Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր նոր՝ 2014 թվական

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Ավետիս, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, իղձերով ու նպատակներով:

 Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ նահապետը հաղթեց Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից: Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:

 Նոր տարվա գլխավոր անձը՝ Ձմեռ պապը, տարբեր երկրներում տարբեր նախատիպեր է ունեցել: Մի երկրում նրանք համարվում են թզուկները, մյուսում` խաղալիքների թափառաշրջիկ վաճառականը: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապը Զմյուռնիայի Հայրապետն է եղել, որին կոչել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ: Իսկ հայկական արձանագրություններում Ձմեռ պապի անունը շատ հաճախ հիշատակվում է իբրև Կաղանդ պապիկ:

 Այս Նոր տարին՝ 2014 թվականը, կապույտ փայտե Ձիու տարի է: Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր, սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի նրա համար առաջնային են անկեղծությունն ու արդարությունը: Ձին գնահատում է ազնվազարմությունն ու պարզությունը,  սիրում է որակ և լակոնիզմ: Նրան գրավում են ընտանեկան ջերմությունն ու հարմարավետությունը:

Տարվա գլխավոր թալիսմաններն են՝ պայտը, ծնծղան, ձին:

Թո՛ղ այս Նոր տարին լինի նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, նպատակների իրականացման տարի, խաղաղության, երջանկության, բարեկեցության տարի:

Թո՛ղ Կապույտ փայտե Ձին բոլորիս երջանկություն պարգևի:

Ամանորյա միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

2013թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական  գիտությունների ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամանորյա գեղեցիկ միջոցառում:

Միջոցառմանը հրավիրված էր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ դեկան Ա.Ցուցուլյանի գլխավորությամբ:

Ֆակուլտետի տոնական զարդարված միջանցքը վերածվել էր ուրախ պարահրապարակի:

Ուսանողները ներկայացրին բեմականացված տոնական ծրագիր՝ կենդանի երաժշտությամբ, ասմունքով, երգով ու պարով:

Բոլոր կուրսերը հանդես եկան յուրովի. հումորով ներկայացրին իրենց և իրենց ընկերներին, ցուցադրեցին իրենց տաղանդը, ստեղծագործական միտքն ու գեղարվեստական բարձր ճաշակը:

Միջոցառումն իրենց ներկայությամբ աշխուժացրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Ա.Ցուցուլյանը միջոցառման ավարտին շնորհավորեց ներկաների ու մասնաճյուղի բոլոր ուսանողների և աշխատակիցների Նոր տարին, մաղթեց նորանոր նվաճումներ, ձեռռքբերումներ և մշտապես ուղեկցող հաջողություն ու երջանկություն:

Ամփոփելով 2013 թվականը

2013թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որը վարում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Ներկա էին մասնաճյուղի գիտական խորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, աշխատակիցներ, ուսանողներ:

Քննարկվեցին մի շարք հարցեր: Տնօրենը ներկայացրեց 2012-2013 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ամփոփելով տարվա հիմնական  ձեռքբերումներն ու բացթողումները:

Դրական ձեռքբերումներից հատկանշական է փորձնական հավատարմագրման գործընթացում մասնաճյուղին տրված բարձր գնահատականը, կրթության որակի բարձրացման ուղղությամբ բաց դասերի գաղափարի արդյունավետ իրագործումը, առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելության ցուցանիշը:

Ս.Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթեց հաջողություններ, ընդգծեց, որ գալիք տարին մասնաճյուղի համար պիտի լինի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և գիտական առաջընթացի տարի:

«Ինչպես պատրաստել արդյունավետ պրեզենտացիաներ»

2013թ. դեկտեմբերի 26-ին  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խորհրդակցությունների դահլիճում կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ինչպես պատրաստել արդյունավետ պրեզենտացիաներ» թեմայով թրեյնինգ, որին մասնակցում էին տարբեր ամբիոնների դասախոսներ: Այն վարում էր Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Ա. Խաչատրյանը:

Թրեյնինգն  իրականացվեց  պրեզենտացիայի ուղեկցությամբ, ներկայացվեցին կարճատև դասախոսություններ, մասնակիցները  կատարեցին անհատական և խմբային աշխատանքներ, դիտեցին տեսանյութեր, ներկայացրին իրենց փորձը:

Քննարկվեցին, թե ինչ է պրեզենտացիան, որոնք են նրա տիպերը, պատրաստման փուլերը, ինչ չափանիշների պետք է բավարարի արդյունավետ պրեզենտացիան:

Թրեյնինգի նպատակն էր  համակարգել պրեզենտացիաներ պատրաստելու  վերաբերյալ մասնակիցների գիտելիքները, ձևավորել և զարգացնել արդյունավետ պրեզենտացներ կազմելու հմտություններ,  ապահովել փորձի փոխանակում տարբեր բնագավառների մասնագետների միջև:

Ուսումնագիտական զեկուցումներ «Սոցիալական մանկավարժության ժամանակակից հարացույցեր» թեմայով

2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:

Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:

Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ: