Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Թագվոր Մանթաշյանի հետ

    8. Թագվոր Մանթաշյան

2019թ. ապրիլի 16-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Թագվոր Արայիկի Մանթաշյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1987 թվականին Իջևան քաղաքում:  

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ծնողներս մասնագիտությամբ ճարտարագետներն են, հայրս՝ էլեկտրաարդյունաբերության, մայրս՝ սննդի արդյունաբերության ոլորտներում: Եղբայրս՝ Վաղինակ Մանթաշյանը, ավարտել է ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության բակալավրիատը, այժմ աշխատում է որպես ճարտարագետ:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Նախադպրոցական տարիքում երազում էի դառնալ կռունկավար, ավելի ուշ՝ օդաչու:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Ավարտել եմ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: 2010 թ.-ին ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը իմ գիտելիքների և հմտությունների հիմքն է: Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը տվեց մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և ռացիոնալ մտածողություն:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Աշխատանքային փորձս սկսվել է «Արարատբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ նախ որպես վարկային մասնագետ, ապա կառավարչի տեղակալ և այժմ որպես կառավարիչ: 

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Հանս Վերներ Ռիխտերի «Մի սպանաներ» վեպն է, որը ես կարդացի զինվորական ծառայության ժամանակ: 

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Եթե չնշեմ մասնագիտական գրականությունը, ապա Բուկեր Վաշինգտոնի “Up from Slavery” գիրքն է:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Երաժշտության նախընտրելի ոճ չունեմ: Սիրելի երգերի ցանկը բազմազան է: Կառանձնացնեմ ուկրաինական և լեհական ժողովրդական երգերը, որոնք վերջին շրջանում սկսել եմ լսել մեծ հաճույքով:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

ԽՍՀՄ ֆիլմերից կառանձնացնեմ «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, իսկ ժամանակակից ֆիլմերից՝ «Իններորդ վաշտ», «Փախուստ Շոուշենկից», «Հրով և սրով» ֆիլմերը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Նախընտրում եմ ֆուտբոլ:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում՝ Լաստիվերը, Դադիվանքը, Տաք ջուրը՝ Իստիսուն (Արցախն էլ է Հայաստան): Արտերկրում շատ չեմ եղել: Այցելածս վայրերից կնշեմ Մցխեթան, Մոսկվան, Տուապսեն: Կցանկանայի տեսնել Հռոմը, Յելոուսթոուն պարկը:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Ազնվությունը, հայրենասիրությունը, պարկեշտությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Կարգախոսներով չեմ առաջնորդվում:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեք չես իմանա, թե որ իրավիճակում ինչպես կվարվես:

Ինչի՞ց եք վախենում:

– Վախերի մասին չեմ մտածել:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Չեմ ափսոսում:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Խնդրին բազմակողմանի և խորը նայելը, փորձն ու նախադեպը, ռիսկերի ճիշտ գնահատումը:  

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս, հարազատներս և ընկերներս:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնակրթությամբ զբաղվելը, դժվարություններից չվախենալը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Խորհուրդներ շատ եմ ստացել: Դժվարանում եմ առանձնացնել մեկը: Յուրաքանչյուրից մի օգտակար բան եմ քաղել:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Երիտասարդներին՝ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ օգտագործել ամեն մի պահ՝ նոր բան սովորելու համար, դասապրոցեսից քաղել առավելագույնը: Սրընթաց փոխվող աշխարհում գիտելիքն ու ինֆորմացիան առաջնային են, ուստի անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել: Սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք սխալվել, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:   

Շատ շնորհակալ ենք հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: