Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ ամբիոնների համատեղ նիստ

2013թ. ապրիլի 30-ին մասնաճյուղում հրավիրվեց Հայոց լեզվի և գրականության ու Օտար լեզուների ամբիոնների համատեղ նիստ` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսների այցի կապակցությամբ:

Նիստին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ավագյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Մուրադյանը, նույն ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ս.Սրապիոնյանը, Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ա.Աբրահամյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Քննարկվեցին մայր բուհում ու մասնաճյուղում հայոց լեզվի և գրականության ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ մասնաճյուղն ամբողջովին առաջնորդվում է մայր բուհի ուսումնական պլաններով (բացառությամբ սփյուռքահայ գրականության): Շարունակվում է մասնաճյուղը տեղացի որակյալ կադրերով ապահովելու գործընթացը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա.Ավագյանը կարծիք հայտնեց, որ Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ-ի անբաժանելի մասն է: «Մասնաճյուղը կարևորագույն առաքելություն ունի. այն ոչ միայն մանկավարժական կադրերի դարբնոց է, կրթական, մշակութային կենտրոն, այլև գիտական: Գնահատելի է տնօրենի նվիրվածությունը բուհն ավելի ուժեղ դարձնելու գործում»,-հավելեց Ա.Ավագյանը:

Նիստում դիտարկվեց գրավոր ընթացիկ քննությունների անարդյունավետության հարցը: Այդ կապակցությամբ Ս.Առաքելյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղում փոխվել է 2 գրավոր ընթացիկ քննությունների կարգը, դրանցից մեկը փոխարինվել է թեստային համակարգով, մյուսը` բանավոր քննությամբ:

Քննարկվեց նաև այն հարցը, թե կրկնությունից խուսափելու և առարկան լավ յուրացնելու համար որ ուսումնական կիսամյակում է առավել նպատակահարմար ընդգրկել գրականության և լեզվի տեսության առարկաները: