Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավորական ուղերձ՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սարհատյան Աիդա

Սիրելի՛ ուսանողներ

Յուրաքանչյուր մարդ, երբ դառնում է բանական ու գիտակից, մեծանում է  նրա աշխարհաճանաչողությունը, զարգանում մտահորիզոնը, և նա զգում ու հասկանում է, որ իր մտապատկերներում ձևավորվում է մի նվիրական երազանք, ապա այդ երազանքից ճախրանքի թևեր են աճում բարձր թռիչքների համար, ու սկսվում է գիտակցական, նպատակասլաց ուսումնառության ընթացքը…

Առաջին հրապույրի ու առաջին համակրանքի, սիրո առաջին թրթիռների հետ նաև երազանքներ են ձևավորվել ձեր հոգիներում, որոնք ահա ձեզ բերել են այս կրթօջախը, որ հանրապետության բուհերի շարքում ամենահեղինակավորներից մեկն է իր տված մասնագիտական գիտելիքներով, իր պրոֆեսորադասախոսական կազմով, իր բարձր կարգապահությամբ, որ բոլոր հաջողությունների երաշխիքն  է… Ի վերջո, ԵՊՀ-ի այս միակ մասնաճյուղի գոյության շնորհիվ դուք ձեր տանն եք, որ հազար ու մի հոգսերից կթեթևացնի ձեր ընտանիքների հոգսերը…

Ուսումնական  ծրագրերով ծանրաբեռ են եղել ձեր  վերջին տարիները, դուք միասնական քննությունների միջով պատվով եք  անցել,  ու հիմա նստելու եք ուսանողական նստարաններին…

Վստահեցնում եմ ձեզ, ու դուք շուտով կհամոզվեք, որ ոչ մի բուհում ուսանողը այնպիսի հոգածությամբ չի շրջապատվում, որքան այստեղ, բայց և ոչ մի բուհում այնպիսի կարգ ու կանոն չկա, որքան այստեղ: Այստեղ ամեն ինչ արվում է, որ ձեզ տերը զգաք այն ամենի, ինչ ստեղծվել է ձեզ համար` մեր համակարգչային սրահները, մեր գրադարանը, սպորտդահլիճները, լսարանները, ամեն-ամեն ինչ, ստեղծվել է, որ կրթության ու գիտության լույսով իմաստավորվի ձեր ճանապարհը…

Մեր շրջանավարտների հետ դուք ևս պիտի լինեք այն սերունդը, որ իր գիտելիքներով ու հայրենանվեր գործունեությամբ նոր հորիզոններ է բացելու մեր ժողովրդի համար` նպաստելով նրա տնտեսության զարգացման վերելքին, կրթական համակարգի բարեփոխմանը, երկրում խաղաղության վերջնական հաստատմանը: Ու նաև դուք եք պահելու մեր չքնաղ Տավուշ աշխարհի սահմանները, ձեր կրակված հոգիների կայծերից սիրո ու ատելության հրդեհներ պիտի բոցավառվեն, որոնցից թշնամին խուճապի կմատնվի, սահմանները ձեր լինելիությամբ կլինեն անձեռնմխելի,  իսկ հայի ոգին  առավել կհզորանա…

Սովորելու մեջ եղեք նպատակսլաց ու համառ, վարվելակերպով` բարեկիրթ ու հարգալից: Թող ձեզ բնութագրեն որպես  ազգանվեր, սկզբունքային ու  պատվախնդիր քաղաքացիներ՝ հերոսների արյամբ սրբագործված մեր Հայաստան աշխարհի,  որի երթը անկանգ դեպի հավերժություն է գնում…

Բարի երթ ձեզ …                                                                  

 

ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Սարհատյան