Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը շնորհավորում է

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ձեր գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Ինչպես ասում են՝ նոր տարին կանցնի  այնպես, ինչպես դիմավորես: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք, որ այն դիմավորեք ուրախ և երջանիկ` շրջապատված ձեր սիրելի մարդկանցով:

Թո՛ղ Նոր տարում ձեր բոլոր անհաջողությունները  լինեն կարճ ու անցողիկ, ձեր ամեն մի օրը լցվի տարբեր գունեղ իրադարձություններով, ինչպիսին  տոնածառի բազմերանգ խաղալիքներն են:

Սակայն չմոռանաք նաև հանրագումարային քննությունները: Լա՛վ պարապեք, սովորե՛ք, քանզի գիտելիքն է ձեր պայծառ ապագայի երաշխիքը:

Եվ միշտ հիշեք. «Մի բան կա միայն ժամանակին հաղթող` իմաստությունը» (Մ.Պեշիկթաշլյան):

Հաղթե՛ք ժամանակը և եղե՛ք առաջադեմ` լի նորանոր գաղափարներով:

    Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդ

Հանդիպումներ աշակերտների հետ

Նորաստեղծ Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի հաստատված աշխատանքային պլանի համաձայն` դպրոցներում մասնագիտական  կողմնորոշում տալու, ընդունելության կարգի մասին տեղեկացնելու և կրթական ծրագրերի ու մասնագիտությունների մասին տեղեկատվությունը մատչելի դարձնելու նպատակով բաժնի վարիչ Վ.Չոբանյանը 2012թ. հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզի 33 դպրոցների 12-րդ դասարանցիների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրենները և ուսուցիչներ:

 

 Գրեթե բոլոր տնօրեններն իրենց ելույթներում ողջունեցին ԵՊՀ ԻՄ  ղեկավարության կողմից նոր բաժնի ստեղծումը և կարևորեցին բուհ–դպրոց փոխադարձ կապի հաստատումն ու զարգացումը:

 

Հարցեր ուղղեցին նաև աշակերտները` կապված ընդունելության կարգի, կրթական ծրագրերի, մասնագիտությունների առկա և հեռակա համակարգերում սովորելու տարիներին զեղչերի հատկացման, առկա համակարգում փոխատեղման կարգի և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ:

 

Բաժնի վարիչ Վ.Չոբանյանը նշեց, որ առկա և հեռակա համակարգերի դիմորդների հետ ողջ տարվա ընթացքում տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

 

Առաջիկայում բաժինը պատրաստվում է մարզի տարբեր դպրոցներում իրականացնել ակնարկային դասախոսություններ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ–ում անցկացնել դպրոցական  օլիմպիադա:

Պարգևատրվեց մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը

        Ս.թ. դեկտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունն ամփոփեց 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի գործունեությունը:

        ՈՒԳԸ-ի ընդլայնված նիստին ներկա էին ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բազմաթիվ ակտիվ անդամներ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը և ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

            ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեությունը: Այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 19 գիտաժողով, որոնցից 7-ը՝ միջբուհական, 8 օլիմպիադա, 40 արտահամալսարանական միջոցառում, սեմինարներ, ֆիլմի դիտումներ, քննարկումներ և այլ բնույթի ավելի քան 140 միջոցառում:

   Ապա կայացավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Պատվոգրեր հանձնեցին երկու ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կազմակերպած վերջին գիտաժողովների մասնակիցներին, որոնց թվում էին մեր մասնաճյուղի ուսանողներ Մերի Սահակյանը և Սլավիկ Ալավերդյանը:

           Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությանը: Պարգևների արժանացան «գերազանց» և «գերազանց վերապահումով» գնահատականներ ստացած ֆակուլտետների ՈՒԳԸ-ները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել էր 5-րդ տեղը (նախորդ կիսամյակի համեմատ բարելավել է ցուցանիշը երկու տեղով) և արժանացել «գերազանց վերապահումով» գնահատականի: Պարգևն ստացավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

            Պարգևատրվեցին նաև յուրաքանչյուր ՈՒԳԸ-ի մեկական ակտիվ անդամ. մեր մասնաճյուղից պարգևատրվեց «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ադամյանը:

          ՈՒԳԸ-ի նախագահը, Ռ. Մարկոսյանը, Վ. Վարագյանը և Ռ. Քարամյանը շնորհավորեցին բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով գիտական ակտիվության և նորանոր ձեռքբերումների տարի:

Կայացավ նախատոնական հանդիպումը

2012թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի ունեցավ տնօրեն Սամվել Առաքելյանի նախատոնական հանդիպումը մասնաճյուղի աշխատակիցների, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:

Մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց տարեվերջյան հաշվետվություն՝ ամփոփելով այս տարվա գլխավոր ձեռքբերումները:

Նա մասնավորապես նշեց. «2011թ. մենք չունեցանք ընդունելություն, և բնական է, որ ուսանողների թվի կտրուկ պակասումը (մոտավորապես 450 ուսանողով) պետք է բացասաբար անդրադառնար մեր հաստատության հետագա գործունեության վրա: Բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք ունեինք խնայված միջոցներ և կանխատեսել էինք նման վիճակ, կարողացանք 2012 թվականն անցկացնել առանց ցնցումների և կրճատումների: Թվական տվյալները բավականին գոհացուցիչ են մեզ բոլորիս համար, որովհետև աշխատողների 61,2%-ը կազմում է պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այս առումով մենք առաջին եռյակում ենք գտնվում հանրապետությունում»:

Տնօրենը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհ ունի երեք հիմնական գործառույթ՝ կրթական, դաստիարակչական, սոցիալական, և մասնաճյուղի ղեկավարությունը պիտի կարողանա ապահովել այդ գործառույթների իրականացումը, Իջևանը դարձնել համալսարանական քաղաք:

Պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ և ցանկանալով, որ 2013 թվականը լինի որակական լուրջ փոփոխությունների տարի:

Իրենց աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան մասնաճյուղի 10 աշխատակիցներ (Գևորգ Մշեցի Ջավրուշյան, Նաիրա Առուշանյան, Մուշեղ Սարուխանյան, Պավել Ասիլբեկյան, Աիդա Սարհատյան, Սոնա Խաչատրյան, Մարիետա Ճաղարյան, Արփինե Խաչատրյան, Ալվինա Առուստամյան, Համլետ Քոչարյան):

ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից մասնաճյուղի տնօրենը շքանշան հանձնեց Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանին՝ անբասիր, արդյունավետ աշխատանքի և մասնաճյուղում կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Տնօրեն Ս. Առաքելյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանին՝ նշելով, որ մասնաճյուղն իր գոյության ընթացքում այսքան ակտիվ ու գործունյա ուսանողական գիտական ընկերություն դեռևս չէր ունեցել:

ՈՒԽ-ի նախագահ Նաիրի Ճաղարյանը ուսանողության անունից սրտանց շնորհավորեց բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. դեկտեմբերի 27-ին  տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին  խորհրդի 9 անդամները, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի  նախագահները:

Նախ Ա. Ցուցուլյանն ամփոփեց 2012-13 ուստարվա I կիսամյակը՝ ներկայացնելով դասապրոցեսի, ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների, ստուգարքային շրջանի արդյունքները:

Նա նշեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են տնօրենության կողմից հաստատված ժամանակացույցի և ուսումնական կարգի համաձայն:

Զեկուցողը հատուկ ընդգծեց, որ իրականացվել են ուսումնական ծանրաբեռնվածությամբ նախատեսված բոլոր դասաժամերը, կրճատվել են ուսանողների անհարգելի բացակայությունները:

Այնուհետև խորհրդի նախագահը ներկայացրեց  II ընթացիկ քննությունների, ընթացիկ ստուգումների և ստուգարքային շրջանի  առաջադիմությունը:

Միաժամանակ հանձնարարեց  ամբիոններին և դասավանդող դասախոսներին պատշաճ նախապատրաստվել  քննաշրջանին՝ բարձր առաջադիմություն ապահովելու նպատակով ըստ ժամանակացույցի անցկացնել կոնսուլտացիաներ (խորհրդատվություններ), իսկ դեկանատին՝ հետևել կարգապահությանը: