Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան ՄԿՊԿ բաժնի հերթական հանդիպումները Տավուշի մարզի դպրոցներում

20181109_093234

 2018թ. նոյեմբերի 7-ին և 9-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի և Դիլիջանի տարածաշրջանի ավագ և միջնակարգ դպրոցների  աշակերտների հետ:

Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակից Ա.Մանուչարյանը, դպրոցների տնօ­րեն­ները, ուսուցիչները և աշակերտները:

Հանդիպումների նպատակն էր մաս­նագիտական կողմնորոշման աշխա­տանքներ իրակա­նացնել հանրա­կրթա­կան դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթա­կան ծրագ­րերի վերաբերյալ:

Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններն ու ֆա­կուլ­տետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդու­նե­լության պայմաններն ու արտոնութ­յուն­ները:

Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահ­պանություն և բնօգտա­գործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբա­նություն» կրթական ծրագրերին),  քննա­կան առարկաները, ընդունելության քննութ­յուն­ներում կատարված փոփո­խությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները:

Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից:

Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրել են կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:

Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական: