Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

b

 Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, ուսանողների տոնը, երբ ևս մեկ անգամ շեշտվում է երիտասարդների և հատկապես ուսանողների՝ հասարակության շարժիչ ուժ լինելու, նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Սիրով շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ անսահման երջանկություն, մեծ հաջողություններ ուսման մեջ, կյանքում, ձեր բոլոր ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր հասարակությանն ու երկրին, ձեր երիտասարդական ավյունն ու անսպառ եռանդն արդյունավետ իրացնելու կամք և նպատակասլացություն