Ijevan Branch of Yerevan State University

Տնօրենի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ

2015թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամբիոնների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես կարևորվեցին դասավանդման որակի և արդյունավետության բարձրացման վերաբերյալ խնդիրները:

Տնօրենը մատնանշեց ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի IV ռազմավարական նպատակը («Որակյալ կադրային ներուժ»), որն իրագործելու համար մասնաճյուղն իրականացնում է դասախոսական անձնակազմի բազմաչափ գնահատում` ըստ մասնագիտական պատրաստվածության, մանկավարժական վարպետության, անձային որակների և տարիքային կազմի:

Տնօրենի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ

 

Նշվեց, որ մասնաճյուղն ունի դասախոսական կազմի գործունեության գնահատման ներդրված մեխանիզմներ, որոնք նպաստում են դասախոսական կազմի որակավորման անընդհատ աճին, դասավանդման և հետազոտական աշխատանքների ակտիվությանը, ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանքների կատարմանը:

Հանձնարարվեց, որ ամբիոնների վարիչները հետևողական լինեն դասախոսների անհատական զարգացման պլանների իրականացման գործում, դրանք պարբերաբար քննարկեն ամբիոնների նիստերում, առավել ուշադիր լինեն դասապրոցեսներին, լրացնեն դասախոսների գիտամանկավարժական գործունեության գնահատման վարկանիշային թերթիկները, հետևեն պորտֆոլիոների բովանդակությանը և իրականացմանը, պարբերաբար (հաստատված ժամանակացույցների համաձայն) իրականացնեն դասալսումներ:

Շեշտվեց, որ դասալսումները պետք է միտված լինեն ուսումնառության գործընթացի կատարելագործմանը, դասավանդման որակի բարելավմանը, նպաստեն դասախոսների մանկավարժական վարպետության աճին, միևնույն ժամանակ թույլ տան հետևել դասավանդման մեթոդների համապատասխանությանը կրթական վերջնարդյունքներին:

Ընդգծվեց, որ ամբիոնների վարիչները ուսանողներին փորձեն առավելագույնս ներգրավել գիտական գործունեության մեջ, ուսանողների մասնակցությամբ հաճախակի կազմակերպեն գիտաժողովներ և այլն: