Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հերթական հանդիպումը հաջողության հասած շրջանավարտի հետ

1. գլխավոր 2022թ. մայիսի 5-ին «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դարձյալ հանդիպման էին հրավիրվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-3 կուրսերի ուսանողները:

Այս անգամ բանախոսը ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Սյուզաննա Պետրոսյանն էր, ով «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության տնօրենն է ու «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողը:

ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների և շրջանավարտների հանդիպումներն արդեն դարձել են հաճելի և օգտակար ավանդույթ:

Միջոցառման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը ուսանողներին ծանոթացրեց Ս.Պետրոսյանի հետ: Բանախոսն անդրադարձավ փոքրիկ քայլերի կարևորությանն իր կյանքում: Նա նշեց, որ այդ քայլերի սկիզբը դրվել է իր ընտանիքում, որտեղ բոլորը միշտ ոգևորում ու աջակցում են միմյանց, և նա, 10 տարեկանից սկսած, կարողացել է զբաղվել կամավորական գործունեությամբ:

Ս.Պետրոսյանը խոսեց ուսանողական տարիներին իր կատարած կամավորական աշխատանքների ու ֆրանսիական մի քանի կազմակերպությունների հետ համագործակցության մասին, որոնք նպաստել են համալսարանում իր ստացած մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Համալսարանում սովորելու տարիներին սկսել է մասնակցել տարբեր դասընթացների ու վերապատրաստումների, և այսօր դրանց թիվն արդեն 100-ից ավել է: Ակադեմիական և այլընտրանքային կրթության շնորհիվ ինքն էլ վարել է մի շարք դասընթացներ և ղեկավարել ծրագրեր: Իհարկե, այդ ամենն իրականացրել է շնորհիվ իր դասախոսների և ղեկավարների, այն մարդկանց, ովքեր կարևոր փոփոխություններ են բերել իր կյանքում՝ նպաստելով իր անձի ու կարիերայի աճին:
Ս.Պետրոսյանն ուսանողներին պատմեց նաև իր ձախողումների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի հաջողությունների ու ձեռքբերումների այս ընթացքը:

Հանդիպման վերջում Է.Թեմրազյանը հույս հայտնեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի և կրթական ծրագրերի ղեկավարների այս նախաձեռնությունը կամրապնդի ուսանող-շրջանավարտ համագործակցությունը, իսկ մեր շրջանավարտների հաջողության պատմությունները ոգևորիչ օրինակ կծառայեն ու կյանքի դաս կլինեն մեր ուսանողների համար: