Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամփոփվեց համալսարանականների մասնակցությամբ ընթացող «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարը

Աղ 6 2018թ. նոյեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի երկրորդ փուլը, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Հրանտ Ղարագյոզյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Դասընթացաշարն իրականացվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում էին 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Այս անգամ մասնակիցները ստացան գիտելիքներ անձնական աճի և զարգացման կարևորության, սեփական կյանքի պլանավորման և նախաձեռնողականության, սովորելու ձևերի, քննական մտածողության, ստեղծարարության և նորարարության վերաբերյալ:

Դասընթացը վարեցին Զարուհի Լավչյանը և Արեգ Թադևոսյանը, կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Միլենա Նահապետյանը:

Առաջին օրը տեղի ունեցավ նախորդ դասընթացի արդյունքների ամփոփում, մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները և սովորածը կիրառելու հմտությունները, այնուհետև լրացրեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման հարցաշարը: Մասնակիցները նաև կատարեցին առաջադրանք և 40 րոպեում սովորեցին նոր հմտություն (նկարել, ստեղծագործել, սովորել բառեր անծանոթ լեզվով, աճպարարական հնարքներ կատարել և այլն):

Երկրորդ օրը տարբեր վարժությունների միջոցով մասնակիցները հիշեցին մանկության երազանքները, վերլուծեցին իրենց բազային կարիքները, դրանք դասակարգեցին ըստ առաջնահերթությունների, մտածեցին դրանց բավարարման մի քանի այլընտրանքներ: Սեմինարավարները ներկայացրին երիտասարդական ծրագրերի մասնակցելու և իրականացնելու վերաբերյալ համացանցային ռեսուրսներ և հարթակներ:

Երրորդ օրը նվիրված էր քննական մտածողությանը և ստեղծարարությանը: Մասնակիցները սովորեցին, որ ինֆորմացիան վերլուծելիս պետք է տալ ճիշտ հարցեր, փաստերը առանձնացնել ենթադրություններից: Ներկայացվեցին ստեղծարարության վրա ազդող գործոնները, ստեղծարար մարդկանց բնորոշ հատկանիշները: Մասնակիցները կատարեցին առաջադրանք հասարակ իրը օգտագործելու հնարավորինս շատ տարբերակներ մտածելու վերաբերյալ:

Դասընթացն անցավ քննարկումների, հետարքիր վարժությունների և ակտիվ ժամանցի մթնոլորտում:

Վերջում դասընթացի երկու փուլերին մասնակցած երիտասարդները ստացան վկայականներ:

Առաջիկայում նրանց մի մասը հնարավորություն կունենա վճարվող պրակտիկա անցնել մի շարք կազմակերպություններում: