Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանը միացել է «Հորիզոն 2020» գիտական աջակցության եվրոպական ծրագրին

 

Հայաստանը միացել է «Հորիզոն 2020» գիտական աջակցության եվրոպական ծրագրին

Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչներն այսուհետ հնարավորություն կստանան օգտվելու հետազոտությունների և նորարության ֆինասավորման Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրից, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս գործընկեր երկրների համար նախատեսված պայմաններով:

«Հորիզոն 2020» ծրագրին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 19-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության  և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի կողմից: 

Ըստ ՀՀ ԿԳ նախարարի՝ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն 2020»-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը։ «Համաձայնագրի արդյունքները մեր երկրին կընձեռեն մի շարք հնարավորություններ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացման խթանում, հետազոտության և նորարարության ոլորտում ներդրումների մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայկական հետազոտական հաստատություններին, համալսարաններին և անհատ հետազոտողներին «Հորիզոն 2020»-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարողություն»,- փաստաթղթի ստորագրման առիթով նշել է Լևոն Մկրտչյանը:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը ևս, իր հերթին ընդգծել է, որ «Հորիզոն 2020»-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան ստանալու առաջավոր հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում:

Համաձայնագրի շնորհիվ ՀՀ գիտական կազմակերպությունները, բուհերը, ասպիրանտներն ուանհատ հետազոտողները կկարողանան օգտվել «Հորիզոն-2020» ծրագրով ամենատարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին միացած գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

Մասնավորապես, ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս համապատասխան թիրախ խմբերին մասնակցելու գիտության և տեխնիկայի առաջնակարգ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն:

Բացի այդ, հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:  

«Հորիզոն 2020»-ը հետազոտություններին ու նորարարությանը նվիրված խոշորագույն միջազգային ծրագիր է, որի 2014-2020 թվականների համար նախատեսված բյուջեն  կազմում է 77 մլրդ եվրո: Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Ասոցացման ժամանակաշրջանն ընդգրկում է 2016-2020 թվականները։

«Հորիզոն 2020»-ի համաձայնագրի նախապատրաստման հիմքում ընկած են Բոլոնիայի գործընթացը, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթացը, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրերը։ Ներկա համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը  հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով:

«Հորիզոն 2020»-ին նախորդող՝ 2013-2017 թթ․ Յոթերորդ շրջանակային ծրագրով հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են 35 ստորագրված նախագծերում: «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է հինգ նախագծերի մասնակից:

Աղբյուրը՝ armscoop.com