Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին

2018թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների, հոգևոր դասի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին

Քաղաքացիներն ու համալսարանականները շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին

Հուշահամալիրի մոտ հայ ժողովրդին բազմակի տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ու օրհնանքը հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք:

Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին

________________________________________________________________________

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել.  այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:  

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների…