Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ապրել միասին, սովորել միասին» համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացան «Ապրել միասին, սովորել միասին» խորագիրը կրող համամարզային թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը և փակումը:

Ս.թ. մայիսի 10-ից մեկնարկած փառատոնն անցկացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և գործընկերությամբ Տավուշի մարզում իրականացվող «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

Փառատոնը, որին մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի 11 հանրակրթական դպրոցներ, նպատակ ուներ բարձրացնելու համընդհանուր ներառական և որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացման շուրջ հասարակության իրազեկվածության մակարդակը, նպաստելու կրթությանն աջակցող ծառայությունների և ներառականության գաղափարի տարածմանը:

Համամարզային թատերական փառատոնում ընդգրկված էին հայ գրականության ծրագրային ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ:

Ս․թ․ մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի մեծ դահլիճում անցկացված ամփոփիչ միջոցառմանը ներկա էին մասնակից 11 դպրոցների սաները, ուսուցիչներ, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ: Տրվեց չորս ներկայացում (Մ.Գալշոյանի «Մամփրե արքան», Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը», «Քաջ Նազարը», Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» ստեղծագործությունների հիման վրա):

Վերջում բոլոր դպրոցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությանը, միջոցառմանը մասնակցող ուսանողներին, «M Dance Studio»-ին, բոլոր աջակիցներին: