Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա սպայական դասընթացներ 2021թ. համար

1. հայտ. նկար

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կազմակերպում է մեկամյա սպայական դասընթացներ:

 

Դասընթացներին կարող են մասնակցել բուհում ուսանող՝ պարտադիր զինվորական ծառայության 2021թ. ամառային զորակոչին ենթակա, ինչպես նաև ավարտական կուրսի իգական սեռի քաղաքացիները:  

 

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ կրթական ծրագրերով.

 

  1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝

մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

հրետանային ստորաբաժանումների կառավարում:

 

  1. ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝

– Ռազմական կապի տեխնիկա,

– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ,

– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ,

– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ:

 

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած՝ 2021թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ, իսկ իգական սեռի քաղաքացիները՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ:

 

Զորակոչիկները 2021թ. ամառային զորակոչի ընթացքում սահմանված կարգով կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով կներկայացվեն հանրապետական հավաքակայան: Առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում համապատասխան մասնագետները հարցազրույցի միջոցով կստուգեն նրանց մասնագիտական գիտելիքները: Դրական որոշման դեպքում նրանք կուղարկվեն վերոնշյալ՝ համապատասխան Համալսարաններ:

 

Իգական սեռի քաղաքացիները մինչև 2021թ. հուլիսի 25-ը պետք է ներկայանան համապատասխան ՌՈՒՀ-եր՝ բժշկական հետազոտություն անցնելու, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով հարցազրույցի մասնակցելու համար:  Դրական որոշման դեպքում, իրենց դիմումի համաձայն, նրանք կընդունվեն պայմանագրային զինվորական ծառայության՝ կնքելով «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր: 

 

Համալսարաններում զորակոչիկների և իգական սեռի քաղաքացիների հետ կանցկացվի «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո կկայանա զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց հետ կկնքվի «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» պայմանագիր:

 

Դասընթացներին մասնակցելու ժամանակահատվածում նրանք համարվելու են համալսարանների կուրսանտներ (Զինծառայող):  

 

Իր զեկուցագրի համաձայն՝ ուսումնառությունից հրաժարվելու, կա՛մ անբավարար առաջադիմության, կա՛մ անկարգապահության պատճառով դասընթացից հեռացվելու դեպքում դասընթացում ուսումնառության ժամանակահատվածը չի հաշվարկվում  Զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և վերջիններս՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, սահմանված կարգով ուղարկվում են շարունակելու հետագա պարտադիր զինվորական ծառայությունը:

 

Դասընթացն ավարտելուց հետո Պաշտպանության նախարարության հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքելուց կամ հետուսումնական երկու տարվա ընթացքում իր զեկուցագրի համաձայն պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքերում ևս դասընթացին մասնակցության և պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում Զինծառայողների՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:

 

Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում Զինծառայողները կօգտվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական բոլոր արտոնություններից և դրամական բավարարումներից:

 

Ուսումնառությունն ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոններում՝ երկու տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար:

 

Վիճակահանության ընթացքում արտոնություն կտրվի բուհը և ռուհը գերազանցությամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  010-29-45-84,  094-19-90-60,  098-77-18-03: