Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Տավուշ» գրքի շնորհանդեսը

2014թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ ներկայացուցիչներ` «Տավուշ» գրքի համահեղինակները` Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Լիլյա Վարդանյանը, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մկրտչյանը, պատմ. գիտ. թեկն., դոցենտ, ավագ գիտաշխատող Միհրան Գալստյանը, պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, ավագ գիտաշխատող Թամարա Զաքարյանը և պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող Ռուբեն Օհանջանյանը:

Այցելության նպատակը նոր հրատարակված «Տավուշ: Սոցիալ-մշակութային գործընթացներ» (Ավանդույթ և արդիականություն) գրքի շնորհանդեսն էր:

Աշխատությունը նվիրված է Տավուշի մարզի սոցիալ-մշակութային գործընթացների քննախույզ վերլուծություններին: Այն նախատեսված է էթնոսոցիոլոգների, ազգագրագետների, պատմաբանների, հումանիտար գիտությունների այլ բնագավառների մասնագետների, ուսանողների, ընթերցող հասարակության համար:

«Տավուշ» գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, գրքի համահեղինակներ պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուբեն Օհանջանյանը:

«Մեզ համար միշտ խնդիր է եղել սոցիալական պատմության մասին նյութերի սակավությունը, այս գիրքը հենց այդ խնդիրն է լուծում. այն հիանալի աղբյուր կլինի պատմաբանների համար»,- մասնավորապես նշեց պարոն Օհանջանյանը` շնորհակալություն հայտնելով առաջին հերթին ուսանողներին, որոնք մասնակցություն են ունեցել գրքի ստեղծման աշխատանքներին:

Արժևորման խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը` ընդգծելով գրքի գիտական և ճանաչողական նշանակությունը, կարևորությունը ուսումնական գործընթացում:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց համաձայնության հուշագիր

2014թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ` ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Ռոբերտ Թոխմախյանը, Նվեր Սարգսյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Հենրիետա Սուքիասյանը, Ամալյա Խաչատրյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Գայանե Մխիթարյանը, Անահիտ Աբրահամյանը, Գայանե Գևորգյանը, Սիլվա Պապիկյանը, Գարիկ Մկրտչյանը և ուրիշներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև համաձայնության հուշագրի կնքումն էր:

Նախ պարոն Կատվալյանի գլխավորությամբ ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, համատեղ իրականացվելիք ծրագրերը, ապա կնքվեց համաձայնության հուշագիրը:

Հուշագրում կարևորվում են գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, հայոց լեզվի ուսումնասիրման, ուսուցման և անաղարտության պահպանման, ՀՀ գիտակրթական ոլորտի առաջընթացի խնդիրները:

Համաձայնության հուշագիրը ենթադրում է Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավարության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարբերաբար ու համատեղ մի շարք միջոցառումների իրականացում` մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, ուսանողական պրակտիկաներ, խորհրդատվություն, հրապարակային դասախոսություններ, Տավուշի մարզում խոսակցական լեզվի և բարբառային հայերենի դրսևորումների հետազոտման աշխատանքներ և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի ուսանողության հետ, որի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գ.Մկրտչյանը:

Տնօրենը ընդհանուր գծերով խոսեց կնքված հուշագրի մասին, շնորհակալություն հայտնեց պարոն Կատվալյանին կոնկրետ առաջարկների, համատեղ իրականացվելիք ծրագրերի, նվիրաբերած գրքերի համար:

Պարոն Կատվալյանը իր խոսքում կարևորեց մայրենի լեզվի ուսուցման, անաղարտության պահպանման, այս տարածաշրջանի բարբառների ուսումնասիրման հարցերը. «Մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալու մեր ինքնատիպ դեմքով, իսկ դա երևում է առաջին հերթին մեր լեզվում. պետք է պահպանենք այն, ծավալենք լուսավորչական աշխատանք, սկիզբը դնենք ազգային ինքնագիտակցության զարթոնքի, հանդիպումներ ունենանք երիտասարդության հետ, ուսումնասիրենք այս տարածքի բարբառները, որոնք տարիների ընթացքում փոփոխվում, զարգանում են»:

Հանդիպումից հետո Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները միջազգային կոնֆերանսում

2014թ. հոկտեմբերի 3-4-ը Վրաստանի Ցխալտուբո քաղաքում տեղի ունեցավ անգլերեն լեզու դասավանդողների հարավկովկասյան տարածաշրջանային միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էին Ուկրաինայի և Վրաստանի ԱՄՆ դեսպանատները:

Կոնֆերանսին մասնակցում էին անգլերեն լեզվի մասնագետներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից և Մոլդովայից:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի, Ֆրանսիական համալսարանի և անգլերեն լեզու դասավանդողների հայկական ասոցիացիայի մասնագետները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից միջազգային կոնֆերանսին մասնակցում էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Պամելա Ուոտքինսը և Էմմա Թեմրազյանը:

Նրանք ներկայացրին «Գրավոր անգլերենի ուսուցման ռազմավարությունը» թեմայով զեկուցումը, որն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ /ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

 

Սլովակիայի կառավարությունը ազգային կրթաթոշակային ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է ուսանողներին, ինչպես նաև գիտաշխատողներին և դասախոսներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, հայտարարել է դիմումների ընդունում` 2014-2015 ուսումնական տարվա համար: 

Դիմումաձևերը, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել www.scholarships.sk կայքէջում:

2014-2015 ուստարվա համար առցանց դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հոկտեմբերի 31-ը:

2014-2015 ուստարվա ամառային կիսամյակի համար դիմումներն ընդունվում են մինչև 2015թ. ապրիլի 30-ը: 

Աղբյուրը` www.edu.am

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2014թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը աշակերտներին կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Տնօրենը ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունները, ընդհանուր գծերով վերհանեց նրանց առանձնահատկություննները, ապա տեղեկացրեց, որ 2015 թվականից ԵՊՀ ԻՄ-ում կգործի նոր՝ «Հոգեբանություն» մասնագիտությունը:

Տնօրենը նշեց, որ մասնաճյուղը կարևորում է տարածաշրջանում արվեստների զարգացումը, և այդ նպատակով սույն թվականի հոկտեմբերի 15-ից մասնաճյուղում կգործի խմբակ, որի նպատակը կլինի օժտված և տաղանդավոր աշակերտներին նախապատրաստել «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության համար:

Նշվեց, որ մինչև նոյեմբերի 1-ը պարապմունքները համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն անվճար:

Վերջում դպրոցի տնօրենը գոհունակություն հայտնեց մասնաճյուղի նման նախաձեռնության համար և նշեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: