Ijevan Branch of Yerevan State University

Ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 22-ից մայիսի 5-ը Իջևանի քաղաքային պատկերասրահում բացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը` որպես յուրօրինակ հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ և քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը` մասնավորապես նշելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված միջոցառումները, այդ թվում` այս ցուցահանդեսը, սոսկ հիշատակի խորհուրդ չունեն, այլ անպայմանորեն ընդգրկում են ընտրված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը` որպես Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համամարդկային ուղերձ, որ թեև այդ սարսափելի ոճիրից անցել է մեկ դար, սակայն հայ ժողովրդի վերքը չի սպիանում, նման եղեռնագործությունները չեն հնանում, մենք հիշում ենք և պահանջում, որպեսզի մարդկության պատմության մեջ դրանք երբևէ չկրկնվեն:

Ցուցահանդեսն իր բնույթով բազմաժանր է, ընդգրկում է Կիրառական արվեստի ֆակուլտետի 25 ուսանողների և 7 դասախոսների շուրջ 62 ստեղծագործություն:

«Կիրառական արվեստ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները` դասախոս Ա.Ուլիխանյանի ղեկավարությամբ, պատրաստել էին նաև գրական ցերեկույթ` նվիրված եղեռնից մազապուրծ, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

2015թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Միջոցառմանը մասնակցում էին ակտիվ ակումբականները, Իջևանի ավագ դպրոցի խմբապետները, Գետահովիտի զորամասի շնորհաշատ զինվորները:

Այն սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնի աղոթքով:

Միջոցառման ընթացքում հնչեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգեր, հեղինակային բանաստեղծություններ, եղան հայրենասիրական և ոգեկոչող ելույթներ («Դլե՜ յաման», «Ադանայի ողբը», «Կիլիկիա», «100 տարին էլ բոլորեց», «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», «Ապրելու ապրիլ», «Ուր էիր աստված», «Վրեժ», «Գինի լի՛ց» և այլն):

Հիմնավորվեց այն գաղափարը, որ ներկա սերունդը շատ լավ հիշում է թուրքերի կատարած եղեռնագործությունը և պահանջում, որ աշխարհը ճանաչի այն, որ նման ոճիրներն այլևս չկրկնվեն:

Միջոցառման վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի տասը անդամներ ստացան սերժանտական կոչումներ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս

2015թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս, որին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի ռազմական և հոգևոր գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր Վարուժան Կարապետյանը` Հերոսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը` ողջունելով ներկաներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարելով պատմական համառոտ ակնարկ, մեկնելով ընտրված չորս` «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար» և «Վերածնունդ» գաղափարների խորհուրդը, ներկայացնելով քննարկվելիք հարցերը:

Հայոց եղեռնի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար աղոթեց, ոգեկոչման խոսք ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը` մասնավորապես նշելով. «Ոչ միայն հիշում ենք, այլև ոգեկոչում, լինում պահանջատեր: Աստված օրհնի բոլորիս, Աստծո հովանավորչությունն ու համերաշխությունը մեր ընտանիքներին և երկրին»:

Ազդեցիկ ելույթով հանդես եկավ Հերոսը` Վարուժան Կարապետյանը` խոսելով Հայոց ցեղասպանության դաժան հետևանքների մասին, ընդգծելով, որ թուրք եղեռնագործները փորձեցին հայ ժողովրդին ոչ միայն ֆիզիկական ջարդի ենթարկել, այլև սպանել նրա ոգին, որը նրանց չհաջողվեց:

Ընդհանուր գծերով ներկայացրեց 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողության մասին, ապա «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրման և գործունեության մասին` նշելով, որ եղեռնից մազապուրծ, ճղակոտոր, աշխարհասփյուռ հայերի սրտում արյան մեծ կանչն էր, արյան ցավը, նրանց ճակատին` ստրկության, ամոթի, անպատվության սև մուրը, որից ազատվել էին ուզում:

Հերոսը մատաղ սերնդին պատգամեց հոգու և մարմնի բոլոր բջիջներով, անմնացորդ կերպով սիրել ու պաշտպանել հայրենիքը, նրան ծառայելը համարել մեծագույն պատիվ, երբևէ չկորցնել զգոնությունը, պատգամեց, որ առաջին հերթին պահանջենք ինքներս մեզանից, հետո ուրիշներից, որ այլևս երբևէ դատապարտված չլինենք ցեղասպան լինելու…

Այնուհետև «Ցեղասպանության պատճառները և հետևանքները» թեմայով զեկուցում ներկայացրեց պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը` իր դիրքորոշումը տալով սեղմ բանաձևված հիմնադրույթների տեսքով, հետո առանձին-առանձին հիմնավորելով դրանք:

Ապա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը հակիրճ անդրադարձ կատարեց Մ.Գալշոյանի արձակին, որը անմար արձագանքն է եղեռնից մազապուրծ սասունցիների ցավի ու կարոտի. «Հայաթափուր Արևմտյան Հայաստանի բարձրիկ լեռների, նրա Մարութա սարի լանջերին գինաարբ ծաղիկներ են բուրում, բայց ո՞վ է քաղում այդ նուրբ թերթիկներով ծաղիկները, ու՞մ մնացին նրա սարերն ու ձորերը, արտ ու անտառները, երբ հայի աղոթքի վերջին շշունջները մարեցին վանքերի ավերակ խորաններում, և Էրգիրը դարձավ որբ, դարձավ հուշ ու հիշողություն… Հարյուր տարի է անցել, բայց ո՞վ է ասում հարյուր տարի: Եղեռնը երեկ էր, նախորդ օրը, մի շաբաթ առաջ… Եղեռնի ականատեսը, զոհն ու վիշտը կրողը մեր ժողովրդի միայն մի` արևմտյան հատվածը չի եղել: Մեծ ողբերգության ահազարհուր կսկիծն այս և բոլոր հարյուրամյակներում ապրող հայերի բոլոր սերունդներն են ապրելու միշտ…»:

Կոնֆերանսը եզրափակվեց գրական-երաժշտական միջոցառումով, որը կազմակերպել էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սաները:

«Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում

2015թ. ապրիլի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցող «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շնորհալի ուսանողները հանդես եկան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոգեկոչող խոսքերով, բանաստեղծություններով, երգ ու պարով:

Անդրադառնալով 1915թ. ապրիլի 24-ին կատարված ոճրագործությանը` մասնակիցներն ընդգծեցին ապրիլի 24-ի խորհուրդը, երբ ամեն տարի հայ ժողովուրդը գնում է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրա աղոթքը երկինք է հառնում ձեռքերի պես դեպի Բարձրյալը կարկառած քարացած հուշասյան միջոցով:

Նշվեց, որ Հայոց եղեռնի ականատեսը մի սերունդ չի եղել, հայ ժողովրդի միայն մի` արևմտահայ հատվածը չի եղել, եղեռնի ականատեսն այս և բոլոր հարյուրամյակներում ապրող հայերի բոլոր սերունդներն են եղել ու լինելու են միշտ:
Հնչեց կոտորածի սարսափներից խելագարված մեծն Կոմիտասի երգը` որպես թախծամրմունջ, ցավոտ շարական:

«Ղողանջ եղեռնական»-ի վշտամորմոք խոսքերին հաջորդեցին «Դլե՜ յաման», «Ադանայի ողբը» երգերը` ուսանողների կատարմամբ:

«Հայոց դանթեականը», «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմներից համապատասխան հատվածներով, «Ես հայ եմ», «Հայոց ճակատագիրը» և այլ բանաստեղծություններով գծագրվեց մեր ժողովրդի ցավոտ անցյալը, բայց և այդ ցավից հպարտորեն ոտքի կանգնած հայի դիմագիծը («…Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն հայերն ապրե՛լ են, ապրու՛մ են, կապրե՛ն…»):

Հաստատվեց այն գաղափարը, որ հայ ժողովուրդը, որից ուզում էին ընդամենը մի հայ թողնել և այն էլ` թանգարանի համար, այսօր ապրում է և դեպի հավերժը գնում, օրըստօրե շենացնում անկախության իր մայր հանգրվանը` պահանջելով և հավատալով արդարության հաղթանակին:

Եզրափակող խոսքով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին, փաստելով, որ նման միջոցառումներով բարձրաձայնվող փոխհատուցումն անհրաժեշտ է, որ չկրկնվեն այսպիսի ոճիրներն աշխարհում. «Եթե թուրքերին թվում էր, թե կկատարեն ոճիրը, և չի լինի պատիժը, ապա չարաչար սխալվում էին: Մեր տրամադրվածությունը պիտի լինի պայքարի, մարտական տրամադրվածություն, և մեր արդար դատի պահանջով ուշ թե շուտ կլուծվի այս խնդիրը»:

Ներկայացվեցին ուսանողական գիտական զեկուցումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում ներկայացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական գիտական զեկուցումների շարք, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը, գրադարանի աշխատակազմը, դասախոսներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԳԸ-ի նախագահ Ալբերտ Զուրաբյանը և ներկայացրեց Ուսանողական գիտական ընկերության կողմից անցկացվելիք միջոցառումների նախնական ծրագրերը:

Ուսանողներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և կարևորություն տվեց նման միջոցառումների կազմակերպմանը: Նա հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մասնաճյուղում անցկացվող միջոցառումների մասին, ուսանողներին կոչ արեց լիարժեքորեն ընդգրկվել նրանցում:

Հայոց մեծ եղեռնի պատմաիրավական նշանակության և հոգեբանական ու տնտեսական հետևանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները:
«Հայասպանությունը Ադանայում» թեմայով զեկուցում կարդաց «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Թագուհի Այվազյանը:

«Հայ ժողովրդի տնտեսական կորուստները» թեմայով զեկուցում ներկայացրեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նաիրա Թիրաբյանը:

«Ցեղասպանության ճանաչման գործընթացը» թեմայով զեկուցեց «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մանյա Շահինյանը: