Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության հնարավորությունները՝ աշակերտների ուշադրության կենտրոնում

IMG_1320

 2019թ. ապրիլի 16-ին և 17-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանը հանդիպումներ ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի և Իջևանի վարժարանի 10-12-րդ դասարանների աշակերտների հետ:

Իջևանի ավագ դպրոցի հանդիպմանը ներկա էր նույն ամբիոնի դասախոս Դավիթ Մարգարյանը: Համալսարանականները ներկայացրին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը և դրա ընձեռած հնարավորությունները:

Տիկին Մարդանյանը նշեց, որ այս մասնագիտության լավագույն ուսանողները հնարավորություն ունեն 3-4-րդ կուրսերում մեկնելու Ֆրանսիա, 21 օր տևողությամբ պրակտիկա անցնելու Իջևանի քույր քաղաք Վալանսի «Մաեստրիս» բարձրագույն դպրոցում, ծանոթանալու Փարիզին, Լիոնին, Մարսելին: Ներկայացվեց, որ Ֆրանսահայ բարերար Պոլետ Կուտանի հիմնադրած բարեգործական հիմնադրամը հոգում է նշված մասնագիտության 2-4-րդ կուրսերի վճարովի համակարգով սովորող ուսանողների ուսման վճարը:

Ի տարբերություն այլ բուհերի և այլ մասնագիտությունների՝ ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները 1-ին կուրսից հավասարապես ուսումնասիրում են նաև անգլերեն և ավարտելով դառնում են և՛ ֆրանսերենի, և՛ անգլերենի մասնագետ:

Վերջում Ա.Մարդանյանն անդրադարձավ նաև այլ մասնագիտությունների, որոնց դեպքում ֆրանսերենը ընդունելության քննություն է կամ կարևորվող առարկա («Ֆինանսներ», «Զբոսաշրջություն») և հավելեց, որ օտար լեզվի իմացությունը մեծ հնարավորություններ է ընձեռում ցանկացած ոլորտում: