Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ…

Տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, օր, որ ինչպես միշտ, լի է ապագայի հանդեպ ձեր վառ երազներով, ստացած գիտելիքները ժողովրդին ու հայրենիքին ծառայեցնելու անսահման պատրաստակամությամբ, լուսավոր վաղվա հանդեպ աներկբա հույսով ու հավատով:

Դուք մեծ հոգածությամբ պաշտպանված եք մեր անկախ հանրապետության մեջ, որը գնահատում ու հավատում է ձեզ, ձեր ուժին, անկեղծ հայրենասերի ձեր անընկճելի ոգուն, որ դուք գործով եք ապացուցում միշտ:

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողի  օրվա առթիվ, մաղթում մեծ հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում: Ուսանողական այս անզուգական, երբեք չկրկնվող տարիները թո՛ղ դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ:  Դուք լավ գիտեք ու երբեք չմոռանաք, որ ուսանողասեր ու ուսանողամետ մեր հաստատության մեջ ինձ համար դուք ամենասիրելին ու ամենապաշտպանվածն եք և ամեն ինչ արվել ու արվում է այստեղ, որ լիարժեք պայմաններում անցկացնեք ձեր ուսումնառությունը,  որ վաղը դառնաք այն բանիմաց ու պահանջված մասնագետը, որ բարձր կպահի մեր բուհի անունն ու հեղինակությունը:

Մաղթում եմ, որ դուք չիրականացած երազանքներ չունենաք, այլ ունենաք դժվարություններ հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Նա, ով վաղը զինվոր է դառնալու, ծառայի մարտական ոգով ու փառքով տուն դառնա, ով ուզում է ուսումը շարունակել, հաջողություններ նրան գիտության ճանապարհներին և ամենուր.  չէ՞ որ դուք եք այս երկրի տերն ու ժառանգորդը…

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն  Ս. Ա. Առաքելյան