2016թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը, ուսուցիչներ, մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նախ ողջունեց աշակերտներին, շնորհավորեց ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, համոզմունք արտահայտեց, որ նրանք անկախությունը կերտած սերնդի սուրբ գործի շարունակողն ու արժանի հետնորդն են լինելու, շնորհակալություն հայտնեց ավագ դպրոցի ղեկավարությանը՝ համալսարանի հետ սերտ համագործակցելու համար:
Այնուհետև տնօրենը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, կատարված փոփոխությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկությունններին, աշխատաշուկայում ունեցած պահանջարկին:
2017թ. մասնագիտությունների հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում. «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.) քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:
Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:
Հաշվի առնելով մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած պահանջարկի վերաբերյալ՝ ավելացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:
Հատկանշվեցին 2016-2017 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված փոփոխությունները («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով անցնում են ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:
Վերջում դպրոցի տնօրենն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ղեկավարությանը ջերմ ընդունելության համար, և նշվեց, որ երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական: