Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» թեմայով սեմինար-քննարկում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի Տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Արթուր Ղալթախչյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի համագործակցությամբ:

Այն վարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների մասնագետ Գևորգ Գրիգորյանը:

Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը (ՓԼ/ԱՖ)՝ միջազգային փաստաթղթերը, միջազգային կազմակերպությունները, իրավական համակարգը:

Խոսվեց ֆինանսական հետախուզության մարմինների և ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) կառուցվածքի ու գործառույթների մասին: ՖԴԿ գործառույթների շրջանակում ներկայացվեց, թե որոնք են իրավասու մարմինները, հաշվետու անձինք, ինչպես են իրականացվում վերահսկողությունը և համագործակցությունը վերահսկող մարմինների և օտարերկրյա մարմինների հետ:

Անդրադարձ կատարվեց նաև ՓԼ/ԱՖ տիպային սխեմաներին, կրիպտոակտիվներին և ՓԼ/ԱՖ նոր սպառնալիքներին:

Ներկայացվեց ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը կրիպտոակտիվների հետ կապված գործարքների բարձր ռիսկային լինելու վերաբերյալ: Ընդգծվեց, որ կրիպտոարժույթները զուրկ են ապահովվածությունից և խիստ անկայուն են, վերջիններիս կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ, կրիպտոարժույթներով գործարքները հաճախ կարող են մաս կազմել ՓԼ/ԱՖ սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել:

Նյութն ավարտելուց հետո ներկայացվեցին այնպիսի առցանց աղբյուրներ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի խորը ծանոթանալ այս ոլորտին:

Քննարկման վերջում Գևորգ Գրիգորյանը պատասխանեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ա.Ալեքսանյանի բլից և սեմինարի մասնակիցների այլ հարցերին: