Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպումներ

IMG_9588 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը և շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը հանդիպումներ ունեցան ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Յուրաքանչյուր բուհ, բացի գիտելիք տալուց, ունի մեկ այլ առաքելություն՝ դաստիարակել և ձևավորել ընդհանրական կարողություններով ժամանակակից անհատ և ստեղծագործ անձ, ով կարող է անվարան մուտք գործել աշխատաշուկա և դիմակայել նրա արդի մարտահրավերներին: Դրա իրագործման համար պահանջվում է համալսարան-ուսանող, ուսանող-գործատու արդյունավետ փոխհամագործակցություն:

Այդ համագործակցության շրջանակներում մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի կազմակերպած հանդիպումները առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների հետ նպատակ ունեին նրանց աջակցելու ուսումնառությունից հետո աշխատանքի տեղավորման և կարիերայի ապահովման գործում:

Հանդիպումների ընթացքում Մ.Ճաղարյանը և Է.Ղարայանը ուսանողներին ներկայացրել են հանդիպման նպատակը, մատնանշել համագործակցության շրջանակներում մասնաճյուղի կողմից նրանց  ներկայացվող առաջարկները, այդ համագործակցությունից ուսանողների ձեռքբերումները և բաժնի ակնկալիքները:

Մասնավորապես նշվել է, որ մասնաճյուղն ակտիվ համագործակցում է մարզի գործատու կազմակերպությունների հետ և նրանց հետ հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ մասնաճյուղին իրազեկելու մասին: Դա հնարավորություն կտա, ելնելով գործատուի պահանջներից, շրջանավարտների բազայում գտնել համապատասխան մասնագիտությամբ շրջանավարտներ և նրանց ուղղորդել, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավել ավարտական կուրսերի ուսանողների:

Հանդիպումների կազմակերպիչները ներկայացրին շրջանավարտների կարիերայի ապագա զարգացման հետ կապված իրենց պլանները: Նրանք նշեցին, որ մասնաճյուղում գործատուների ներգրավմամբ պարբերաբար կկազմակերպվեն նեղ մասնագիտական դասընթաց-քննարկումներ, ճանաչողական և գործնական պարապմունքներ, կիրականացվեն արտաքին շահակցի պլանով և տեղում անցկացվող նպատակային պրակտիկաներ և այլն: Նման գործընթացները կնպաստեն մասնագիտական կարիերայի նկատմամբ ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը, կապահովեն նրանց ակտիվ մասնակցությունը ապագա մասնագիտական կողմնորոշման պլանավորման և իրականացման գործում, ուսանողները կդառնան աշխատաշուկայի և կոնկրետ գործատուների պահանջների մասին իրազեկված անհատներ, կունենան հարթակ իրենց խնդիրների վերաբերյալ ազատ արտահայտվելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու համար:

Ուսանողներին ներկայացվեցին գործատուների առաջարկները, որոնցում հիմնական շեշտը դրվում էր հարցազրույցներին և մրցույթներին շրջանավարտների ճիշտ ներկայանալու և ազատ շփվելու ունակությունների վրա։ Նշվեց, որ կկազմակերպվեն համապատասխան սեմինարներ:

Հանդիպումների ժամանակ ուսանողներն ակտիվ մասնակցում էին քննարկումներին, տալիս իրենց հուզող հարցերը և վստահեցնում, որ անպայման կհամագործակցեն բաժնի հետ՝ իրենց ապագան պլանավորելու համար: