Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում

DSCN6200

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում  վաստակաշատ լրագրող, գրող, հրապարակախոս, բանահավաք և հետազոտող Ռուբեն Սիմոնյանի հետ, ով իր գիտական գործունեության ընթացքում հասցրել է ուսումնասիրել Տավուշի մարզի բնակավայրերի պատմությունը, առանձին գրքեր է հրատարակել տարբեր համայքների մասին, ինչպես նաև զբաղվում է տոհմագրությամբ:

Հանդիպման նպատակն էր «Պատմություն» մասնագիտության ուսանողների հետ անցկացնել «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Դաս-քննարկման ընթացքում Ռ.Սիմոնյանը ներկայացրեց մարզի հայտնի պատմաճարտարապետական հուշարձանների պատմությունը, հատկապես այն հուշարձանները, որոնք ունեն ուսումնասիրության կարիք և հանիրավի դուրս են մնացել հետազոտողների տեսադաշտից. «Փորձենք փոքրիշատե անդրադառնալ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ Կայան բերդի տեղադրության խնդրին, որն այսօր էլ զբաղեցնում է մասնագետների միտքը: Մեր համոզմամբ՝ այդ հուշարձանի տեղի հստակեցումով հնարավոր կլինի ճշտել պատմական այլ իրողություններ, իսկ հետազոտողները կձերբազատվեն հետագա անպտուղ որոնումներից։ Իջևանի լեռնաշղթայից դեպի Ասղստև գետի ձախափնյակ սլաքվող, երկու խոր ձորերի արանքում բարձացող  թերակղզին անտառապատ ու քարքարոտ լեռնաբազուկ է, որը տեղացիներին հայտնի է Էվլիկուտի յալ անունով։ Սակայն նրա ինչ լինելը տեղացիներից շատերին անհայտ է, քանի որ ամբողջովին քարակարկառներով ծածկված լինելու հանգամանքով հետաքրքրություն չի ներկայացնում: Երկու կատարների եզրերով ձգվում է քարակուռ բերդապարիսպը, որը որոշ հատվածներում պահպանվել է 2.5-3 մետր բարձրությամբ, իսկ ուղղաձիգ քարափներին հանդիպելիս ընդհատվում է, քանզի դրանց մոտենալը պարզապես անհնարին է եղել հարձակվողների համար և տարածքի ընդարձակությունը հնարավորություն է տվել այդտեղ տեղավորելու գավառի ամբողջ բնակչությանը»:

Բանախոսը ներկայացրեց նաև Տավուշի մարզի մնացած հուշարձանները, դրանց տեղադրությունը և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Սիմոնյանին, ցանկություն արտահայտեց հետագայում ևս կազմակերպել հանդիպումներ և այցեր հուշարձաններ, ինչպես նաև իրականացնել Ռուբեն Սիմոնյանի նորահրատարակ «Իջևան» գրքի քննարկումը: