Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

2017թ. հոկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը, որը նախաձեռնել էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ուսանողները (Հրանտ Ղարագյոզյան, Սարգիս Խաչատրյան, Դիանա Բաբլումյան, Հասմիկ Քարտաշյան, Արևիկ Այդինյան, Արփինե Վերանյան, Սոնա Հակոբյան):

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Քննարկման հատուկ հյուրն էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանը, հրավիրված էին մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:

Նախ ուսանողները հանդես եկան բացման խոսքով՝ ներկայացնելով քննարկման նպատակն ու շարժառիթը: «Իր շրջապատողներին յուրաքանչյուր մարդու տված ամենամեծ պարգևը հաջողության սեփական օրինակն է», – նշեցին նրանք՝ ակնկալելով պարոն Մովսեսյանից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Քննարկման հատուկ հյուրին տրվեցին այսպիսի հարցեր.

  • Ունե՞ք հաջողության հասնելու Ձեր սեփական բանաձևը:
  • Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում կյանքում առաջ շարժվելու և եղել է ինչ-որ մեկը, ով Ձեզ ոգեշնչել է հաջողությունների հասնելու համար:
  • Ո՞րն է Ձեր գլխավոր առաքելությունը կյանքում:
  • Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակական կարծիքին, արդյո՞ք ճիշտ եք համարում հրաժարվել ինչ-որ մտքերից կամ նպատակներից, որոնք չեն ընդունվի հասարակության կողմից:
  • Ինչպե՞ս եք ընդունում ձեր հասցեին ուղղված քննադատությունները:
  • Սրտի՞ն թե՞ մտքին պետք է հետևել հաջողության ճանապարհին:
  • Համաձա՞յն եք արդյոք, որ հաջողակ տղամարդու կողքին միշտ ուժեղ կին է կանգնած:
  • Ո՞րն է ձեր երիտասարդության ամենամեծ դասը:
  • Ո՞րն է ձեր ամենասիրած ասույթը և կյանքի կարգախոսը:

Առաջադրված հարցերին պարոն Մովսեսյանը տվեց շատ հետաքրքիր և մոտիվացնող պատասխաններ, խոսեց հրեական դաստիարակության առանձնահատկություններից, խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է ազատվել բացասական մտքերից ու կոմպլեքսներից:

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Նա մասնավորապես նշեց, որ մեզնից յուրաքանչյուրին խանգարում է համեստությունն ու անհամբերությունը: Ընդգծվեց, որ համբերատար լինելով միայն կարելի է իրագործել բոլոր նպատակները:

Հ.Մովսեսյանը խորհուրդ տվեց լինել ավելի շատ լսողի դերում, քան խոսողի, բերեց բազմաթիվ օրինակներ հայտնի առաջնորդների կյանքի պատմություններից:

Քննարկումն անցավ ջերմ մթնոլորտում, վերջում պարոն Մովսեսյանն իր գոհունակությունն արտահայտեց և հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

Ուսանողները նույնպես շնորհակալություն հայտնեցին իրենց դասախոսին՝ բավականին հետաքրքիր ու բովանդակալից հարցազրույցի համար:

«Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովի մասնակցության հրավեր

«Արդի բանասիրության հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

Հարգելի՛ դասախոսներ, 2017թ. նոյեմբերի վերջին (ժամկետը կհստակեցվի) ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները համատեղ կազմակերպում են «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական հերթական գիտաժողովը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, իսկ թեզիսները կարելի է ուղարկել մինչև նոյեմբերի 15-ը hlpambion@mail.ru հասցեին:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

2017թ. հոկտեմբերի 2-6-ը տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը՝ նվիրված ՈՒԳԸ 70-ամյակին։ Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, նախկին և ներկա ՈՒԳԸ-ականներ, 14 երկրի 350 զեկուցողներ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

Բացման արարողությունը մեկնարկեց Մշակույթի կենտրոնի երգչախմբի կողմից ԵՊՀ հիմնի հնչեցմամբ, որին հաջորդեցին ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանի և պրոռեկտոր Ռ.Մարկոսյանի ելույթները: Մ.Հակոբյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և իր շնորհակալական խոսքը հղեց ԵՊՀ ռեկտորատին՝ գիտաժողովի կայացմանը նպաստելու,  պրոֆեսորադասախոսական կազմին՝ մասնագիտական աջակցության, Մշակույթի կենտրոնին՝ բացման արարողության մշակութային մասն ապահովելու և բոլոր ՈՒԳԸ-ականներին՝ մասնագիտական բաժանմունքներում աշխատանքները կազմակերպելու համար:

ՈՒԳԸ նախագահը հակիրճ ներկայացրեց ՈՒԳԸ-ի՝ որպես ՀՀ ամենահին ուսանողական կառույցի անցած բազմավաստակ յոթանասունամյա ուղին՝ նշելով կառույցի կենտրոնական դերը համալսարանում՝ որպես ուսանողության գիտական մտքի խթանման, զարգացման և իրացման կարևոր հարթակ: 

Բացման արարողությանը հաջորդեցին մասնագիտական բաժանմունքներում աշխատանքները, որոնք ընթացան ակտիվ քննարկումներով։

ԵՊՀ ԻՄ-ից գիտաժողովին մասնակցեցին 1 դասախոս և 2 ուսանող։

Ընդհանուր մաթեմա­տիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Սամվելի Ալավերդյանը ելույթ ունեցավ Մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքում։ Նա ներկայացրեց «Պոպուլյացիայի թվաքանակի փոփոխության Ֆերհյուլստի մաթեմա­տի­կա­կան մոդելը»։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

 

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող  Ալբերտ Մարատի Զուրաբյանը ելույթ ունեցավ Փիլիսոփայության և հոգեբանության բաժանմունքում։ Նա հանդես եկավ «Երա­ժշտաթերապիան՝ որպես աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի միջոց» թեմայով զեկուցմամբ։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

 

«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նառա Մարտիկի Մնացականյանը Աշխարհագրության և երկրաբանության բաժանմունքում ներկայացրեց «Կադաստրային համակարգի ներդրման անհրաժեշտությունը զբոսաշրջու­թյան զարգացման գործում» թեմայով զեկուցում։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային գիտաժողովի

Բոլոր զեկուցողներին տրվեցին մասնակցության վկայականներ։

 

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է  Կիրառական արվեստի ֆակուլտետի գործավար Արմինե Մելքումյանի ծննդյան հոբելյանը, մաղթում առողջություն, երջանկություն, աշխատանքային ու անձնական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

 

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

2017թ. հոկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Գյումրու տոնին նվիրված՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին:

Հին ու նոր քաղաքի՝ Գյումրու տոնը ցուցահանդես-վաճառքի շրջանակներում համախմբել էր հանրապետության տարբեր մարզերի արվեստագետներին ու արհեստավորներին: 

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին պետական բարձրաստիճան այրեր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:  

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ցուցահանդեսին  մասնակցեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՆՄ անդամներ Ա.Չիբուխչյանն ու Դ.Չիբուխչյանը) և ուսանողներ:

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսում մասնաճյուղին հատկացվել էր առանձին տաղավար, որտեղ հիմնականում ցուցադրվեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կուրսային և ավարտական բազմաժանր (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, մետաքսանկարչություն, հելյունագործություն, մաքրամե, վիտրաժ, կերամիկա, գեղանկար և այլն) աշխատանքների նմուշներ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին ներկայացրին իրենց աշխատանքները, ֆակուլտետում գործող մասնագիտությունները, նրանց հրավիրեցին մասնաճյուղ՝ մոտիկից ծանոթանալու ֆակուլտետի գործունեությանը:

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ֆակուլտետի ՄԿԾ-ի պատասխանատու, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Ա.Չիբուխչյանի խոսքով՝ այցելուները բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների նկատմամբ, ցանկություն հայտնեցին տեսնելու աշխատանքների ստեղծման ընթացքը: