Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Փոփոխություններ կատարվեցին 2015թ. ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկում

2014թ. սեպտեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, կուրսղեկներ Ա.Սարիբեկյանը, Ք.Օթարյանը, Պ.Ասիլբեկյանը, Դ.Չիբուխչյանը, Ա.Մատինյանը, Շ.Գրիգորյանը, Ա.Ադամյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2015թ. ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկում փոփոխություններ կատարելու, 2014-2015 ուսումնական տարում կուրսղեկների անելիքների մասին հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ «Պատմություն» մասնագիտության ընդունելության քննությունների ցանկում մրցութային են լինելու «Հայ ժողովրդի պատմություն» (գրավոր), «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) առարկաները, իսկ նախորդ տարվա «Ընդհանուր պատմություն» կամ «Օտար լեզու» առարկաները նշվելու են երկու աստղանիշով:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության փոխարեն 2015թ. լինելու է «Հոգեբանություն» մասնագիտությունը, և ընդունելության քննությունների համար մրցութային առարկաներ են համարվելու «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Օտար լեզու» (գրավոր) առարկաները և «Կենսաբանություն» (գրավոր) առարկան` երկու աստղանիշով:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ընդունելության քննություններում մրցութային համարվող «Օտար լեզու» առարկան 2015թ. լինելու է երկու աստղանիշով:

«Սերվիս» մասնագիտության ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» (գրավոր) կամ «Հայ ժողովրդի պատմություն» (գրավոր) մրցութային համարվող առարկաները կլինեն երկու աստղանիշով: Երկու աստղանիշով նախատեսված «Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի հետ համատեղ (կամ-ով) դրվել է «Աշխարհագրություն» (գրավոր) առարկան:

Հեռակա ուսուցման բաժնի 2015թ. ընդունելության քննությունների ցանկում չեն լինի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունները` դիմորդների սակավ լինելու պատճառով:

«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ընդունելության քննությունների ցանկում կատարվել են հետևյալ փոփոխությունները:

Նախատեսված մրցութային «Աշխարհագրություն» (գրավոր) առարկայի հետ համատեղ (կամ-ով) դրվել է «Մաթեմատիկա» (գրավոր) առարկան:

Որոշվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2015թ. ընդունելության մասնա¬գիտությունների քննությունների փոփոխված ցանկը ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի նիստի քննարկմանն ու հաստատմանը:

2014-2015 ուսումնական տարում կուրսղեկների անելիքների մասին հարցի կապակցությամբ հանձնարարվեց մասնաճյուղի կուրսղեկներին ակտիվորեն աշխատել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով ու խնդիրներով, մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա. Մարգարյանին` 10 օրվա ընթացքում ճշգրտել և ներկայացնել հանրակացարանում բնակվելու ցանկություն ունեցող ուսանողների ցուցակը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին հանձնարարվեց մինչև սեպտեմբերի 15-ը տեղեկատվություն ներկայացնել դասախոսների դասընթացի փաթեթների ընթացքի մասին: