Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է

Green Photo Graduation Announcement (Facebook Post) (1080 x 788 px)

 Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ քաջ գիտակցելով, որ դու՛ք՝  երիտասարդներդ եք իսկապես հասարակության շարժիչ ուժն ու մեր երկրի ապագան կերտողը:

Մաղթում ենք ձեզ նշանակալի ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և ձեր բոլոր նախաձեռնություններում, անկոտրում ոգի և նպատակասլացություն՝ ձեր գիտելիքներն ու կարողությունները մեր երկրի զորացմանն ու առաջընթացին լիարժեք ծառայեցնելու գործում:  

Տոնի նախապատմությունը

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

 Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: