Ijevan Branch of Yerevan State University

Կիրառական արվեստի ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում

2015թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ժ/պ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ա.Մարգարյանը:

Ֆակուլտետի խորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, խորհրդի մյուս անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի կիսամյակային հաշվետվություն (զեկուցող` Ա.Շ.Մարգարյան)

2. 2014-15ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

3. Ցուցահանդեսների կազմակերպման, դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացման ուղիների քննարկում
(զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

4. Ընթացիկ հարցեր:
(զեկ.` Ա.Շ.Մարգարյան)

Նախ` ներկայացվեց 2014թ. հուլիսի մեկից մինչև այսօր ֆակուլտետում իրականացված գործընթացների վերաբերյալ հաշտվետվություն` հիմք ընդունելով մասնաճյուղի զարգացման` 2011-2015 թթ. Ռազմավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ արվեստի և արհեստի զարգացումը, տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացումը, գեղեցիկի ստեղծումն ու դիզայներական ժամանակակից մոտեցումների տարածումը պետք է լինեն ոչ միայն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, այլև ուսանողների ամենօրյա հիմնական գործը:

Կիրառական արվեստի ֆակուլտետը այս տարվանից ունի երկու մասնագիտություններ` «Կիրառական արվեստ» և «Դիզայն», 72 ուսանող, 68-ը` բակալավրիատում, 4-ը` մագիստրատուրայում:

Նրանցից 16-ը սովորում են պետպատվեր, իսկ 56-ը վճարովի համակարգում: Աշխատակազմը բաղկացած է 19 աշխատակիցներից, որոնցից 15-ը դասավանդողներ են, 10-ը` հիմնական, 5-ը` ժամավճարային հիմունքներով, 4-ը` վարչական և ուսումնաօժանդակ:

Ֆակուլտետում գործում են երկու ամբիոններ (Գծանկարի գունանկարի և քանդակի, Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի) ու գեղարվեստական խորհուրդ:

Այս տարի ֆակուլտետի բոլոր դասախոսները կազմել են առնվազն մեկական առարկայական փաթեթ (պորտֆոլիո):

Ուսումնական տարվա սկզբին ֆակուլտետի հիմնական դասախոսները անցել են վերապատրաստման դասընթացներ` «Մանկավարժություն» և «Դասավանդման ժամանակակից մեթոդներ» թեմաներով:

Դասավանդվող բազմաթիվ դասախոսություններ անց են կացվում նախօրոք պատրաստված ցուցադրությունների ուղեկցությամբ, որը ավելի մատչելի և արդյունավետ է դարձնում ուսուցման պրոցեսը: Մասնագիտական առարկաների համար ամեն տարի իրականացվում են դասավանդման նոր տեխնիկայի ուսումնասիրություններ և մտահղացումներ:

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ֆակուլտետում անց են կացվում բաց դասեր, դասալսումներ, փոխադարձ դասալսումներ` նախապես հաստատված գրաֆիկի համաձայն:

Ընդգծվեց նաև ֆակուլտետի ուսանողության շրջանում պարբերաբար իրականացվող հարցումների կարևորությունը, որը հնարավորություն է տալիս վերհանելու թերացումները և դրանք վերացնելու ուղղությամբ փնտրելու ուղիներ:

Ֆակուլտետում գործող ուսանողական ինքնակառավարման մարմինները`ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն, հաճախակի կազմակերպում են գիտահանրամատչելի միջոցառումներ և ինտելեկտուալ խաղեր:

Ֆակուլտետի նյութատեխնիկական բազան անընդհատ համալրվում է, իսկ «Դիզայն» մասնագիտության կրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ստեղծել կամ վերազինել նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ:

Դիմորդների մեծ հոսքի ապահովման նպատակով հոկտեմբեր ամսին ֆակուլտետի մի խումբ աշխատակիցներ այցելել են մարզի հանրակրթական դպրոցներ, հանդիպել բարձր դասարանի աշակերտների հետ, լուսաբանել և ցուցադրել ֆակուլտետում իրականացվող աշխատանքները և հրավիրել մասնակցելու նախապատրաստական կուրսում սովորելու:

Նոյեմբեր ամսին ձևավորվել և տպագրության են ներկայացվել գովազդային բուկլետներ, որտեղ զետեղված են ուսանողների` արվեստի տարբեր ճյուղերի հաջողված աշխատանքներ և տեղեկատվություն կրթօջախի մասին:

Նոյեմբերի 17-ին մասնաճյուղի դահլիճում կազմակերպվել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ գերակշռում էին ուսանողների աշխատանքները:

Հաշվետու կիսամյակի ընթացքում բոլոր կուրսերի ուսանղները դասախոսների ղեկավարությամբ կատարել են պլեներենային աշխատանքներ մարզի տարբեր գեղատեսիլ վայրերում (Հաղարծին, Կողբի եկեղեցի, Նոյեմբերյանի արվեստի դպրոց, Իջևանի քաղաքային զբոսայգի և այլն):

Գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ստուգարքից և քննությունից անմիջապես հետո գնահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների կապակցությամբ նշվեց, որ ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում է 81,9%, անվճար` 100%, վճարովի` 76,9%:

Մագիստրատուրայի երկրորդ կուրսի առաջադիմությունը կազմում է 100% (մեկ գերազանցիկ ուսանող):

Ֆակուլտետում իրականացված բոլոր ստուգարքները և քննությունները վերահսկվել են ինչպես ֆակուլտետի ադմինիստրացիայի, այնպես էլ Ուսումնամեթոդական վարչության կողմից, իսկ մասնագիտական բոլոր քննությունները ֆակուլտետում կազմված հանձնաժողովի կաղմից գնահատվել և քննարկվել են ուսանողների հետ, իսկ համապատասխան բողոք-առաջարկներին արձագանքնել են տեղում:

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում ցուցահանդեսների կազմակերպման ու նրանցում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների մասնակցության աստիճանի բարձրացման ուղիների վերաբերյալ նշվեց, որ երկրորդ կիսամյակում նախատեսված է Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդես Իջևանի քաղաքային պատկերասրահում, իսկ ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի հարյուրամյակի տարելիցին նվիրված ցուցահանդես` Իջևանի քաղաքի համանուն հուշակոթողի շրջակայքում:

Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` նշվեց, որ անհատական ծանրաբեռնվածությունների մեջ փոփոխություններ գրեթե չեն կատարվել` բացառությամբ «Նյութերի տեխնոլոգիա-2» և «Նյութերի տեխնոլոգիա-4» առարկաների, որոնց ամբողջ ծանրաբեռնվածությունը կիրականացնի Լ.Ֆլջյանը:

Երկրորդ կիսամյակից այն ուսանողներին, որոնց ներկայացրած էսքիզները («Աշխատանք նյութի վրա» առարկայից) կարժանան ամբիոնի մասնագետների բարձր գնահատականին, կտրամադրվեն փայտանյութ, կավ, ներկեր, հենքաթելեր և այլն:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ա.Ս.Առաքելյանը` առաջարկելով, որ ամբիոններում քննարկվի միջառարկայական կապերի հարցը, հետաքրքիր, կիրառական բնույթի և ավելի բարդ առաջադրանքներ տրվեն ուսանողներին` աշխատանքների որակը բարելավելու նպատակով, բովանդակային առումով ճիշտ դասավանդեն «Նյութերի տեխնոլոգիա» առարկայի բոլոր մոդուլները:

Նիստի վերջում Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Մ.Մելքումյանը առաջարկեց ֆակուլտետի բոլոր ուսանողների և դասախոսների շրջանում հայտարարել «Տավուշի մարզի զինանշանը» թեմայով մրցույթ: