Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ». Վահան Տերյան

l-UZ5Sou5rGA

 Սիրով ձեզ ենք ներկայացնում Վահան Տերյանի ասույթներից.

  1. Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է:
  2. Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է:
  3. Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:
  4. Ինչը որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:
  5. Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ:
  6. Թեթև փառքը հաջողություն է։ Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով:
  7. Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր։ Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ:
  8. Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ։ Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինելհանճարեղ մարդ:
  9. Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը:
  10. Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ:
  11. Չէ՞ որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից:
  12. Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
  13. Եթե սեր չկա, ինչի համար պիտի չարչարվեմ չար աշխարհում:
  14. Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում:
  15. Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են:
  16. Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև… կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը:
  17. Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է:
  18. Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը:
  19. Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է։ Լեզուն ազգի հոգին է:
  20. Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն:
  21. Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է:
  22. Մեր Հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա հիվանդագին մի սեր է, դա մի անհաղթելի մոլություն է. դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը:
  23. Կյանքս ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը: Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը. «Իմ Նաիրի – գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ նաիրյան չքնաղ հոգին է այրվում»: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ:
  24. Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր  Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:
  25. Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին: Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք, որքա՜ն սիրելի ոչ միայն իրենց՝ այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար…