Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան հանդիպումներ արտաքին շահակիցների հետ

IMG_0868-04-12-18-10-46

 2018թ. սեպտեմբեր−նոյեմբեր ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը հանդիպումներ է ունեցել արտաքին շահակիցների հետ:

Հանդիպումների նպատակն էր աջակցել մասնաճյուղի շրջանավարտներին աշխատանքի տեղավորվելու և կարիերայի զարգացման գործում:

Հայաստանյան հասարակական կյանքի ներկա իրողություններում երիտասարդ կադրերի զբաղվածության խնդիրը դարձել է ազգային ու պետական խնդիր: Գործատու­նե­րի աշխարհի հետ բուհի նորովի և արդյունավետ կապի ապա­հո­վումը, կարելի է ասել, դարձել է կրթօ­ջա­խի գոյատևման ու զարգացման նախապայման: Եվ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս արտաքին շահակիցների հետ համագործակցությանը:

Այս համատեքստում ՄԿՈԱ բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը նպատակային և կոնկրետ առաջարկներով հանդիպումներ է ունեցել  Տավուշի մարզի վարչակառավարչական մարմինների, արտադրատնտեսական, բանկային ու վարկային, հասարակական, բարեգործական, զբոսաշրջային կազմակերպությունների և կրթական հաստատությունների  ղեկավարների հետ,  ովքեր տարիների ընթացքում՝ պրակտիկաների ու համատեղ իրականացված տարբեր աշխատանքների ժամանակ, առնչվել են բուհի ուսանողության և շրջանավարտների հետ:

Է.Ղարայանը արտաքին շահակիցներին ներկայացրել է հանդիպումների նպատակը, մատնանշել համագործակցության շրջանակներում մասնաճյուղի կողմից նրանց ներկայացվող առաջարկները, այդ համագործակցությունից արտաքին շահակիցների ձեռքբերումները և մասնաճյուղի ակնկալիքները: Մասնավորապես նշվել է, որ այդ հանդիպումներից մասնաճյուղի ակնկալիքները հիմնականում ուղղված են պրակտիկաների կազմակերպման  գործընթացի բարելավմանը, ուսումնառության նկատմամբ ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը, ապագա կարիերայի ապահովման նկատմամբ վստահության ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ուսանողների ազատ ժամանակի նպատակային տնօրինմանը՝ կազմակերպություններում տարբեր ձևերով պրակտիկ աշխատանքներում ներգրավելու միջոցով:

Բուռն քննարկումներ են տեղի ունեցել այն առաջարկների շուրջ, որոնք Ղարայանը մասնաճյուղի անունից ներկայացրել է արտաքին շահակիցներին: Մասնաճյուղն իր շահակիցներին առաջարկել է համատեղ իրականացնել ինտերնշիփային ծրագրեր (դասընթաց-քննարկումներ՝ նեղ մասնագիտական կողմանորոշման վերաբերյալ, ճանաչողական և գործնական պարապմունքներ՝  աշխատանքային փորձի ձեռքբերման համար, նպատակային պրակտիկաներ շահակցի պլանով և տեղում անցկացվող՝ ուսանողների ձեռք բերած հմտությունների  և կարողությունների բարելավման  համար), թափուր աշխատատեղերի վերաբերյալ նախ իրազեկել մասնաճյուղին, հաճախակի այցելել  մասնաճյուղ՝ նեղ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ շրջանավարտների հետ քննարկումներ իրականացնելու և փորձաշրջանով պրակտիկայի ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:

Արդյունավետ համագործակցության շնորհիվ բուհը գործատուներին կապահովի խելացի, աշխատասեր, նեղ մասնագիտական հմտություններով ու կարողություններով, ճիշտ և արագ կողմնորոշվելու ունակություններով օժտված կադրերով: Մասնաճյուղը համագործակցության շրջանակներում ակնկալում է ուսանողների և շրջանավարտների կամավոր ներգրավում կազմակերպությունների կոնկերտ գործընթացներում:

Համատեղ քննարկումների ընթացքում շահակիցները մատնանշել են մեր շրջանավարտների մի շարք թերություններ, որոնք հիմնականում առնչվում են գործատուների մոտ հարցազրույցներին ոչ ճիշտ  ներկայանալուն,  շփման մեջ կաշկանդված լինելուն, օտար լեզուների իմացության ցածր մակարդակին, ստեղծագործական մտքի և նախաձեռնողականության պակասին և այլն:

Գործատուները կարծում են, որ անհրաժեշտ է ունենալ համագործակցության հուշագիր: Նրանք կատարել են նաև ուշադրության արժանի մի շարք առաջարկներ: Մասնավորապես ավագ և միջանակարգ դպրոցների տնօրեններն առաջարկել են    12-րդ դասարանցիներին պարբերաբար ընդունել համալսարանում և նրանց դարձնել դասընթացների մասնակից: Առաջարկել են շրջանավարտներին գրանցել Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում, որպեսզի նրանք մասնակցեն իրականացվող վերապատրաստումներին: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության տնօրենը նշել է, որ իրենք կարող են  ուղղորդել ուսանողին բազմաֆունկցիոնալ զարգացման գործում, աջակցել ուսանողին կրթության մեջ իր ներդրումն ունենալու համար, օգնել ուսանողին դառնալ մասնագետ իր ընտրած ոլորտում, նրանց մեջ ձևավորել նոր մեթոդներով ու կրեատիվ աշխատելու ունակություններ և այլն: Սերվիսի ոլորտի կազմակերպությունների ղեկավարները կարծում են, որ «Սերվիս» կրթական ծրագրի շրջանավարտները պետք է ունենան հաղորդակցման հմտություններ, լիրաժեք տիրապետեն Տավուշի մարզի տեսարժան վայրերի մասին տեղեկատվությանը, կարողանան հաղորդակցվել նաև անգլերեն լեզվով: Տարբեր կազմակերպություններ առաջարկել են հաճախակի կազմակերպել համատեղ ուսանողական ֆորումներ, գործնական հանդիպում-պարապմունքներ սեփական բիզնես գաղափարների շուրջ: Արտաքին շահակիցներից նաև նշել են,  որ մարզն ունի լրատվության ոլորտի մասնագետների պակաս, և առաջարկել են մասնաճյուղում բացել ժուռնալիստիկայի բաժին: 

Հանդիպումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի արտաքին շահակիցները պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցելու մասնաճյուղի հետ, աջակցելու մեր ուսանողների գործնական հմտությունների ձևավորման, շրջանավարտներին աշխատանքով ապահովելու հարցերում: