Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում

2014թ. հոկտեմբերի 16-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Թումանյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, երկրորդ և երրորդ կուրսերից:

Մասնակիցները ներկայացրին Աստվածաշնչից, Նարեկացու տաղերից և «Ողբերգության մատյանից» անգիր հատվածներ, որոնք ուղեկցվում էին հետաքրքիր ու պատկերավոր մեկնություններով և տեսանյութերով:

Ուսանողների կողմից ընդգծվեց այն գաղափարը, որ «Նարեկ» կարդացողը չի կարող վատ արարք գործել, և հատկապես մեր ժամանկներում, երբ օր օրի մեծանում է ժողովրդի՝ դեպի աշխարհիկ վայելքներ հակվածությունն ու աղանդավորական շարժումների թիվը, մեր բացարձակ մեծություններին դիմելն ու հատկապես Նարեկացի կարդալու կարիքն առօրեական է, հավերժական ու անհրաժեշտ:

Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու «Սուրբ Թարգմանչաց» տոնը, մայրենիի մեր առաջին ուսուցիչներին ու թարգմանիչներին, որոնք ոսկեդարից ի վեր մեծարվել ու գնահատվել են հայ ժողովրդի կողմից:

Հայ Առաքելական եկեղեցին նրանց դասել է Սրբերի շարքը, նվիրել նրանց տոն, որ համաժողովրդական է ու նշվում է դարեր շարունակ:

Սուրբ թարգմանիչներն իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանն Աստծո մոտ:

Այսօր էլ նրանք շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան: Մեր եկեղեցու հայրերը կարծես խոսում են մեզ հետ: Ս. Սահակը սովորեցնում է մեզ լինել խոնարհ, Ս. Մաշտոցը` չվախենալ և աղոթքով հաղթահարել դժվարությունները, Եզնիկը ուղեցույց է հավատքը պաշտպանելու, Եղիշեն հայրենասիրությամբ է լցնում մեզ, Խորենացին ուսուցանում է հայոց պատմությունը, Շիրակացին առաջնորդում է բնության և տիեզերքի գաղտնիքների մեջ, Գրիգոր Նարեկացին մեր հոգին բարձրացնում է դեպի Աստված, Շնորհալին հայ հավատքի բանաձևն է տալիս և սովորեցնում աստծո փառքը երգել:

Հետաքրքիր և ուսանելի միջոցառման կապակցությամբ վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ամբիոնի դասախոսները` մաղթելով, որ Թարգմանչաց ոգին ու նրանց շնորհները միշտ մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ: