Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Լույս է տեսել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաչիկյանի «Գյումրի, իմ սեր» գծանկարչական ալբոմը

1. Old Gyumri

 2018-19 ուստարվա վերջում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, արվեստաբան-գծանկարիչ, ՀՀ լրագրողների և ՀՀ նկարիչների միությունների անդամ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի)՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով գրաֆիկական թերթերի հավաքածուն:

Վերջինս պարունակում է այդ հայաշունչ ոստանը պատկերող 24 բացիկ, որոնք հին քաղաքին ուղղված նոր հայացք են:

Հավաքածու-ալբոմին կցված եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) առաջաբանում տրված է հինավուրց այդ բնակավայրի ամփոփ պատմությունը, որն սկսվում է Ք.ա. III հազարամյակից և ձգվում մինչև մեր օրերը: Հավաքածուի առաջաբանում մասնավորապես նշված է, որ Գյումրին քաղաքի կարգավիճակ ստացել է 1837թ., երբ հաստատվել է առաջին հատակագիծը՝ համահունչ ժամանակի քաղաքաշինական սկզբունքներին: XIX դարավերջին արդեն այն Անդրկովկասի երրորդ ամենամեծ առևտրական ու մշակութային կենտրոնն էր՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո: Պարզվում է նաև, որ Գյումրու անշփոթելի դիմագիծը կազմավորել են Կարինից, Կարսից, Մուշից ու Բասենից գաղթած վերաբնակները, ովքեր շարունակելով Արևմտյան Հայաստանի շինարարական հարուստ ավանդույթները՝ կառուցել են մեկը մյուսից տպավորիչ շինություններ, եկեղեցիներ ու փողոցներ: Մյուս կողմից էլ Գյումրին ժառանգորդն է քաղաքամայր Անիի:

Նույն առաջաբանում կարդում ենք. «Արվեստաբան-նկարիչ Լևոն Լաճիկյանն իր գծանկարների միջոցով անթաքույց սեր է փոխանցում առ Գյումրի՝ վերստեղծելով հայրենի քաղաքի պատմամշակութային անկրկնելի միջավայրը և հյուսելով հինավուրց այդ ոստանի նոր դիմապատկերը: Բացիկների այս հավաքածուն նոր հայացք է հին Գյումրուն, որ հավելյալ խոհեր ու վերաբերմունք է առաջացնում, միաժամանակ պարտքի նոր զգացողություն ծնում»:

Սիրով շնորհավորում ենք պարոն Լաչիկյանին և հիշեցնում, որ նա է Երևանի պետական համալսարանի բոլոր գլխավոր մասնաշենքերը պատկերող գծանկարների հեղինակը: Այդ գծանակարներից մեկն էլ զարդարում է ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը, իսկ աշնանը կայանալիք՝ Մայր բուհի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում կթողարկվի հոբելյանական նամականիշ, որի էսքիզի հեղինակը դարձյալ մեր դասախոսն է: