Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայագիտական արշավային դասընթաց 2018. Կոտայք և Գեղարքունիք

HGAD-2016

Եթե դուք ուսանող կամ գիտաշխատող եք և ուզում եք այս օգոստոսին մեկուկես շաբաթով համատեղել մի քանի հրաշալի բան՝

  • հայագիտական խտացված դասընթաց, բայց ոչ թե շոգ լսարաններում, այլ Հայաստանի բնության ու մշակույթի չքնաղ վայրերում,
  • արշավներ, դասեր ու քննարկումներ անտառներում, ձորերում զով գետակների ափին,
  • ծանոթություն շուրջ երեք տասնյակ հրաշալի ուսանողների ու գիտաշխատողների հետ,
  • հետաքրքիր բանավեճեր, քննարկումներ, վիկտորինաներ,

Ուրեմն հայագիտական արշավային դասընթացը (ՀԳԱԴ) հենց ձեզ համար է։ 

ՀԳԱԴ-ի հերթական՝ 6-րդ շրջանը կիրականացվի 2018 թ․ օգոստոսին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում և կտևի շուրջ մեկուկես շաբաթ (ամսաթվերը և երթուղին դեռ քննարկման փուլում են): 

Ի՞նչ է ՀԳԱԴ-ը

Հայագիտական արշավային դասընթացը նվիրված է հայոց լեզվի և մշակույթի պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: ՀԳԱԴ-ը նախատեսված է Հայաստանի բուհերի և ինստիտուտների՝ հայագիտական հեռանկարներ ունեցող և բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների ու գիտաշխատողների համար։

ՀԳԱԴ-ի կազմակերպիչը և գիտական ղեկավարը լեզվաբան, բ․գ․թ․ (PhD, Լեյդենի համալսարան), հետդոկտորական հետազոտող (postdoctoral researcher, Վիեննա, Ավստրիայի գիտությունների ակադեմիաՀրաչ Մարտիրոսյանն է։

ՀԳԱԴ-ի դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են հայոց լեզվի պատմության և հնդեվրոպաբանության վերաբերյալ Հ․ Մարտիրոսյանի ավելի քան քսանամյա հետազոտությունները: Գիտարշավների նախորդ շրջանները հաջողությամբ իրականացվել են 2008, 2011, 2014, 2015 և 2016 թվականներին: 2018-ին նշվում է ՀԳԱԴ-ի տասնամյակը։ Ավելի մանրամասն այս արշավային դասընթացների մասին կարող եք կարդալ կցված փաստաթղթում։

Ինչպե՞ս մասնակցել

ՀԳԱԴ-ին կարող են մասնակցել հայագիտական լուրջ հետաքրքրություններ ունեցող բարձր կուրսերի ուսանողներ ու գիտաշխատողներ։ Մասնակցության մտադրության դեպքում անհրաժեշտ է ՀԳԱԴ-ի կազմակերպիչ Հ․ Մարտիրոսյանին նամակ գրել էլ. փոստով (hrch.martirosyan@gmail.com) կամ Ֆեյսբուքով (hrach.martirosyan.58)՝ մի քանի տողով ներկայացնելով ձեր հետաքրքրություններն ու մասնակցության շարժառիթները, և նամակին կցել ձեր CV-ն։

Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են։ Վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Թեկնածությունները հանգամանորեն կքննարկվեն և կընտրվեն մասնակիցները՝ այդ մասին վերջիններին տեղեկացնելով մինչև հունիսի 30-ը։

ՀԳԱԴ-ի մասնակցության հիմնական կանոնները

Հայագիտական արշավային դասընթացներն ունեն մի շարք առանձնահատկություններ և անբեկանելի կանոններ.

  • Մասնակիցները հիմնականում գիշերում են գյուղական տներում, քնում հատակներին՝ քնապարկերում. ոտքով շատ են քայլելու։ 
  • Հեռախոս կարելի է գործածել միայն երեկոյան կարճատև ազատ ժամանակի ընթացքում։ ՀԳԱԴ-ի կարևորագույն նպատակներից են դասախոսությունների ժամանակ առավելագույն կենտրոնացումը և ամբողջ ընթացքում իրական հաղորդակցումը։ Ճամփաներին բնականաբար կարելի է օգտվել հեռախոսից, բայց միա՛յն լուսանկարելու համար։
  • Քնելու հրահանգը իսկապես քնելու հրահանգ է։
  • ՀԳԱԴ-ը կրոնական կամ քաղաքական ուղղվածություն չունի։ Խմբում տիրում են այլոց անձնական կարծիքների նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը։ Քննարկումներում կրոնական, քաղաքական կամ այլ տաբուներ չկան։
  • Ալկոհոլը խստագույնս արգելված է ամբողջ ընթացքում։

Մասնակցության ֆինանսական պայմանները

ՀԳԱԴ-ի բուն դասընթացն անվճար է մասնակիցների համար։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այսպիսի նախաձեռնությունները զգալի հավելյալ ծախսեր են պահանջում (փոխադրամիջոցներ, կացարանի վարձ, սննդի, ջրի ու էներգիայի ծախսեր և այլն)․ ՀԳԱԴ-ի կազմակերպիչը անձնական ֆինանսական ներդրումով ապահովում է այդ ծախսերի զգալի մասը, իսկ մյուս մասն ապահովում են դասընթացի մասնակիցները։ Յուրաքանչյուր մասնակցի վճարի չափը 15-30 հազար դրամի սահմաններում է՝ ըստ մասնակցի ֆինանսական կարողության (այն դեպքում, երբ որևէ մասնակցի համար վճարման նշված չափը կարող է խնդիր առաջացնել, դա առանձին կքննարկվի տվյալ մասնակցի և կազմակերպչի միջև)։

Եթե մասնակիցների ուսումնական կամ գիտական հաստատությունները կարող են իրենց համար օրապահիկների վճարներ տրամադրել, ապա դասընթացի կազմակերպիչն այդ հաստատությունների ղեկավարներին նախապես անհրաժեշտ նամակներ կգրի։ 

Հայագիտական արշավային դասընթացներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել նաև Հ․ Մարտրոսյանի ֆեյսբուքյան էջը։ ՀԳԱԴ-ի նախորդ շրջանների ալբոմներից մի քանիսի հղումները.

Աղբյուրը՝ http://armscoop.com