Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր մարտի 8

Մարտի 8-ի նորութ. նկարը

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, ընտանեկան սեր ու ջերմություն, առողջություն, նվիրական իղձերի իրականացում, ամենայն բարիք…

Հայ կնոջ սիրով ու նվիրվածությամբ, իմաստնությամբ ու տոկունությամբ միշտ վառ պահեք հայոց օջախների կրակը, միշտ լինեք սիրված ու գնահատված, գարնան ծաղիկների պես թարմ, քնքուշ ու հմայիչ, տարին բոլոր գարուն սփռեք ձեր շուրջը:

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը  նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ–դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ–ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: