Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

2016թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից 110.000 հայ որբերի փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին (նրա արձանը երկու տասնամյակից ավելի գտնվում է մասնաճյուղի բակում, նախկինում նրա անունով էր կոչվում նույն վայրում գտնվող մանկապարտեզը):

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել են Դանիայի Թագավորության հյուպատոսությունը Հայաստանում, Հայոց ցեղասպանության թանգարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, Դանիական-հայկական բարեգործական առաքելությունը՝ Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եզրափակմանն ընդառաջ:

Այս առիթով Տավուշ էին այցելել  Դանիայի Թագավորության հյուպատոսության ներկայացուցիչներ՝ պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Դանիական-հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանի գլխավորությամբ, պատվավոր հյուրեր, «Իմպրովիզ» քանոնահարների խումբը, աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, լրագրողներ և ուրիշներ:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Նախ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իրականացրեց Իջևան քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Սուրբ նահատակաց խորանի սեղանի օծում և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Մարիա Յակոբսենին:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ապա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում՝ Հայաստանում Մ.Յակոբսենին նվիրված միակ հուշարձանի մոտ (հեղ.՝ Արա Շիրազ)  տեղի ունեցավ միջոցառումը:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը՝ ողջունելով հյուրերին, միջոցառման նախաձեռնողներին ու մասնակիցներին՝ ընդգծելով Մարիա Յակոբսենի մեծությունը, երախտաբար արժևորելով նրա մարդասիրական մեծ առաքելությունը, նշելով, որ նրա փրկած յուրաքանչյուր մանուկ մի երևույթ է, մի ընտանիք, մի օջախ: Պարոն Առաքելյանը խոստացավ, որ մասնաճյուղում սահմանվելու է Մարիա Յակոբսենի անվան կրթաթոշակ այն ուսանողների համար, ովքեր աչքի կընկնեն բարեգթությամբ, բարեսրտությամբ և միջավայրի նկատմամբ բարի ցանկություններով:

Միջոցառման ընթացքում հոգեթով կատարումներով հանդես եկան «Իմպրովիզ» քանոնահարների խմբի աղջիկները:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ելույթ ունեցան պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Օձունի քահանա  Տեր Վրթանես Բաղալյանը: 

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Դանիական-հայկական բարեգործական առաքելության ղեկավար Նանե Խաչատրյանը Մարիա Յակոբսենի վերաբերյալ ներկայացրեց արժեքավոր տեղեկություններ՝ քաղված Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող արխիվային նյութերից: Նա իր ելույթը եզրափակեց Մարիա Յակոբսենի աղոթքների գլխավոր հիշատակությամբ՝ «Տե՛ր Աստված, թո՛ղ այս մանուկները փուչիկի պայթյունից ավելի ուժեղ ձայն չլսեն»:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Դանիայի թագավորության հյուպատոսությունը՝ պատվավոր հյուպատոս պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Մարիա Յակոբսենի գերեզմանից հող էր բերել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որն իբրև սրբազան մասունք կպահպանվի մասնաճյուղում:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Այնուհետև մասնաճյուղի ուսանողական խորհրդի աջակցությամբ գրադարանում տեղի ունեցավ Մարիա Յակոբսենի անձնական իրերի և վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, ներկայացվեց Յակոբսենի կյանքի և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Մասնավորապես նշվեց, որ 1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեև նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։ Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110.000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

«Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Մասնաճյուղում ամբողջ միջոցառումն ուղեկցվում էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների՝ Մարիա Յակոբսենին նվիրված ցուցահանդես-վաճառքով:

Մարիա Յակոբսենին նվիրված միջոցառում մասնաճյուղում

Ամփոփելով միջոցառումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իրականցրեց արձակման կարգ: