Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով կլոր սեղան-քննարկում  

DSCN5015

 2018թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանի ու Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Գ.Բալասանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ անդամներ, «Պատմություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ։

Բանախոս Գ.Բալասանյանը քննարկման ընթացքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների ոլորտում ՀՀ դերակատարմանը և քաղաքական օրակարգի հիմնախնդիրներին։ Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանային խնդիրների, լարվածության հնարավոր զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի ռազմական ձեռքբերումների վրա։

Կարևորվեց ստատուս-քվոյի  պահպանման և վերանայման նկատմամբ տերությունների և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը՝ կապված հակամարտության լուծման և խաղաղության հաստատման հետ։ Բանախոսի կարծիքով՝ հատկապես վտանգաշատ են Ադրբեջանի զինված ուժերի վերազինման աշխարհագրությունը և օրերս Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության նորագույն միջոցների գնման գործընթացը, որը կարող է որոշակիորեն խախտել զինված ուժերի բալանսը։

Անդրադառնալով ներքին տնտեսական քաղաքականությանը՝ ընդգծվեց, որ պետք է պետությունը անմիջական վերահսկողություն սահմանի տնտեսական իրադրության նկատմամբ, ստեղծի հավասար պայմաններ առողջ մրցակցության համար և արտահանմանը միտված գործիքակազմ կիրառի։

Քննարկման ընթացքում ուսանողներն ու դասախոսներն արտահայտեցին գաղափարներ, որոնք կարող են նպաստել Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը։ Մասնավորապես նշվեց, որ խորհրդային տարիների արտադրական հսկաների գործարկումը կամ տեխնոլոգիական վերաթարմացումը կնպաստի մարզի մարդկային և աշխատանքային ռեսուրսների աճին ու զարգացմանը։

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար կազմակերպելու նմանատիպ հանդիպումներ, որոնց ընթացքում ուսանողները կարող են քննարկել այնպիսի թեմաներ, որոնք կզարգացնեն նրանց ինքնուրույն մտածողությունը և կընդլայնեն նրանց աշխարհընկալումը: