Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսը՝ ուժային եռամարտի աշխարհի 2018թ. առաջնության չեմպիոնը, ջերմ ընդունելության արժանացավ մասնաճյուղում

2018թ. հունիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի տնօրենությունը:

6

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների և մարմնակարթության ամբիոնի դասախոս Նվեր Ղարիբյանի հերթական ծանրակշիռ հաղթանակի՝ ուժային եռամարտի (փաուերլիֆտինգի) աշխարհի 2018թ. առաջնության չեմպիոն դառնալու առիթով:

4

2018թ. մայիսի 17-20-ին ուժային եռամարտի ՀՀ հավաքական թիմը հաջող էր հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում:

10

 

Պաուերլիֆտինգի ՀՀ հավաքական թիմը մրցավայր էր մեկնել 24 մարզիկներով (գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ) և նվաճել 13 մեդալ:

3

Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ դարձան Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային), Վիլյամ Սարոյանը (75 կգ քաշային), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային):

110 կգ քաշային կարգում էլ աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճեց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների և մարմնակարթության ամբիոնի դասախոս Նվեր Ղարիբյանը:

1

Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային) դարձավ առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային)՝ բրոնզե մեդալակիր: 

Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացան Դավիթ Պետրոսյանը (75 կգ քաշային), Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային) արժանացավ արծաթե մեդալի: 

2

Ուժային եռամարտի ՀՀ պատանիների հավաքականի անդամներ Տիգրան Մաթևոսյանը (44 կգ քաշային), Նորիկ Կարապետյանը (60 կգ քաշային), Անդրանիկ Ասատրյանը (82,5 կգ քաշային), Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային) դարձան ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային)՝ արծաթե մեդալակիրներ: 

1

Վետերանների մրցապայքարում չեմպիոններ դարձան Արարատ Շահինյանը (82,5 կգ քաշային), Գևորգ Դավթյանը (110 կգ քաշային), Գագիկ Սարոյանը (125 կգ քաշային), Հովհաննես Յազիչյանը (100 կգ քաշային) և Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), ով սահմանեց աշխարհի նոր ռեկորդ, իսկ 82,5 կգ քաշային Արթուր Ավետիսյանը դարձավ առաջնության արծաթե մեդալակիր (տե՛ս http://www.minsportyouth.am/noroutyounner/hay-ouzhayin-eramartikneri-hajogh-mrcelouy.html):

5

Փառավոր հաղթանակի առթիվ մեր դասախոսին՝ աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր (2016), Եվրոպայի եռակի չեմպիոն (2016, 2017, 2018), աշխարհի չեմպիոն (2018), ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին, շնորհավորանքի, գնահատանքի և երախտիքի խոսքեր ասացին մասնաճյուղի փոխտնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը, միջոցառմանը ներկա համալսարանականները:

9

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից Ա.Վ.Ցուցուլյանը հուշանվեր և դրամական պարգև հանձնեց Ն.Ղարիբյանին՝ նրան մաղթելով  նոր հաղթանակների բերկրանքը ճաշակելու, չեմպիոնական բարձունքները նվաճելու բազում առիթներ՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի սաների մարզիչ):    

7

Ելույթ ունեցավ Ն.Ղարիբյանը, ջերմ ընդունելության, շնորհավորանքների ու գնահատանքի համար շնորհակալություն հայտնեց տնօրենությանը՝ մասնավորապես նշելով. «Այնքա՜ն պատվաբեր է նման ընդունելությունը, նման վերաբերմունքն ու  գնահատականի արժանանալը… Այս ամենն ինձ ավելի է պարտավորեցնում: Մինչև այժմ ես որոշել էի, որ սա մարզական իմ վերջին մրցաշարը կլինի՝ շարունակելով, սակայն, իմ մարզչական գործունեությունը, քանի որ ունեմ լավ սաներ՝ արդեն իսկ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ և սպորտի վարպետներ, բայց սա ևս մեկ անգամ ինձ պարտավորեցրեց, որ ես շարունակեմ իմ մարզական կարիերան… Դարձյալ շնորհակալ եմ ինձ գնահատելու և այս ջերմ վերաբերմունքին արժանացնելու համար…»:

8

Լուսանկարչական աշխատանքների ցուցադրության հրավեր

լուսանկարչական աշխատանքների մրցույթ

 2018թ. հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Մասնաճյուղի՝ 2018թ. շրջանավարտների ձեռքբերումներն ու բացթողումները՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների աչքերով

2018թ. մայիսի 12-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանություններ)՝ 12 մասնագիտության գծով:

8

Ամփոփիչ ատեստավորման գործընթացն իրականացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ներկայացուցիչները, ուսանողներն ու դասախոսները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

2018թ. մայիսի 12-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Ռուբենի Հասրաթյանը:

4

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 5 ուսանող (առկա), որոնցից 2-ը ստացավ «գերազանց», 3-ը` «լավ»:

1

Մայիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական  համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Հայկ Հմայակի Պետրոսյանը:

1

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 36 ուսանող (10-ը՝ առկա, 26-ը՝ հեռակա), որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 17-ը` «լավ»  14-ը` «բավարար»:

14

Հանձնաժողովն ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկել է.

  1. Ավարտական աշխատանքների թեմաների ձևակերպման հարցում մեծացնել մասնագիտական ամբիոնների պատասխանատվությունը:
  2. Վերանայել ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ առարկային, օբյեկտին, վարկածին, նշանակությանը վերաբերող մասով:
  3. Ավարտական աշխատանքներում հիմնավորել հետազոտության մեթոդների և մեթոդիկաների ընտրությունը, դրանց համապատասխանությունը հետազոտության առարկային:

13

Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Էկոլոգիական քիմիա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Վոլոդյայի Առաքելյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 ուսանող (հեռակա), որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 9-ը` «լավ»  5-ը` «բավարար»:

Հանձնաժողովի կարծիքով՝ ավարտական աշխատանքներն ունեին անհրաժեշտ գիտականություն, անդրադառնում էին այնպիսի հիմնախնդիրների, որոնք ժամանակակից իրականության մեջ հրատապ լուծումներ են պահանջում (գլոբալ տաքացում, օզոնային շերտի պահպանություն): Դրվատանքի է արժանացվել այն փաստը, որ մեծ մասամբ ավարտական աշխատանքներում տեսական մասը տրամաբանորեն հիմնավորվել է կոնկրետ հետազոտական արդյունքների վկայակոչմամբ: Խրախուսելի է համարվել այնպիսի թեմաների ուսումնասիրումը, որոնք առավել ակնառու են ՀՀ-ում և հատկապես Տավուշի մարզում (շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներ, քաղցրահամ ջրերի պահպանություն, նոր տնկարկների նախագծում և այլն): Ընդգծվել է, որ անհրաժեշտ է այդուհետ ևս կարևորել աշխատանքների թեմաների արդիականությունը, պրոբլեմատիկան, ինչպես նաև վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և կոնկրետ հետևություններ ու գործնական առաջարկություններ կատարել: Նկատի ունենալով, որ շրջանավարտներին շնորհվում է նաև ուսուցչի որակավորում՝ հանձնաժողովը անհրաժեշտ է համարել, որ ավարտական աշխատանքների թեմաներ առաջադրվեն նաև էկոդաստիարակությունից, անդրադարձ կատարվի Կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բուսատեսակներին:   

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

7

Հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

6

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 ուսանող (17-ը՝ առկա, 7-ը՝ հեռակա), որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 17-ը` «լավ»:

11

Հանձնաժողովի կարծիքով՝ շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և ըմբռնման մակարդակը եղել է լավ, դժվարություններ են նկատել այդ գիտելիքներն ու պատկերացումները կիրառելու դեպքում:

12

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ աշխատանքը ներկայացնելիս առավել մեծ ուշադրություն դարձվի կատարված գործնական վերլուծությանը՝ թռուցիկ  անդրադառնալով աշխատանքի ներածական և տեսական հատվածներին:

Նույն օրը՝ մայիսի 19-ին, կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

4

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,  ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:

3

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 16 ուսանող (11-ը՝ առկա, 5-ը՝ հեռակա), որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 4-ը` «լավ»  8-ը` «բավարար»:

10

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է աշխատանքների թեմատիկայի մեջ ընդգրկել ժամանակակից ուղղությունները, մասնավորապես՝ արհեստական բանականություն, բլոկ-շղթաներ:

15

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման հետ կապված՝ առաջարկվել է ուսումնական ծրագրերում ներառել ՏՏ ոլորտի ժամանակակից ուղղությունները՝ մաթեմատիկական կրթությունը համադրելով կիրառական ոլորտների հետ:

8

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

9

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան  Գևորգի Դևրիկյանը:

8

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 ուսանող (6-ը՝ առկա, 16-ը՝ հեռակա), որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 12-ը` «լավ»  4-ը` «բավարար»:

Հանձնաժողովը լավ է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու, հաղորդակցման կարողությունների և  ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ շրջանավարտները ուսումնառությունը շարունակեն մագիստրատուրայում:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ ընդգրկվեն ժամանակակից թեմաներ, ավելի կարևորվեն ուսանողների ինքնուրույնությունն ու ստեղծագործական մոտեցումները:

Մայիսի 25-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

17

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ թ. Ավետիս Հմայակի  Հարությունյանը:

16

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 31 ուսանող (19-ը՝ առկա, 12-ը՝ հեռակա), որոնցից 16-ը ստացավ «գերազանց», 10-ը` «լավ»  5-ը` «բավարար»:

Հանձնաժողովը բարձր է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման կարողությունների մակարդակը, բավարար՝ իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու կարողությունների մակարդակը, տեսանելի՝ ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

18

Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձվի ուսանողների կրթական որակների բարձրացմանը, ընդլայնվի համալսարանի գիտատեղեկատվական համակարգը:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է թեմատիկայում ավելի շատ ներառել նոր թեմաներ:

Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

4

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

6

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 ուսանող (առկա), որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 10-ը` «լավ»:

7

Հանձնաժողովի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում ուսանողները հիմնականում ցուցաբերում էին թեմայի բավարար իմացություն, վերլուծելու, համապատասխան գրականությունը սինթեզելու պատշաճ մակարդակ: Ցանկալի կլիներ, որ առաջարկված թեմաները լինեին ավելի արդիական և համեմատական բնույթի, ինչն ուսանողներին հնարավորություն կտար ցուցաբերելու ավելի շատ ինքնուրույնություն և ստեղծագործական մոտեցում: Նշվել է, որ գրականության ընտրությունը հիմնականում համապատասխանել է հետազոտության պահանջներին, սակայն երբեմն նորագույն հետազոտությունների ծավալն անբավարար է եղել:

5

Մայիսի 26-ին (առկա) և 27-ին (հեռակա) տեղի ունեցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

1

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Արծրունի Ղալթախչյանը:

2

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 28 ուսանող, որոնցից 11-ը ստացավ «գերազանց», 6-ը` «լավ»  11-ը` «բավարար»:

Հանձնաժողովը լավ է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության, դատողություններ անելու, հաղորդակցման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը,  բավարար է համարել գիտելիքների կիրառման կարողությունների մակարդակը:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված թեմաների նախատեսմանը, դասավանդման գործընթացում տեսական գիտելիքներն ավելի շատ զուգորդել պրակտիկ գիտելիքների հետ: 

3

Մայիսի 27-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 ուսանող (10-ը՝ առկա, 12-ը՝ հեռակա), որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 9-ը` «լավ»  6-ը` «բավարար»:

Հանձնաժողովը բավարար է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, դատողություններ անելու, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը,  լավ է համարել հաղորդակցման կարողությունների մակարդակը:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է դրանցում է՛լ ավելի ուժեղացնել գործնական և հետազոտական բաղադրիչները, բուհի բյուջեով նախատեսել որոշակի գումարներ՝ հետազոտական նպատակով իրականացվող գործուղումների համար, որպես ավարտական աշխատանքների ղեկավարներ և գրախոսներ ավելի շատ ներգրավել գործող մասնագետներին, աշխատանքների թեմատիկայում մեծացնել սերվիսին վերաբերող հարցերը: 

 Մայիսի 30-ին տեղի ունեցան «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

1

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

3

«Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 ուսանող, որոնցից 4-ը ստացավ «գերազանց», 4-ը` «լավ»:

22

«Դիզայն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր  10 ուսանող, որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 3-ը` «լավ»:

15

Հանձնաժողովները լավ են գնահատել  շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և դրանց կիրառման, ինչպես նաև հաղորդակցման կարողությունների մակարդակը:

2

Իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու հարցի կապակցությամբ արտահայտված տեսակետները տարբեր էին. «Կիրառական արվեստ» մասնագիտության շրջանավարտների դեպքում կարծիքը եղել է լավ, մինչդեռ «Դիզայն» մասնագիտության շրջանավարտների դեպքում նկատվել են բացթողումներ:

13

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ընտրել թեմաներ, որոնց միջոցով արտացոլվի իրական կյանքը, պատրաստվեն կենցաղում օգտագործելու համար պիտանի իրեր, մեծ ուշադրություն դարձվի աշխատանքների շրջանակներին:

4

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանության մասին տե՛ս նաև հետևյալ հղումով:

Մայիսի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. մայիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մի քանի ուսանողներ, հրավիրված էին ամբիոնների վարիչներ և կրթական ծրագրերի պատասխանատուներ:

Մայիսի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստում Ս. Ա. Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տնօրենի պաշտոնից իր հրաժարվելու՝ անցած շաբաթ ԵՊՀ-ի ռեկտորին ներկայացված իր հրաժարականի դիմումի մասին:

Պարոն Ս.Առաքելյանը շնորհավորեց պարոն Ա.Ցուցուլյանին՝ մայիսի 24-ից մասնաճյուղի փոխտնօրեն նշանակվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ, համոզմունք արտահայտեց, որ նա կարող և երիտասարդ ուժ է, երկար տարիներ աշխատել է մասնաճյուղում թե՛ որպես դեկան, թե՛ որպես ամբիոնի վարիչ ու դասախոս,  և այն բոլոր խնդիրները, որ կան իր առջև, նա պատվով կիրականացնի, անհրաժեշտության դեպքում կարող է իրեն փոխարինել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

Մայիսի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

Պարոն Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ ովքեր աշխատել և արդյունքներ են գրանցել մասնաճյուղում, կաշխատի նրանց հետ, հույս հայտնեց, որ միասին է՛լ ավելի բարձր արդյունքներ կակնկալեն և կստանան:

Այնուհետև Ս. Ա. Առաքելյանը, խոսելով մասնաճյուղի հիմնադրման, անցած ուղու, կրած դժվարություններով կայացման, ունեցած ձեռքբերումների և բացթողումների մասին, շեշտեց, որ այս համալսարանը իր համար շատ թանկ է, հոգեզավակի պես է, հետաքրքրված է նրա՝ որպես իր զավակի ճակատագրով և միշտ ուրախ ու հպարտ կլինի նրա ամենի մի նոր ձեռքբերումով ու առաջընթացով:

Նա իր երախտագիտությունը հայտնեց մասնաճյուղի հիմնադրման ակունքներում կանգնած և մինչև օրս աշխատող բոլոր մարդկանց՝ հատկապես տիկին Անանյանին, Հ.Կարայանին, Ա.Մակարյանին, Ա.Դավթյանին, նիստի ներկաներին,  բուհի աշխատակիցներին:

Ս. Ա. Առաքելյանը նաև առանձնացրեց մի քանի խնդիր, որոնք լուծելու դեպքում կապահովվի մասնաճյուղի առաջընթացը, մաղթեց հաջողություններ, և որ Աստված բոլորին լինի պահապան:   

 

Անգլերենի ամառային դասընթացների (English Summer Courses) հրավեր

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Հարգելի՛ ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, 2018թ. հուլիսի 2-ից՝ ժամը 9:30-ից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Դեթրոյթից ժամանած անգլերենի դասավանդողների խմբի ու ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպված անգլերենի ամառային դասընթացներին, որոնք կտևեն 3 շաբաթ (երկուշաբթի-ուրբաթ):

Դասընթացների կազմակերպման պատասխանատուներն են ԵՊՀ ԻՄ-ի «ԱԼԳ» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը և դասավանդողների խմբի ղեկավար Բարբարա Հարությունյանը, մեծապես աջակցել են Նարինե Աղասարյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Անգլերենի դասընթացները կվարեն Բարբարա Հարությունյանը, Ալիս Արգնյանը և Զաբել Բելյանը, ովքեր առաջին անգամ չեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. այս դասընթացների շարքը նախորդ տարվա դասընթացների տրամաբանական շարունակությունն է:

Մասնակցելու համար կարող են դիմել ինչպես արդեն որոշ չափով անգլերեն լեզվին տիրապետող, այնպես էլ սկսնակ ուսանողներն ու աշակերտները: Խմբերը կբաշխվեն՝ ըստ անգլերենի իմացության մակարդակի:

Հայտագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հունիսի 16-ը լրացնել հետևյալ հայտը և ուղարկել astghiksimonyan56@gmail.com հասցեին՝ հայտում նշելով հենց այն մակարդակը, որին համապատասխանում են հայտատուի գիտելիքները, որպեսզի դասընթացի վերջում գրանցվի առավելագույն արդյունք:

Անգլերենի միջին և բարձր մակարդակներին տիրապետող ուսանողներին կտրվի IELTS անգլերենի միջազգային թեստի խոսակցական մասին ծանոթանալու և գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:

Դասընթացի ձևաչափին և դասավանդողների տպավորություններին կարելի է ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը: