գծանկարի գունանկարի և քանդակի, Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի) ու գեղարվեստական խորհուրդ:

Այս տարի ֆակուլտետի բոլոր դասախոսները կազմել են առնվազն մեկական առարկայական փաթեթ (պորտֆոլիո):

Ուսումնական տարվա սկզբին ֆակուլտետի հիմնական դասախոսները անցել են վերապատրաստման դասընթացներ` «Մանկավարժություն» և «Դասավանդման ժամանակակից մեթոդներ» թեմաներով:

Դասավանդվող բազմաթիվ դասախոսություններ անց են կացվում նախօրոք պատրաստված ցուցադրությունների ուղեկցությամբ, որը ավելի մատչելի և արդյունավետ է դարձնում ուսուցման պրոցեսը: Մասնագիտական առարկաների համար ամեն տարի իրականացվում են դասավանդման նոր տեխնիկայի ուսումնասիրություններ և մտահղացումներ:

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ֆակուլտետում անց են կացվում բաց դասեր, դասալսումներ, փոխադարձ դասալսումներ` նախապես հաստատված գրաֆիկի համաձայն:

Ընդգծվեց նաև ֆակուլտետի ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությունը, որը հնարավորություն է տալիս վերհանելու թերացումները և դրանք վերացնելու ուղղությամբ փնտրելու ուղիներ:

Ֆակուլտետում գործող ուսանողական ինքնակառավարման մարմինները`ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն, հաճախակի կազմակերպում են գիտահանրամատչելի միջոցառումներ և ինտելեկտուալ խաղեր:

Ֆակուլտետի նյութատեխնիկական բազան անընդհատ համալրվում է, իսկ «Դիզայն» մասնագիտության կրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ստեղծել կամ վերազինել նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ:

Դիմորդների մեծ հոսքի ապահովման նպատակով հոկտեմբեր ամսին ֆակուլտետի մի խումբ աշխատակիցներ այցելել են մարզի հանրակրթական դպրոցներ, հանդիպել բարձր դասարանի աշակերտների հետ, լուսաբանել և ցուցադրել ֆակուլտետում իրականացվող աշխատանքները և հրավիրել մասնակցելու նախապատրաստական կուրսում սովորելու:

Նոյեմբեր ամսին ձևավորվել և տպագրության են ներկայացվել գովազդային բուկլետներ, որտեղ զետեղված են ուսանողների` արվեստի տարբեր ճյուղերի հաջողված աշխատանքներ և տեղեկատվություն կրթօջախի մասին:

Նոյեմբերի 17-ին մասնաճյուղի դահլիճում կազմակերպվել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ գերակշռում էին ուսանողների աշխատանքները:

Հաշվետու կիսամյակի ընթացքում բոլոր կուրսերի ուսանղները դասախոսների ղեկավարությամբ կատարել են պլեներենային աշխատանքներ մարզի տարբեր գեղատեսիլ վայրերում (Հաղարծին, Կողբի եկեղեցի, Նոյեմբերյանի արվեստի դպրոց, Իջևանի քաղաքային զբոսայգի և այլն):

Գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ստուգարքից և քննությունից անմիջապես հետո գնահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների կապակցությամբ նշվեց, որ ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում է 81,9%, անվճար` 100%, վճարովի` 76,9%:

Մագիստրատուրայի երկրորդ կուրսի առաջադիմությունը կազմում է 100% (մեկ գերազանցիկ ուսանող):

Ֆակուլտետում իրականացված բոլոր ստուգարքները և քննությունները վերահսկվել են ինչպես ֆակուլտետի ադմինիստրացիայի, այնպես էլ Ուսումնամեթոդական վարչության կողմից, իսկ մասնագիտական բոլոր քննությունները ֆակուլտետում կազմված հանձնաժողովի կաղմից գնահատվել և քննարկվել են ուսանողների հետ, իսկ համապատասխան բողոք-առաջարկներին արձագանքնել են տեղում:

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում ցուցահանդեսների կազմակերպման ու նրանցում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների մասնակցության աստիճանի բարձրացման ուղիների վերաբերյալ նշվեց, որ երկրորդ կիսամյակում նախատեսված է Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես Իջևանի քաղաքային պատկերասրահում, իսկ ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի հարյուրամյակի տարելիցին նվիրված ցուցահանդես` Իջևանի քաղաքի համանուն հուշակոթողի շրջակայքում:

Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` նշվեց, որ անհատական ծանրաբեռնվածությունների մեջ փոփոխություններ գրեթե չեն կատարվել` բացառությամբ «Նյութերի տեխնոլոգիա-2» և «Նյութերի տեխնոլոգիա-4» առարկաների, որոնց ամբողջ ծանրաբեռնվածությունը կիրականացնի Լ.Ֆլջյանը:

Երկրորդ կիսամյակից այն ուսանողներին, որոնց ներկայացրած էսքիզները («Աշխատանք նյութի վրա» առարկայից) կարժանան ամբիոնի մասնագետների բարձր գնահատականին, կտրամադրվեն փայտանյութ, կավ, ներկեր, հենքաթելեր և այլն:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ա.Ս.Առաքելյանը` առաջարկելով, որ ամբիոններում քննարկվի միջառարկայական կապերի հարցը, հետաքրքիր, կիրառական բնույթի և ավելի բարդ առաջադրանքներ տրվեն ուսանողներին` աշխատանքների որակը բարելավելու նպատակով, բովանդակային առումով ճիշտ դասավանդեն «Նյութերի տեխնոլոգիա» առարկայի բոլոր մոդուլները:

Նիստի վերջում Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Մ.Մելքումյանը առաջարկեց ֆակուլտետի բոլոր ուսանողների և դասախոսների շրջանում հայտարարել «Տավուշի մարզի զինանշանը» թեմայով մրցույթ:

«Բաց դռների օրեր» Բնական գիտությունների ֆակուլտետի դիմորդների համար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը 2015թ. փետրվարի 12-ին և 26-ին, մարտի 12-ին և 26-ին, ապրիլի 9-ին և 23-ին, մայիսի 7-ին և 21-ին, հունիսի 4-ին և 18-ին` ժամը 15:00-ից մինչև 16:00-ն, իրականացնում է «Բաց դռների օրեր» Բնական գիտությունների ֆակուլտետի դիմորդների համար՝ իրենց հետաքրքրող հարցերը պարզաբանելու նպատակով:

ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետ, 2-րդ հարկ,
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն
Հեռախոս` 055 01 12 84 (Ռաֆայել Քամալյան)

«Տավուշի մարզի զինանշանը» թեմայով մրցույթ

Կիրառական արվեստի ֆակուլտետը հայտարարում է «Տավուշի մարզի զինանշանը» թեմայով մրցույթ ֆակուլտետի բոլոր ուսանողների և դասախոսների շրջանում:

Լավագույն էսքիզների հեղինակները կխրախուսվեն:

 

Մեր ուսանողների այցը Պարույր Սևակի տուն-թանգարան

2014թ. հունվարի 24-ին` հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ կազմակերպեցին այցելություն-ուխտագնացություն դեպի Պարույր Սևակի տուն-թանգարան և շիրիմ:

Այցելությունը Պարույր Սևակի տուն-թանգարան շարունակությունն էր այն միջոցառման, որը 2014թ. դեկտեմբերի 4-ին Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բան, գիտ. թեկնածու Նունե Դավթյանը:

Ուսանողներն առաջին անգամ էին լինում Պ.Սևակի տուն-թանգարանում. նրանք բավականին տպավորված էին թանգարանի իրերով, այդ իրերի աշխարհում տեսան մի ամբողջ կյանք` Սևակի կյանքը:

Նրանք լսեցին Պարույր Սևակի կյանքի և ստեղծագործության մասին գրականագետ, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Դավթյանի զեկուցումը` առնչվելով նրա ինքնատիպ կերպարի, գրական և մարդկային ազնիվ նկարագրի հետ:

Գերեզմանաքարի մոտ և տուն-թանգարանում մեր ուսանողները հանդես եկան նաև գրական- երաժշտական կատարումներով:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ.Ալեքսանյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի մյուս անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, գիտքարտուղար Մ.Աթոյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Հումանիտար գիտությունների Ֆակուլտետի դեկանի` 2014թ. գործունեության հաշվետվություն (զեկուցող` Վ.Ալեքսանյան),

2. 2014-2015 ուստարվա առաջին քննաշրջանի ամփոփում (զեկ.` Վ.Ալեքսանյան),

3. 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վիճակը (զեկ.` Վ.Ալեքսանյան):

Մասնավորապես նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում բակալավրիական կրթություն է իրականացվում «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն և մանկավարժություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտություններով:

Ֆակուլտետում առկա են մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներին սպասարկող չորս ամբիոններ` Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Հոգեբանության և մանկավարժության, Օտար լեզուների:

Ներկայումս ֆակուլտետում սովորում է 268 ուսանող, որոնցից 60-ը պետպատվերով, 208-ը՝ վճարովի:

Բուհական համակարգում կատարվող գործընթացները, փոփոխություններն ու նորամուծությունները իրենց արտացոլումն են գտել նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսուցանվող մասնագիտություններում:

Իրականացվում են գործընթացներ, որոնք հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Առաջին հերթին հարկ է նշել ֆակուլտետում գործող բաց, հրապարակային գործելակերպը: Դեկանատի աշխատանքները կազմակերպված են այնպես, որ ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը, լինի մատչելի և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար:

Քննաշրջանի ընթացքում յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին:

Վերահսկման այս համակարգի ներդրումը ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա: Ավելին՝ այն լուրջ լծակ է կոռուպցիոն դրսևորումները կանխելու համար:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և տարին մեկ անգամ իրականացվող փոխատեղման գործընթացները: Հատկանշական է, որ այս գործընթացներում լուրջ մասնակցություն են ունենում ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Ֆակուլտետում ներդրված է ուսանողների հաճախումների համակարգչային ամփոփման ծրագիր, որը հնարավորություն է տալիս ամեն ամիս կանոնավոր ամփոփել ուսանողների հաճախումները և գործող կարգապահական կանոնակարգի համաձայն ձեռնարկել համապատասխան քայլեր (դիտողություն, գրավոր նկատողություն և այլն):

Անառարկելի է, որ ուսանողների կարգապահության, հաճախումների և առաջադիմության միջև գոյություն ունի ուղիղ համեմատական կապ: Գործադրում ենք տարբեր միջոցներ կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ: Կիրառվող մանկավարժական մեթոդների տիրույթը բավականին մեծ է՝ բացատրական աշխատանքից մինչև խիստ նկատողություն:

Այս միջոցների կիրառումը ակնհայտ դրական է անդրադարձել ուսանողների կարգապահության և ակտիվության վրա:

Ֆակուլտետի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և ուսանողների կարգապահությունը բարձրացնելուն ծառայող կարևոր օղակներից է ուսումնական խորհրդատուի ինստիտուտը:

Ֆակուլտետում իրականացվում են Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պահանջները, դրանք ժամանակին ներդրվում են ուսումնական գործընթացում և միտված են կրթության որակի բարձրացմանը:

Հիմնական աշխատողի կարգավիճակ ունեցող դասախոսները տարեցտարի նկատելի, թեև դանդաղ, առաջընթաց են արձանագրում գիտական և հետազոտական գործունեության ասպարեզում: Վկայությունը աճող գիտական հոդվածների և այլ հրապարակումների թիվը, ինչպես նաև գիտական աստիճանների ձեռքբերումն է: Սա նշանակում է, որ ուշադրություն է դարձվում գիտական մակարդակի բարձրացմանը:

Կրթության որակի խնդիրները հասկանալու և լուծելու նպատակով ավելի կանոնավոր են իրականացվում դասալսումներ, կազմակերպվում բաց դասեր:
Ֆակուլտետը պարբերաբար համալրվում է տեխնիկական միջոցներով հագեցած լսարաններով, կաբինետներով, և օրեցօր ավելանում է տեխնիկական միջոցների կիրառմամբ դասերը վարող դասախոսների թիվը:

Ընդգծվեց նաև ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությունը:

Սա բացասականը վերհանելու, վերացնելու, դրականն ու առաջադիմականը խթանելու լուրջ գործիք է:

Մատնանշվեցին ուսումնական գործընթացի որակի վրա ազդող մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ:

Ամբիոնային գործունեություն: 2014թ. վերանայվել են ամբիոնների ծրագրերի կառուցվածքը, դասընթացների բովանդակությունը, ուսումնառության արդյունքների գնահատման չափանիշները:

Ստեղծվել են դասընթացների տարողունակ փաթեթներ՝ պորտֆոլիոներ, որոնք պլանավորված և կանխատեսելի են դարձնում ողջ դասընթացը, նպաստում որակի բարձրացմանը: Սակայն ամբիոնային աշխատանքներում դեռևս կան էական բացեր, մասնավորապես` կանոնավոր գիտաժողովների և գիտական նստաշրջանների կազմակերպման պրակտիկայի բացակայությունը:

Դեռևս ամբիոնային աշխատանքների կազմակերպումը այն մակարդակի վրա չէ, որ յուրաքանչյուր տարի հստակ պլանավորվեն և իրականացվեն տարամասշտաբ գիտաժողովներ, սեմինարներ, ֆորումներ և այլն: Մեզ համար աննպաստ է այն հանգամանքը, որ մեր հիմնական դասախոսները ընդգրկված չեն պետական կամ ոչ պետական գիտական ծրագրերում:

Բավարար չէ մեր ամբիոնների հրատարակած գիտական մենագրությունների թիվը:

– Հայոց Պատմության և հասարակագիտության ամբիոնն ունի 17 աշխատակից, որոնցից 2-ը` գիտությունների դոկտոր, 7-ը` գիտությունների թեկնածու: 2014թ. ընթացքում ամբիոնը հրատարակել է 1 մենագրություն, 1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 5 գիտական հոդված:

Ամբիոնի դասախոսները կազմել են 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակում դասավանդվող դասընթացների 13 պորտֆոլիո: 2014թ. մարտին ամբիոնը կազմակերպել է ամբիոնի վարիչ պ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Նահապետյանի գրքերի շնորհանդեսը:

– Հայոց լեզվի և գրականության ամբիոնն ունի 13 աշխատակից, որոնցից 10-ը` գիտությունների թեկնածու:

Ամբիոնի դասախոսները 2014թ. հրատարակել են 1 մենագրություն, 4 մեթոդական ձեռնարկ, 13 գիտական հոդված:

Կազմել են մասնագիտական դասընթացների 12 պորտֆոլիո:

Հաշվետու ժամանակաշրջանում ամբիոնի դասախոսները նախաձեռնել և իրականացրել են բազմաթիվ գիտաուսումնական միջոցառումներ.

– 2014թ. փետրվար, Հ.Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում (բ.գ.թ. Ա.Սարհատյան):

– 2014թ. մայիս, «Ոսկեդարյան լեզուն հայոց» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում (բ.գ.թ. Լ.Թումանյան):

– 2014թ. մայիս, Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված բանաստեղծուհի Մետաքսեին (բ.գ.թ. Ն.Դավթյան):

– 2014թ. սեպտեմբեր, Հ.Սահյանի 100-ամյակին նվիրված գրական միջոցառում (բ.գ.թ. Խ.Վարդանյան):

– 2014թ. հոկտեմբեր, Սուրբ թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում (բ.գ.թ. Լ.Թումանյան):

– 2014թ. նոյեմբեր, Պ.Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում (բ. գ.թ. Խ.Վարդանյան):

– 2014թ. նոյեմբեր, Հ.Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ (բ.գ.թ. Ա.Սարհատյան):

– 2014թ. դեկտեմբեր, Պ.Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ (բ.գ.թ. Ն.Դավթյան):

2014թ. ապրիլի 25-ին ամբիոնը կազմակերպեց Հայ գիտական բարբառագիտության 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, որին մասնակցեցին մի քանի տասնյակ գիտնականներ:

Ամբիոնի գործերի կազմակերպման հարցում նկատելի է ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանի հետևողականությունը և պատասխանատվությունը:

– Մանկավարժության և հոգեբանության ամբիոնն ունի 13 աշխատակից, որոնցից 7-ը` գիտությունների թեկնածու: 2014թ. հրատարակել են 1 մենագրություն, 2 ուսումնամեթոդական ձեռնարկ, 23 գիտական հոդված, կազմել են 9 պորտֆոլիո:

Ի տարբերություն այլ ամբիոնների` այս ամբիոնը չունի գիտական աստիճան ունեցող տեղացի հիմնական աշխատող դասախոս: Նման կարևոր մասնագիտություն ունենալ և սպասարկող ամբիոնում չունենալ գիտական աստիճան ունեցող հիմնական կադրեր՝ լուրջ թերություն կարելի է համարել:

Ամբիոնի աշխատանքները, սակայն, լավատեսական հույսեր են ներշնչում՝ պայմանավորված ամբիոնի վարիչ Վաչիկ Բրուտյանի նվիրված, ջանադիր և կոմպետենտ աշխատանքով:

Հենց նրա ջանքերով վերջերս նկատելի աշխուժացել են միջմասնագիտական և միջբուհական կապերը: Այս հանգամանքը խթան է հանդիսանում ուսանողների ավելի մոտիվացված լինելու համար և թարմություն է հաղորդում աշխատանքներին:

Ամբիոնի վարիչի նախաձեռնությամբ «Մանկավարժություն և հոգեբանություն» մանագիտության ուսանողները 2014թ. ապրիլին մեկնեցին Գյումրի և մասնակցեցին տեղի մանկավարժական ինստիտուտում կազմակերպված միջբուհական համագործակցության շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:

2014թ. հոկտեմբերին նույն ուսանողները Վանաձորում մասնակցեցին Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված միջբուհական միջոցառմանը: Երկու դեպքում էլ ուսանողները վերադարձել են շնորհակալագրերով:

Օտար լեզուների ամբիոնն ունի 28 աշխատակից, որոնցից 4-ը՝ գիտությունների թեկնածու: Ամբիոնի աշխատակիցները 2014թ. հրատարակել են 3 ուսումնամեթոդական ձեռնարկ, 8 գիտական հոդված, կազմել են 27 պորտֆոլիո:

Չափազանց կարևոր է օտար լեզուների արդյունավետ դասավանդման նշանակությունը բարձրակարգ գիտամանկավարժական կադրեր պատրաստելու գործում: Այսօր օտար լեզուների ուսուցման մեջ առավել զգալի է տեխնիկական միջոցների դերը:

Այդ խնդիրների լուծման համար ներգրավվել են միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ: Ամբիոնին կից գործում է Անգլերենի ուսուցման ռեսուրս կենտրոնը, որը բացվել է Խաղաղության կորպուսի կամավորի ջանքերով: Այն ունի անհրաժեշտ տեխնիկա և գույք:

Ֆրանսիական «AYO» կազմակերպության միջոցով ձևավորվել է Ֆրանսերեն լեզվի լսարան՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և գույքով: Լսարանը նպաստում է ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Այնտեղ իրականացվում են բաց դասեր, կոնֆերանսներ, տարբեր տեսակի միջոցառումներ:

Ամբիոնի դասխոսները կազմակերպել են հետևյալ միջոցառումները.

– 2014թ. ապրիլ, Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում` ֆրանսերեն լեզվով (Մ. Մանուչարյան),

– 2014թ. մայիս, Ռուսաց լեզվին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ (Ս.Եղիազարյան),

– 2014թ. սեպտեմբեր, «Լեզվի իմացության սահմաններն են որոշում մեր աշխարհի սահմանները» խորագրով ցերեկույթ (Շ. Գրիգորյան),

– 2014թ. դեկտեմբեր, Անգլերենի բաց դաս` նվիրված Վ.Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին (Է. Թեմրազյան):

Բուհերում այսօր մեծ դեր է վերապահված ուսանողական ինքնակառավարման մարմիններին, որոնք կոչված են լիարժեք դարձնելու ուսումնառությունը, նպաստելու անհրաժեշտ և խորը գիտելիքների ձեռքբերմանը, ինչպես նաև հարստացնելու ուսանողների առօրյան:

Ֆակուլտետում գործող ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն, հաճախակի կազմակերպում են գիտական միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, նշանավոր մարդկանց նվիրված հոբելյանական միջոցառումներ: 2014թ. նոյեմբերին կազմակերպված մասնաճյուղի ինտելեկտուլ խաղում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության թիմը:

Այս ամենը միտված է ուսանողակենտրոն միջավայրի ձևավորմանը և թելադրված է կրթության որակի բարձրացման նպատակներից:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի աշխատանքները կատարվում են պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ` սերտ համագործակցելով մասնաճյուղի մյուս բոլոր ստորաբաժանումների հետ:
Վերջում ծավալվեց քննարկում, որի ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը պատասխանեցին ներկաների ուղղած հարցերին: