Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ». Ավետիք Իսահակյան

            Իսահակյանի նկարը

 Սիրով ձեզ ենք ներկայացնում հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1936-ից) Ավետիք Իսահակյանի իմաստուն մտքերից, արվեստի մասին ասույթներից. 

  1. Սիրով չափեցեք, թո՛ղ այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս:
  2. Ինչ ստեղծվում է աշխարհի վրա, սիրուց է՝ երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ:
  3. Կյանքը շոշափելի երազ է, երազը անշոշափելի կյանք:
  4. Երազը մեր չխոստովանած, անկեղծ ցանկությունների հայելին է:
  5. Քո ամենամռայլ, ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
  6. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
  7. Աշխատանք, սեր, ընկերություն, ողջախոհություն – սրանք միջոցներ են ապրելու համար:
  8. Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ:
  9. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու է անհնարը՝ անհնար:
  10. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:
  11. Ժողովրդի սրտի մեջ շատ բան կա, որոնեցեք և կգտնեք:
  12. Միտքը մեռցնում է զգացմունքը: Զգացմունքը մեռցնում է միտքը, բայց երբեմն երկուսն եղբայրացած իրար հետ տիեզերքն են գրկում:
  13. Հայտնագործությունները երազանքների 9-րդ ալիքն են:
  14. Հոգեբանություն չունեցող ուսուցիչը անզեն որսորդի նման է:
  15. Պետք է միայն սիրել, խորանալ, տեսնել, զգալև նյութը արվեստի վերածել:
  16. Ամեն բան անցնում է իմ սրտի միջով՝ աշխարհը, բոլոր իրերը, հարցերը, դեպքերը, ես անտարբեր չեմ կարող կանգնել աշխարհի առաջ անարձագանք, անանդրադարձ:
  17. Մի՛ լինիր կյանքում մեծ ծանրություն, աշխատիր լինել ծանր մեծություն:
  18. Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:
  19. Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:
  20. Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
  21. Ականջի մեկը բարեկամին են տալիս, մեկը թշնամուն:
  22. Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ:
  23. Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար` ոչ մեկը:
  24. Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:
  25. Խղճի վերքերը երբեք չեն սպիանում:
  26. Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:
  27. Եվ ի՞նչ է փառքը. այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն:
  28. Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավանում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:
  29. Հայրենքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան:
  30. Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, բարձրացնում, կռում նրանց կամքը, պահում-պաշտպանում:
  31. Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»։ Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտված է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը:
  32. Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք…
  33. Միժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի:
  34. Ժողովրդական երգերը ժողովրդի հոգու, կյանքի, ապրումների հայելին են:
  35. Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը. ահա՛ արվեստը:
  36. Ասում են, թե արվեստը հայրենիք չունի: Այս ճշմարիտ է, սակայն ամեն հայրենիք իր արվեստն ունի. ամեն մի ժողովուրդ՝ իր սեփական, ուրույն արվեստը:
  37. Ոճ ունեցող ժողովուրդները չեն մեռնում:
  38. Ամեն մի ստեղծագործություն անհատական կնիք ունի. անհատն է, որ մեն-մենակ ստեղծում է, գրում, նկարում, քանդակում, հնարում: Դրա համար էլ երեխա ստեղծելը երկու հայրով չի լինի, այլ մի. երկու հայրով, ինչպես և երկու հեղինակով ստեղծումները վիժում են:
  39. Արվեստի հոգին անկեղծությունն է:
  40. Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մեկնաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե բնությունը:
  41. Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը:
  42. Պատրանք և իրականություն: Արվեստը իրականության պատրանքն է: Օրինակ, Օթելլոն Շեքսպիրի. մենք իլյուզիոնի միջոցով գնում ենք և տեսնում իրականությունը – մարդու հոգին, նախանձ, վրեժ, հուսահատություն, կրքեր:
  43. Բնությունը խորհուրդ է, արվեստը` մեկնիչ, մեկնաբան (արվեստագետը, բանաստեղծը):
  44. Նկարչությունը թանձրացած, նյութացած, մարմնացած բանաստեղծություն է, իսկ բանաստեղծությունը՝ վերացական, ոգիացած նկարչություն:
  45. Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը:
  46. Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ:
  47. Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են:
  48. Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես:
  49. Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել կամ տեսած լինել:
  50. Աստվածների ամենամեծ բարիքը, որ տված է մարդկանց, դա չափի զգացումն է (հին հույները):
  51. Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
  52. Մարդ ամեն բանի մեջ գեղեցիկն է որոնում, և գեղեցիկն է գտնում. ամեն բանի մեջ գեղեցկություն. վերջիվերջո գեղեցիկն է լինելու մեր կրոնը: Գեղեցիկ մարդը, գեղեցիկ կյանք, գեղեցիկ կրոն, գեղեցիկ բարոյականություն, գեղեցիկ հասարակական կազմ…
  53. Եթե մի երևույթ, մի վարմունք գեղեցիկ չէ, նա բարոյական չէ …
  54. Ճշմարտությունը, եթե գեղեցիկ չէ, նա ճշմարտություն չէ, իսկ ինչ որ գեղեցիկ է` նա ճշմարիտ է:
  55. Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկն է ճշմարտության թագը, կատարը: