Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կյանքից հեռացավ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը

Խոր վշտով հայտնում ենք, որ 88-րդ տարում կյանքից հեռացավ բազմավաստակ և ականավոր պատմաբան, մանկավարժ, պետական, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը:
 
Կյանքից հեռացավ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1962թ.՝ ԽՄԿԿ կենտկոմի հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (Մոսկվա):

Հայկոմկուսի մարմիններում և գիտական հիմնարկներում վարել է զանազան պաշտոններ: 1962թ. պաշտպանել է թեկնածուական, 1969թ.՝ դոկտորական ատենախոսություններ: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1996թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ: 1977-90թթ. Հ. Սիմոնյանը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի՝ կուսակցության պատմության ինստիտուտի տնօրեն, 1993-94թթ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-93թթ.՝ սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահ, 1994-2006թթ.՝ Ակադեմիայի նախագահի խորհրդական:

Հրաչիկ Սիմոնյանն եղել է Հայկոմկուսի կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

1964թ.-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Հանրապետության այլ բուհերում: 1999-2003թթ. ղեկավարել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը: 2008թ.-ից ղեկավարում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:

Ակադեմիկոս Հ. Սիմոնյանը հեղինակել է երեք տասնյակ արժեքավոր մենագրություններ, ավելի քան չորս հարյուր գիտական հոդվածներ, որոնք հրատարակվել են Հայաստանում և ԱՄՆ-ի, Հունաստանի, Ճապոնիայի, Իրանի, Լիբանանի և արտասահմանյան այլ հեղինակավոր հրատարակչություններում ու ամսագրերում, որոնցում արծարծվում են ոչ միայն հայագիտության պատմական և արդի հիմնախնդիրները, այլ նաև հասարակության զարգացման հիմքերի, օրինաչափությունների տեսական-փիլիսոփայական ընկալումները:

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ: Զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Հունաստանում, Լիբանանում և այլուր: Չնայած իր տարիքին՝ Հ. Սիմոնյանն օժտված էր արտասովոր աշխատունակությամբ, երիտասարդական ավյունով և գիտական պրպտումների մեծ ձգտումով:

Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել Արցախյան շարժմանը: Հ. Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» հնգահատոր մենագրությունն արժանացել է 2013թ. ՀՀ պետական մրցանակի:

Ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը բացառիկ ունակություններով օժտված անհատականություն էր, մտավորականի բարձր տիպար, պարզ, անկեղծ ու բարյացակամ:

Հասարակությունը կորցրեց իր լավագույն մտավորականին, ազգային նվիրյալ գործչին: Ցավակցում ենք Հրաչիկ Սիմոնյանի հարազատներին՝ նրանց մաղթելով համբերություն:

Հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ հունվարի 31-ին՝ ժամը 17.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը կկայանա երկուշաբթի՝ փետրվարի 1-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքից:

Աղբյուրը՝ http://ysu.am/news

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանների սուրբ հիշատակին

2016թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանների սուրբ հիշատակին

Փա՛ռք ու պատիվ գիտակցված մահով անմահություն նվաճած մեր քաջ մարտիկներին, մեր բոլոր արծիվ-տղաներին, հայոց զինվորներին, ովքեր գիշեր-ցերեկ արթմնի հսկում են մեր հայրենիքի սահմաննները, սրբորեն պաշտպանում հայրենի հողը թշնամական ոտնձգություններից, հողի ազնիվ մշակին ոսոխի գնդակից, պահպանում երկրի խաղաղությունը, մանկան արդար քունն ու մեծի անդորրը…

Ձեր սուրբ գործի առջև խոնարհվելն ու երախտագիտություն հայտնելն այն նվազագույնն է, որ պարտավոր է անել յուրաքանչյուր հայ մարդ:

2015-2016 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

2016թ. հունվարի 8-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան առկա ուսուցման համակարգի 2015-2016 ուստարվա I կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

Ամփոփելով քննությունների արդյունքները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը փաստեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցների, դասախոսները և ուսանողները քննություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ, և խախտումներ չեն նկատվել:

Նա նշեց, որ առկա ուսուցման համակարգում սովորում են 666 ուսանողներ, այդ թվում` անվճար ուսուցմամբ 155 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ՝ 511:

2015-2016 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

2015-2016 ուստարվա I կիսամյակում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 75.1%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 98%, վճարովի`68%:

Անբավարար գնահատականներ են ստացել 175 ուսանողներ (74%), որից անվճար ուսուցմամբ 3  ուսանող,   վճարովի` 172:

Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (82.4%), իսկ ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետը (70%):

Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 93 ուսանողներ, այդ թվում` 19 անվճար և 74 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 70% , այդ թվում` 100% անվճար, 61%  վճարովի ուսուցման համակարգերում:

2015-2016 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Տնտեսագիտության  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 158 ուսանողներ, այդ թվում` 39 անվճար և 119 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 72% , այդ թվում` 98% անվճար, 63%  վճարովի ուսուցման համակարգերում:

2015-2016 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 327 ուսանողներ, այդ թվում` 77 անվճար և 250 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 82.4% , այդ թվում` 99.2% անվճար, 77%  վճարովի ուսուցման համակարգերում:

2015-2016 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 88 ուսանողներ`20 անվճար և 68 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում` 95% անվճար, 71%  վճարովի ուսուցման համակարգերում:

ended-the-i-semester-exams-2015-16-1

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք ...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում են ՀՀ ՊՆ Իջևանի № զորամասի հրամանատարի տեղակալ Հենրիկ Գարուշի Սահակյանին՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին ՀՀ նախագահի հրամանագրով  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: