Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

16 երկրից 215 մասնակից՝ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովում

1. գլխավոր

 

 2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առկա և առցանց ձևաչափով իրականացրեց «Սոցիալմանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին մասնակցեցին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ՝ 62 համալսարանի 215 ներկայացուցիչներ 16 երկրից (Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վրաստան, Իրաք, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Լեհաստան, Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆինլանդիա):

Միջազգային համաժողովի լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովի նպատակն էր ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը, կազմկոմիտեի նախագահի տեղակալ, նախագծի հեղինակ, ԲԳՌԱ պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը: Միջազգային գործընկերներից ողջույնի խոսք ասացին Տ Ն Բոկովան (մ.գ.դ., ՌՀԸ պրոֆեսոր, ՏԳՏ պրոֆեսոր, ՄՔՄՀ Օտար լեզուների ինստիտուտի փոխտնօրեն, Մոսկվա, Ռուսաստան), Ա. Ա. Եվտյուգինան (մ.գ.դ., պրոֆեսոր, Ռուսաց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, ՌԴ պետական պրոֆեսիոնալ-մանկավարժական համալսարան, Եկատերինբուրգ, Ռուսաստան), Տ. Վ. Կուպրինան (մ.գ.թ., Ուրալի՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան դաշնային համալսարանի օտար լեզուների և թարգմանչության ամբիոնի դոցենտ, Եկատերինբուրգ, Ռուսաստան), Ն. Ա Բոժենկովան (բ.գ.դ., ԴՊԲԲԿՈՒՀ, Ա․ Ս․ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետի ընդհանուր և ռուս լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, Մոսկվա, Ռուսաստան), Ա. Գ. Բերմուսը (մ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿ ՊԴԻԿՀ (ФГАОУ ВО) մանկավարժական գիտությունների և կրթության ամբիոնի վարիչ, Հարավային դաշնային համալսարան, Դոնի Ռոստով, Ռուսաստան), Է Կ Շարիպովան (ՌԲԱ ակադեմիկոս, փ.գ.դ., Օշի ՊՀ միջազգային կրթական ծրագրերի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Օշ, Ղրղզստան), Ն Ա Շերմուհամեդովան (փ.գ.դ., պրոֆեսոր, Փիլիսոփայության և հոգևորության հիմունքների ամբիոնի վարիչ, Միրզո Ուլիթբաևի անվան Ուզբեկստանի ազգային համալսարան, Տաշքենդ, Ուզբեկստան), Վ. Վ. Բույլովը (փիլիսոփայության դոկտոր, Փիլիսոփայության ֆակուլտետի հումանիտար գիտությունների բաժանմունքի ռուսաց լեզվի և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, Արևելյան Ֆինլանդիայի համալսարան, Հելսինկի, Յոենսուու, Ֆինլանդիա):

Տիկին Ս.Մինասյանը մասնավորապես նշեց, որ այսօր կրթությունը պետք է զարգացնի առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ երիտասարդական լաբորատորիաների, քննարկումների հարթակների մոդելների ստեղծում և մշակում, ուսուցիչների գործնական վերապատրաստման համակարգի ձևավորում, մշակութային և հումանիտար ոլորտում գործընկերության և համագործակցության մոդելի ձևավորում և տեխնոլոգիաների նախագծում: Մասնակիցների հոդվածներն ապացույցն են այն բանի, որ եկել է կրթադաստիարակչական ծրագրեր քննարկելու, կոնկրետ խնդիրների ու հարցերի շուրջ գիտական բաց քննարկումներ նախաձեռնելու ժամանակը: Համաժողովների ընթացքում ստեղծելով քննարկումների հարթակներ՝ մենք հնարավորություն ենք տալիս առաջին հերթին հաղթահարել սոցիալական և գիտական մեկուսացումը: Քննարկման ոլորտը նպատակաուղղված է հումանիտար գիտությունների բնագավառում ճշգրիտ գիտությունների հետ մեկտեղ նոր մոտեցումներ, մոդելներ, հետազոտական տեխնոլոգիաներ գտնելուն, համատեղ և ինքնատիպ կրթական նախագծեր մշակելուն: Համաժողովի քննարկման հարթակը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչն է այսօր արդիական կրթության մեջ և ինչպես հասնել ակնկալվող նպատակին (Ս.Մինասյանի ողջույնի խոսքը տե՛ս այստեղ):

Միջազգային համաժողովում ներկայացված աշխատանքները վերաբերում էին մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման ներկա և ապագա միտումներին, նորարարական սկզբունքներին, մոտեցումներին և տեխնոլոգիաներին, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաներին, լեզվի, գրականության և մշակույթի դերին, լեզուների և մշակույթների դասավանդման մեթոդիկային, ռուսերենի՝ որպես օտար լեզվի միջմշակութային կրթության հիմք լինելուն, կրթական ծրագրերի նախագծմանը, միջմշակութային հաղորդակցությանը և թարգմանությանը:

Համաժողովի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպման և իրականացման համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում միջազգային գիտագործնական համաժողովի բոլոր կազմակերպիչներին և առանձնապես պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին, մասնակիցներին և մոդերատոր-համակարգողներին՝ ուսանողների աշխատանքը մեկնաբանելու, մեթոդական ցուցումներ տալու և մասնակիցների հետազոտությունները գնահատելու համար:

Մասնակիցները ստացան հավաստագրեր:

ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում կարող եք տեսնել համաժողովի ծրագիրը, հոդվածների ժողովածուն (որը ներառում է 215 հոդված) և կազմկոմիտեն (որում ընդգրկված են 13 պրոֆեսորներ՝ տարբեր երկրներից):

Մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: