Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության ընդլայնման շուրջ

2017-2018 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության, առկա խնդիրների ու ներուժի և առաջիկա ծրագրերի ու անելիքների վերաբերյալ փոքրիկ հարցազրույց ունեցանք մասնաճյուղի միջազգային կապերի բաժնի վարիչ, հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Գևորգ Մելքոնյանի հետ.

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի միջազգային համագործակցության ընդլայնման շուրջ

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ հիմնական խնդիրներ ու գործառույթներ ունի ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը:

-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի և մեր բաժնի նկատմամաբ ցուցաբերած հետաքրքության համար: ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժնի հիմնական խնդիրներն են արտասահմանյան (այդ թվում՝ ԱՊՀ երկրների) առաջատար բուհերի հետ համագործակցության զարգացումը, միջազգային գիտական ծրագրերին բուհի ուսանողների և գիտամանկավարժական կազմի մասնակցության խթանումը, սփյուռքահայ բարերարների, գիտնականների և շրջանավարտների հետ  կապերի հաստատումը, հայկական համայնքների հետ համագործակցության ընդլայնումը, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի մշակումը և իրականացումը, դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը: Մեր բաժնի հիմնական գործառույթներն են արտերկրի բուհերի գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի բանակցային գործընթացների կազմակերպումը, միջազգային համագործակցության պայմանագրերի, նամակների, գրությունների նախագծերի պատրաստումը, ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների և անհատ դասախոսների արտասահմանյան գործուղումների կազմակերպումը և վերահսկումը, բաժնի իրավասություններին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրումը, հայտարարությունների կազմումը, թարգմանությունը և այլն:

-Այս խնդիրներից ու գործառույթներից ելնելով՝ ինչպե՞ս կգնահատեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջազգային համագործակցության ներուժը:

 -Պետք է նշեմ, որ ներկայումս ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսկան անձակազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների բարձր պատրաստվածությունը մեզ հնարավորություն է ընձեռնում  ընդգրկվել միջազգային տարբեր կրթական ծրագրերում և դրամաշնորհներում: Իսկապես ԵՊՀ ԻՄ-ն ունի մեծ գիտական պոտենցիալ մասնակցելու միջազգային բավականին լուրջ ծրագերին, և մեր բաժնի խնդիրն է կազմակերպել  համապատասխան փաստաթղթային և այլ կազմակերպչական խնդիրները՝ նմանատիպ ծրագերին մեր մասնակցությունն ապահովելու նպատակով: Այժմ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում:

-Կցանկանայի՝ համառոտ ներկայացնեք, թե որ երկրների համալսարանների ու կազմակերպությունների հետ եք արդեն ձեռք բերել միջազգային համագործակցության պայմանավորվածություն և ինչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Մենք ակտիվ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ գիտությունների ակադեմիայի հումանիտար համալսարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Երևանում գործող գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ինչպես նաև գերմանական կողմի հետ:

Նախատեսում ենք առաջիկայում ԵՊՀ ԻՄ-ում բացել լինգոֆոնային լսարաններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեր ուսանողներին կատարելագործել օտար լեզուների իմացությունը: Բավականին լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի մեր մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և հատկապես երիտասարդ գիտնականները հնարավորություն ունենան մասնակցելու  միջազգային տարբեր  գիտաժողովներին:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: