Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թանգարանների միջազգային օրը մեր ուսանողներն այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ

изображение_viber_2019-05-18_23-34-35

 2019թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ և ՈՒԽ նախաձեռնությամբ իրականացվեց ճանաչողական այց Երևանի մի շարք թանգարաններ:

Մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից 24 ուսանողներ այցելեցին «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, Միջին Արևելքի արվեստի թանգարան, Արվեստի և գրականության թանգարան, Հայաստանի պատմության պետական թանգարան, Հայստանի ազգային պատկերասրահ:

Ուսանողները ծանոթացան արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր ցուցանշումներին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին՝ գործնականորեն ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

Թանգարանների միջազգային օրն ամենամյա տոն է, որը նշվում է մայիսի 18-ին: Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977թ. մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսաստանյան պատվիրակության առաջարկությամբ: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: 1992 թվականից սկսած՝ ամեն տարի Թանգարանային միջազգային օրն ունենում է մի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները:

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի Հայաստանում անցկացվում է 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ:

2019թ. Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում՝ թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին: