Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի ընկերական հանդիպում

Ս.թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի ընկերական հանդիպում Իջևանի մարզադպրոցի և մասնաճյուղի վոլեյբոլի թիմերի միջև:

Դիտել ցանկացողները կարող են գալ մարզադահլիճ:

Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն 

Մասնաճյուղում ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները

2011 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկված է հավատարմագրման գործընթացում, որի բաղկացուցիչ մասն է կազմում ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ձևաչափի լրացումը:

Մասնաճյուղում եռանդով ընթանում են կրթության որակի ապահովման և բարելավման աշխատանքները, որոնցում, բացի ԿՈԱԳ բաժնի աշխատակիցներից, ներգրավված են նաև ֆակուլտետների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ուսանողներ:

 Ինքնավերլուծության ձևաչափը ենթադրում է ՄՈՒՀ-ի ծավալած բոլոր ոլորտների գործընթացների վերլուծություն, նրանց թույլ և ուժեղ կողմերի բացահայտում, կրթության ոլորտում նոր մոտեցումների ներդրում ու համադրում և պլանավորման երկարաժամկետ ծրագրում, անհրաժեշտ փոփոխությունների իրականացում:

Տնօրենության նիստում

Ս.թ. հունվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները: Նիստը նախագահում էր տնօրեն Ս. Առաքելյանը:

Քննարկվեցին մի  շարք հարցեր, այդ թվում՝ մասնաճյուղի անձնակազմի հաստիքային  ցուցակի վերաբերյալ հարցը:

Նշվեց, որ անհրաժեշտ է հստակեցնել հաստիքացուցակը, որն ընդգրկում է մասնաճյուղի վարչակառավարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի պաշտոնների հրահանգները՝ նրանց իրավունքների ու պարտականությունների ամրագրումով:

Ընթացքի մեջ են նաև դասախոսների պարտականությունների հստակեցման աշխատանքները:

Շարունակվելու է իրենց աշխատանքը հստակ ու բարեխղճորեն կատարող  աշխատողների դրույքաչափը ընդլայնելու գործընթացը:

Նախատեսվում է  այս տարի  մասնաճյուղի  աշխատողների միջին աշխատավարձը բարձրացնել 15%-ով:

23.01.13

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. հունվարի 22-ին  տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին  խորհրդի 9 անդամները՝ դեկան, խորհրդի նախագահ Ա. Ցուցուլյանը,  ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մ.Աթոյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա.Ալավերդյանը, ասիստենտ  Է.Օսիպովան, արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ՈՒԳԸ նախագահ Մ.Մելիքյանը, ՈՒԽ նախագահ  Պ.Ամիրխանյանը:

Խորհրդի նիստում ամփոփվեցին ֆակուլտետի 2012-2013 ուստարվա I  կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ըստ կուրսերի՝ քննարկվեց ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը: Ապա ներկայացվեց 2012-2013 ուստարվա  I կիսամյակի  I լուծարքային շրջանի գրաֆիկը:

Ամբիոններին հանձնարարվեց առարկայական պարտք ունեցող ուսանողների հետ կազմակերպել ամենօրյա լրացուցիչ կոնսուլտացիաներ (խորհրդատվություններ)՝ընդգրկելով նաև կուրսղեկներին:

Մեկնարկել է շարժունակության մասին «Էրազմուս Մունդուս Յանուս» նախագիծը

Մասնաճյուղի գիտական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին հայտնում ենք, որ Հայաստանում մեկնարկել է շարժունակության մասին «Էրազմուս Մունդուս Յանուս» նախագիծը՝ հետևյալ ուղղություններով՝ Յասի (Ռումինիա),  Գրաց (Ավստրիա),  Լիլ 1 (Ֆրանսիա),  Մոնպելիե 2 (Ֆրանսիա), Գռոնինգեն (Նիդեռլանդներ),  Կռակով (Լեհաստան),  Բանսկա Բիստրիցա (Սլովակիա), Գռանդա (Իսպանիա):

Դիմումների ընդունումը կտևի դեկտեմբերի 7-ից մինչև փետրվարի 15-ը: Շարժունակությունը կարող է տևել մեկ ամսից (աշխատակազմի համար) մինչև ուսումնառության ավարտը  (կրթական նոր աստիճանի շնորհումը`ուսանողների և ասպիրանտների համար):

Կրթաթոշակը ներառում է ճանապարհածախսը, մուտքի արտոնագրի վճարը, ապահովագրությունը, կեցությունը,  ինչպես նաև ուսման վարձը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք  http://ianus.uaic.ro/: