Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2022-2023 ուսումնական տարին

1․ Գլխավոր 2022թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2022-23 ուսումնական տարին:

Նոր ուստարում ԵՊՀ ԻՄ-ն իր հարկի տակ դիմավորեց առկա ուսուցման 186 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին: Նա մասնավորապես նշեց, որ Գիտելիքի օրը ոչ միայն պետական, այլև լայն իմաստով ազգային տոն է, որովհետև իր բազմադարյա գոյության ընթացքում հայ ազգի համար գիտությունը, գիտելիքը, գիրքը եղել են պաշտամունքի առարկա, և մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ, գիտության մշակներ իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: Տնօրենը շնորհավորեց բոլորին, բարի գալուստ և մաղթանքներ հղեց առաջին կուրսեցիներին:

Այնուհետև կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Չիբուխչյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Գիտելիքի բանալին ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսյա Շախպարյանը՝ որպես ավագ ընկեր, հանձնեց Անահիտ Չիբուխչյանին:

Տոնական միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2022-2023 ուսումնական տարվա դասերը: