Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ  

1. գլխավոր

 2022թ. հունիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էր Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Նախքան նիստը սկսելը մասնակիցները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ լուսահոգի Արամ Սիմոնյանի հիշատակը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցեր:

Հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը: Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ գիտխորհրդի հաստատմանը ներկայացվող նոր խմբագրությամբ վերոնշյալ կարգը ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից վերանայվել և ենթարկվել է որոշակի փոփոխությունների՝ ելնելով անհրաժեշտությունից: Վերանայման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի գիտական խորհրդի՝ 2022թ. մայիսի 26-ի նիստով հաստատված «Երևանի պետական համալսարանի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ը:

Քվեարկությամբ հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպման կանոնակարգը (նոր խմբագրությամբ): Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը զեկուցեց, որ վերանայման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի գիտական խորհրդի՝ 2022թ. մայիսի 26-ի նիստով հաստատված «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմա­կերպ­ման կանոնակարգ»-ը: Իրականացված փոփոխությունները վերաբերում են ստորաբաժանումների անուններին և զբաղեցված հաստիքներին, որոնք առկա չեն կամ այլ կերպ են կոչվում մասնաճյուղում, ավելացվել են որոշ դրույթներ, օրինակ՝ 21-րդ կետը, որը հիմնականում նույն ուսումնական տարում ընթացիկ ու վերահանձնվող ուսումնական պրակ­­տիկաների միաժամանակյա անցկացումն արգելելու մասին է, 24-30-րդ կետերը, որոնք վերաբերում են պրակտիկայի առցանց եղանակով անցկացմանը և այլն:

Բավարար գնահատվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության՝ 2021-2022 ուստարվա գործունեությունը: ՈՒԳԸ նախագահ ԱԹիրաբյանը ներկայացրեց, որ  հաշվետու ժամանակաշրջանում ՈՒԳԸ-ն իրականացրել է 31 գիտական, կրթական, մշակութային ծրագրեր և միջոցառումներ, մասնավորապես՝ 9 դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝ «Word, Excel, Power Point ծրագրերի ուսուցում», «Հետազոտական աշխատանք գրելու նորմերը», «С++-ի հիմունքներ», «Խոսակցական արտահայտություններ», «Վարվեցողության կանոններ», «Էթիկայի դասընթաց», «Ինքնազարգացում և առաջնորդություն» և այլն, 3 սեմինար-քննարկում, 1 կինոդիտում-քննարկում, 2 գիտաճանաչողական այց դեպի «Ինժեներական քաղաք» և Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, 1 էսսեների մրցույթ, 3 գրքի քննարկում, 3 բանախոսություն, 1 ինտելեկտուալ խաղ, 3 ուսուցողական-ճանաչողական միջոցառում, 1-ական խորհրդատվություն՝ «ԷՀՄ», «Դիսկրետ մաթեմատիկա» և «Մաթեմատիկական անալիզ» առարկաների քննությունների նախապատրաստման համար: 2021-22 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացվել է նաև Բանավեճի ներբուհական առաջնությունը:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն սերտ համագործակցությունները շարունակել է «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի, Տավուշի մարզային գրադարանի և ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հետ: ԵՊՀ Արևելագիտության ամբիոնի հետ համագործակցությամբ իրականացվել է ադրբեջաների եռամսյա դասընթաց, որը վարել է վերոնշյալ ամբիոնի դասախոս Ամալյա Պետրոսյանը: Դասընթացին մասնակցել է շուրջ 20 ուսանող:

2-րդ կիսամյակում շուրջ մեկ ամիս իրականացվել է «Գիտական շաբաթ» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Հոդված գրելու արվեստը», «Հետազոտական աշխատանք գրելու հմտությունները», «Դիպլոմային աշխատանք գրելու չափանիշները»: Բանախոսություններով հանդես են եկել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է «Բացահայտենք մեր գրադարանը» VOL 2 խորագրով ծրագիրը, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գրադարանում առկա գրականությանը, կատարել գրքերի վերադասավորում և այս մշակույթը տարածել ուսանողների շրջանում: Ծրագրին ընթացել է մեկ ամիս, մասնակցել է 17 ուսանող:

Գիտխորհրդի անդամների կողմից դիտարկում արվեց, որ ՈՒԳԸ գործունեության վերաբերյալ հաջորդ հաշվետվության մեջ առանձակի շեշտվեն գիտական բնույթ ունեցող միջոցառումները, ընդ որում՝ ոչ միայն ՈՒԳԸ կողմից կազմակերպվողները, այլև առհասարակ այն բոլոր գիտաժողովները, որոնց ՈՒԳԸ աջակցությամբ մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. առկա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում (հաստատված ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 10.06.2017 թ. թիվ 24 նիստում) փոփոխությունը:

Հաստատվեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական համակազմին ներկայացվող պահանջները: Զեկուցող՝ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ ՆԳրիգորյանը ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1-ին նպատակի 1.4.8. «Ներդնել դասա­խո­սական, ուսումնաօժանդակ և վարչական  համակազ­մերի աշխատանքի արդյունա­վե­տության գնահատ­ման նոր համակարգ» խնդրի իրականացման հանձնառությունից ելնելով՝ ԿԲԴՎ բաժինը մշակել է պրոֆեսորադասախոսական համակազմին ներկայացվող պահանջներ:

Ն.Գրիգորյանը նշեց, որ պրոֆեսորադասախոսական համակազմին  ներկայացվող պահանջների ձևակերպումը, հստակեցումը անհրաժեշտ է նաև կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից, առավել ևս, որ դա նաև ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման կարևորագույն չափորոշիչներից է: Զեկուցողը հիշեցման կարգով նաև նշեց, որ բուհը, ինստիտուցիոնալ հավատարմագրման 5-րդ չափանիշի (Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ) բ չափորոշչի  համաձայն, յուրաքանչյուր կրթական ծրագրի համար պետք է ունենա պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ:

Քվեարկությամբ հաստատվեց նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառավարման գործընթացներում ուսանողների և դասախոսների մասնակցությունը երաշխավորող քաղաքականությունը:  Հարցի մասին զեկուցող ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ ներկայացված նախագիծը նախապես ուղարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի անդամներին, որոնցից մի քանիսը՝ մասնավորապես Մ.Ճաղարյանը, Ա.Մարգարյանը, Լ.Բեգինյանը և Լ.Թումանյանը, ներկայացրել են իրենց առաջարկները: Այնուհետև զեկուցողը ներկայացրեց քաղաքականության նպատակը՝ երաշխավորել մասնաճյուղի ուսանողների և դասախոսների մասնակցությունը ԵՊՀ ԻՄ-ի կառավարման գործընթացներում, հնարավորություն տալ նրանց մասնակցելու իրենց առնչվող որոշումների կայացմանը, մեծացնել ուսանողների և դասախոսների բավարարվածությունը կառավարման գործընթացներին իրենց մասնակցությունից: Անդրադարձ կատարվեց քաղաքականության խնդիրներին, դրա իրականացումից մասնաճյուղի սպասելիքներին, նշվեցին այն կառույցները, որոնցում պետք է նախատեսվի ներքին շահակիցների մասնակցությունը:

Ներկայացվեցին կառավարման գործընթացներին ուսանողների և դասախոսների մասնակցությունը երաշխավորող կարգերին և ընթացակարգերին ներկայացվող պահանջները, ԵՊՀ ԻՄ-ի կառավարման գործընթացներին ուսանողների և դասախոսների ծանոթացման և նախապատրաստման համակարգը, դրանցում նրանց իրավասությունների ապահովումը, կառավարման գործընթացներին իրենց մասնակցությունից ուսանողների և դասախոսների բավարարվածության ուսումնասիրությունը, մասնակցության մեխանիզմների բարելավումը: