Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում է տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Սամվել Առաքելյանին` ծննդյան 55-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ոգու կորով, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ իր ուսումնագիտական և վարչական բազմամյա արդյունավետ աշխատանքում

Սամվել Առաքելյան

Պարո՛ն Առաքելյան, Ձեր և Ձեր ձևավորած անձնակազմի նպատակաուղղված ու նվիրված աշխատանքի շնորհիվ ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն այսօր ունի բարձր հեղինակություն, իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի  շարքում և արձանագրում է նոր հաջողություններ:

Իր հիմնադրումից ի վեր ԵՊՀ ԻՄ-ը նպաստում է  տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին, մատուցում խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, իր կազմակերպած գիտաժողովներում, ինտելեկտուալ խաղերում, բանավեճերում, ցուցահանդեսներում, գրական-գեղարվեստական նախաձեռնությումներում, վերապատրաստման դասընթացներում ընդգրկում ոչ միայն համալսարանականներին, այլև Տավուշի մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային, ռազմական ոլորտների ներկայացուցիչներին, մարզի բնակիչներին:

Մասնաճյուղը հաջողությամբ իրականացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետ, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի պատրաստելու իր առաքելությունը:

Ձեր իսկ խոսքով ասած` յուրաքանչյուր բուհի հարստությունը նրա ուսանողներն են, բուհի իրական գնահատականը` նրա շրջանավարտները: Մենք հպարտ ենք մեր ուսանողներով ու շրջանավարտներով: Ուսումնառության չորս տարիների ընթացքում մեր ուսանողներին գիտելիքների հետ փոխանցվում են ազգային, բարոյական և համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկիրթ վարվեցողություն, դժվարությունները հաղթահարելու կամք ու լավատեսություն, սահմանամերձ գոտու  վաղվա պաշտպանին` թշնամուն  հերոսաբար դիմադրելու զորություն, խաղաղասեր զինվորին` ներողամտություն,  հանդուրժողություն, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, սկզբունքայնություն:  Ըստ այդմ` մեր ավելի քան 4000 շրջանավարտներից շատերն այսօր հաջողությամբ աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային և բուհական համակարգում և այլն:

Ամենայն հարգանքով և երախտագիտությամբ ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեր ծննդյան հոբելյանը` մաղթելով շարունակական վերելքներով լի, երկար տարիների բովանդակալից կյանք: