Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ը ընդլայնում է համագործակցությունը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հետ

2018թ. hոկտեմբերի 3-ին համագործակցության ծրագրերի քննարկման և նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի  և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների միջև:

43001583_156255725311205_890570157544439808_n

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը, ՀՀ  ԿԲ-ի  դրամավարկային  և  ֆինանսական    վիճակագրության  բաժնի  պետ Արթուր Ղալթախչյանը, տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետներ Ալիկ Շիրխանյանը և Կարեն Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, արտադրական պրակտիկայի ղեկավար Ա.Ալեքսանյանը, դասախոսներ Մ.Աթաբեկյանը և Հ.Հայրապետյանը:

43000400_699284243783311_7054498554072530944_n

Ա.Նուրբեկյանը ներկայացրեց ուսումնահետազոտական կենտրոնի նպատակները, խնդիրները և ստորաբաժանումները (Դրամավարկային քաղաքականության, Վիճակագրության, Հետազոտությունների  վարչությունները):

Ա.Ցուցուլյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ հանդիպմանը մասնակցող աշխատակիցներին և համագործակցության ծրագրերը, որոնք կարելի է միասին իրականացնել:

Քննարկումների ժամանակ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը  ներկայացրեց ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը և համագործակցության հնարավորությունները:

Գ.Ավետիսյանը մասնավորապես անդրադարձավ կրթական ծրագրերի համատեղ քննարկումների, պրակտիկայի  և ավարտական աշխատանքների փոխկապակցված իրականացմանը, ԿԲ-ում դասապրոցեսների, սեմինարների, ճանաչողական այցերի կազմակերպմանը, մասնաճյուղում  ԿԲ-ի մասնագետների և ուսանողների ու դասախոսների հանդիպումների կազմակերպմանը, ԿԲ-ի համապատասխան բաժնի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների ներգրավմանը, մի շարք այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում  կայացավ  կառուցողական քննարկում, և ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան մասնաճյուղի ուսումնական գործընթացի բարելավման վրա:

Մասնավորապես՝ ԿԲ-ի լավագույն մասնագետները սեմինարների անցկացման նպատակով այց կկատարեն մասնաճյուղ, ըստ նպատակահարմարության բուհին կտրամադրվեն տեղեկություններ ԿԲ-ում իրականացվող սեմինար-քննարկումների մասին: Մեր ուսանողները իրենց հետազոտական աշխատանքներով կարող են հանդես գալ ԿԲ-ում, ԿԲ-ի կողմից իրականացվող հարցազրույցի ընթացքում ընտրված ուսանողներն իրենց  պրակտիկան որպես նախադիպլոմային փուլ կիրականացնեն ԿԲ-ում: Մասնաճյուղի ուսանողները կարող են նաև ճանաչողական այց կատարել ԿԲ-ի թանգարան՝ ներկայացվող ցուցանմուշների միջոցով ծանոթանալու  դրամի պատմությանը:

42805464_319212615548701_5187549022952357888_n

Հանդիպման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներն այցելեցին թանգարան: