Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված գրական ցերեկույթ

2015թ. ապրիլի 22-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ եղեռնից մազապուրծ, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված գրական ցերեկույթ, որը կազմակերպվել էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Ա.Ուլիխանյանի կողմից:

Ցերեկույթին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, հյուրեր, մասնակցում էին «Կիրառական արվեստ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Բացման խոսքով հանդես եկավ Ա.Ուլիխանյանը` ընդհանուր գծերով անդրադառնալով Արշիլ Գորկու արվեստին, նրանում արտահայտված հիմնական մոտիվներին, ընդգծելով նրա վաստակը ամերիկյան և առհասարակ համաշխարհային արվեստի մեջ:

Ապա մասնակիցները ներկայացրին Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքն ու անցած ստեղծագործական ուղին, որի վրա ամենախոր ազդեցությունն է ունեցել Հայոց ցեղասպանությունը:

Անդրադարձ կատարվեց Արշիլ Գորկու արվեստի առանձնահատկություններին, վերջինիս ունիվերսալ բնույթին:

Ամերիկայում նրան անվանում էին «Ամենաինտերնացիոնալ նկարիչ», «20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ»: Ոստանիկ Ադոյանի անունը քչերն էին լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ծնվել է 1904թ. ապրիլի 22-ին Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մկտության անունը Մանուկ Ոստանիկ Ադոյան է:

Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում: Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Սակայն, երբ ռուսական բանակը Վանից դուրս է եկել, բոլոր հայերի նման Ոստանիկը ՝ մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ 1915թ. հունիսի 15-ին գաղթում է Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919թ. սովից մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920թ. մեկնում են ԱՄՆ։

1922թ. ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ Երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, փոխում է Մանուկ Ոստանիկ Ադոյան անունը` դառնալով Արշիլ Գորկի:

Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, որին պաշտում էր և, նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավականին նման են:

Ինչու՞ է մարդ փոխում իր անունը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ Արշիլ Գորկու պատմությունը, ավելի ճիշտ` նայել Թուրքիայի պատմության ամենամութ ժամանակաշրջանին:

Մանուկի երկրորդ անունը` Ոստանիկը, մնաց 1915թ. ցեղասպանության ժամանակ ավերված ու թալանված Վանի ավերակների տակ: Մանուկը, ով ցեղասպանությունից հետո փախել էր Երևան, այնուհետև` 1920թ., ԱՄՆ, ինչպես ռուսական ղեկավարության տակ գտնվող Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում «այն հայերից» էր, ում մատնացույց էին անում: Իսկ Բոսթոնում նկարչության մասնավոր դասերի առաջին ուսուցիչը Մանուկին ասել էր, որ հայն ԱՄՆ-ում չի կարող նկարիչ դառնալ:

Մանուկն ակադեմիա ընդունվում է Արշիլ Գորկի անունով, բոլորը նրան ճանաչում էին որպես Ռուսաստանից փախած վրացի, գրող Մաքսիմ Գորկու հեռավոր բարեկամ: Գորկին արվեստի շրջանակ անցել է կեղծ անցյալով:

1924թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1933թ. միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1939թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։

Վերջինս 2 դուստրերի հետ լքում է Գորկուն: 1945թ. նկարիչը տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ 1946թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։

1948թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին` 1948թ. Գորկին ինքնասպան եղավ և հրաժեշտ տվեց կյանքին, Ամերիկային, Հայաստանին, երկրին, որը նա պաշտում էր:

Հայկական պարերն ու երգերը նրա համար միակ խթանն էին, իսկ մայրենի լեզուն օգնում էր մտածել գեղեցիկի մասին: Հատվածներ էր երգում «Անուշ» օպերայից, խնայում էր սննդի փողը, որպեսզի հայ գրողների գրքեր գնի: Գորկին աղքատ կյանք էր վարում, թեև այդ մասին երբեք և ոչ մի տեղ չէր խոսում:

Նրա լավագույն աշխատանքներից են` «Նկարիչն ու մայրը», «Նկարիչն ու նրա երևակայական կինը», «Նատյուրմորտ», «Ինքնանկար», «Պեյզաժ», «Սոչիի պարտեզները», քույրերի` Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի և այլոց դիմանկարները, որոնք ստեղծվել են 20-30-ական թվականներին, ռեալիստական ոճի մեջ:

Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում` շնորհիվ իրենց յուրօրինակության, հին ու նոր արվեստների համադրության:
Գորկու արվեստը Ամերիկայում գլխավորել է մոդեռնիզմը` դառնալով 21-րդ դարի ամենակարևոր արվեստի ուղղություններից մեկը:

Նրա ստեղծագործությունների հետին պլանում ընկած է հարուստ հայկական մշակույթը, որը վերափոխել ու վերակազմել է կորուստ և ցավ ապրած, ցեղասպանությունից մազապուրծ փախածը:

1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»: Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է: Ամերիկայում 30-40-ական թվականներն անվանում են Գորկու շրջան:

Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա: Արվեստում ի հայտ եկավ մի նոր` «Պոստգորկիական» ուղղություն: Շատ քիչ են պահպանվել Արշիլ Գորկու կտավները, քանի որ նկարչի արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով շատերն անհետացել են, և ԱՄՆ-ում Գորկու յուրաքանչյուր նկարը համարվում է ազգային արժեք ու երկրի սահմաններից դուրս չի գալիս: Գորկու նկարները հնարավոր կլինեն Հայաստան տեղափոխել Գորկու քրոջ` Վարդուշի շնորհիվ, ով իր եղբոր նկարները կտակել է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Օտար արվեստաբանները բազում հոդվածներ և գրքեր են գրել Արշիլ Գորկու մասին: Եթե անցյալ դարի 60-90-ական թվականներին հրատարակված ալբոմներում այնքան մեծ տեղ չէր հատկացվում Գորկու հայկական ծագման, մանավանդ 1915թ. Մեծ եղեռնի ականատես լինելուն և դրա հետևանքներին ու ազդեցությանն իր նկարչական հետագա գործունեության վրա, ապա վերջին շրջանի արվեստագետների գնահատականներում այդ հարցը իր պատշաճ արժևորումն է ստանում: