Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները՝ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողովում

DSCF8163 2019թ. հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողով, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ իր 10-ամյակի միջոցառումների շրջանակում:

Համաժողովի (աշխատաժողովի) նպատակն էր քննարկման առարկա դարձնել արժանահավատ  որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը,  շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։ 

Աշխատաժողովին մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ, կրթության որակի ապահովման մասնագետներ, կարիերայի կենտրոնների աշխատակիցներ, կրթության կառավարիչներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից աշխատաժողովին մասնակցում էին երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի աշխատակիցները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության ներկայացուցիչներ:

Նախ՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ վստահեցնելով, որ քննարկվող խնդիրներն ունեն լուծումներ, որոնք ի վերջո կապահովեն դրական արդյունք։

Կարևորելով  ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ բարձրագույն կրթության հանրայնացման հետևանքով երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։  Նրա խոսքով՝ աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել։

Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձ, եղան թեմատիկ հարցեր ու քննարկումներ։

Անդրադառնալով շնորհած որակավորումների արժանահավատությանը՝ Ռ.Թոփչյանը նշեց, որ բուհում ուսանողն  ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն՝ նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցնի աշխատաշուկայի պահանջներին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայումս իրավիճակն այլ է. գործատուն բուհերից ակնկալում է  շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։ «Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- նշեց պարոն Թոփչյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  որակավորումների արժանահավատության խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում՝ աջակցելով բուհերի որակի ներքին ապահովման կենտրոններին խնդիրը բարձրաձայնել,  հասցնել մինչև կառավարման խորհուրդներ և խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։

Կրթական գործընթացի արդյունավետության բաղադրիչներից է  նաև դասախոսի և  ուսանողի մոտիվացիան։ Շահակիցների մասնակցությամբ քննարկման շնորհիվ  պարզ դարձավ, որ դասախոսի համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։  Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ բուհերը պետք է խրախուսեն դասախոսներին, որոնք հետազոտում են հենց ուսուցման և ուսումնառության  հետ կապված խնդիրները, փորձում դրանց համար լուծում գտնել։ Հետազոտող դասախոսը ոչ միայն իր ներդրումը կունենա կրթական խնդիրների լուծման ուղիների մշակման գործում, այլև  ճանաչում ձեռք կբերի, ինչը լրացուցիչ մոտիվացիա կապահովի։

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՈԱԱԿ տնօրենը  նշեց, որ այն ծառայել է իր նպատակներին. տեղի ունեցավ բաց քննարկում, բարձրաձայնվեցին սուր հարցեր, արտահայտվեցին տարբեր մոտեցումներ։ Նման քննարկումներն էլ բերում են որոշակի լուծումների և որակի ապահովման։

ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն և  կամփոփվեն հոկտեմբերին Երևանում կայանալիք՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով:

Համաժողովի օրակարգը տե՛ս այստեղ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում։